Creations in Armenian

On the way to glory (in Armenian)

Փառքի ճամփին փորձեցինք

Վերջալույսին, երբ օրվա իրականությունից շիկնած արեգակը մայր էր մտնում, երբ երեկոյի լիրիկան ծածկում էր կիսագունդը, չարաճճի տղան մտադրվել էր վարունգի մի պատկառելի կտոր խցկել պատահական ավտոմեքենայի ծխաձողի մեջ:

Փողոցն անմարդաշատ լինելու պատճառով, վճիռն իրագործելը բավական հարմար էր: Նա կամացուկ մոտոցավ մեքենային,մեջքով հենվեց թափքին, վերնաշապիկի տակից հանեց աշնանային դեղնած, վարունգն ու աննկարագրելի արագությամբ խցկեց ծխաձողի մեջ:

Կատարվածի հաջողությունն ստուգելու նպատակով նա մի քիչ առաջ գնաց, դանդաղորեն շրջվեց, աչքի տակով զննեց ծխաձողն ու ձեւական անտարբերությամբ հեռացավ: Նա հեռացավ այնքան, որքան անհրաժեշտ էր աննկատ մնալու եւ մեքենան հսկողությունից բաց չթողնելու համար:

Թեթեւ քամի բարձրացավ ու չարաճճի տղան մի անգամ էլ պատկերացրեց, թե ինչպես մեքենայի տերը կգա,  անտեղյակª կփորձի գործի գցել շարժիչը եւ տեղի կունենա այն, ինչի մասին նա երկար էր երազել ( դղդղացնող ուժգնությամբ կպայթի խլացուցիչը, կսկսվի իրարանցում): Իրեն կորցրած վարորդը անտեղյակ ու զարմացած կջանա դիպվածը հասկանալ.Մարդիկ կհավաքվեն, կսկսեն քննարկումներն ու նրանցից ամենահետաքրքրասերը հայտնաբերելով սեւացած վարունգի կտորը, զարմացած կբացականչի.

–                Այ քեզ խելոք, այ քեզ չարամտություն, եւ ում մտքով կարող է նման բան անցնել:

Տղան, իհարկե, այնքան հիմար չէ, որ նույն պահին չկարողանա զսպել ուրախությունը: Նա դեռ ժամեր կսպասի, մինչեւ մարդկանց զայրույթն իջնի. օրերª որպեսզի պատահարը դառնա զվարճալի պատմություն եւ միայն այդ ժամանակ նա հպարտությամբ կխոստովանի, թե ով է այդ փայլուն մտահղացման հեղինակը:

Նա նույնիսկ պատկերեցրեց, թե ինչպես տարիներ անց, երբ ինքը արդեն հայր դարձած կլինի, ընկերեկան որեւէ հավաքույթի ժամանակ կպատմի չարաբաստիկ վարունգի պատմությունը ու զավակներին կհիացնի իր հնարամտությամբ:

Մինչ տղան իր երեւակայության հետ էր, քամին սաստկացավ ու փոշին սկսեց խփել փողոցում հատուկենտ երեւացող մարդկանց ճակատին, բայց այն ոչնչով չվշտացրեց նրան: Տղան մանկական անմեղ հայհոյանք նետեց ու շարունակեց համառորեն հետեւել օբյեկտին:

Անուշիկ է այն սպասումը, որը փառքով պիտի պսակվի: Մայրամուտին մի այդպիսի սպասման մեջ են լուսին ու աստղերը… Արեգակն իր տեղը զիջեց մյուս լուսատուներին: Աստղերը հպարտորեն փայլեցին տիեզերքում, լուսինը գոհունակ ժպտաց ամբողջ աշխարհին:

Ցրտեց: Չարաճճի տղան ծնողների համառ պահանջներին տեղի տալով գնաց քնելուª մտքում ըմբոշխնելով վաղն առավոտյան սպասված փառքը վայելելու հաճույքը:

Լուսաբացին, երբ շան հետապնդումից լեղապատառ կատուն հեւասպառ թառեց էլեկտրասյանը, երբ սիրահարների հերթական գիշերն անավարտ մնաց, չարաճճի տղան մուշ- մուշ քնած էր:

Ավտոմոքենայի քնատ տերը եկավ, բացեց դուռն ու փորձեց շարժիչը գործի գցել, սակայն մեքենան խեղդուկ ձայնով փռնչաց ու անջատվեց: Հաջորդ փորձերը նույնիսկ այդ խեղդուկ փռնչոցն էլ չառաջացրին:

Կողքից հետաքրքրվողները պարզեցին, որ ինչ- որ մեկն աննկատ դատարկել էր բաքի բենզինն ու տեղը ամբողջությամբ օճառաջուր լցրել…

 

Related posts

Leave a Comment