Articles/Հոդվածներ

You are worthy of the title “Hero”-(in Armenian)

Դու արժանի ես հերոսի կոչման

Արցախ Բունիաթյանը ծնվել է 1939թ. մարտի 2-ին ԼՂՀ (Արցախ) Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: 1959թ. ընդունվել եւ 1965թ-ին ավարտել է Երեւանի Բժշկական ինստիտուտի վիրաբուժական բաժինը: Գործուղվել է Կելինոգրադի մարզի Ադբասար քաղաք եւ մինչեւ 1968թ. աշխատել է հիվանդանոցում որպես վիրաբույժ: 1968թ-ին աշխատել է Լենինականի (Գյումրիի) երկաթգծի հիվանդանոցում: Նույն թվականի վերջին տեղափոխվել է Աբովյան քաղաք եւ աշխատել մինչեւ 1992 թվականը:

1988-ից Արցախյան շարժման ակտիվ անդամ էր: Նրա բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածները սիրով էր տպագրում մամուլը: Իսկ ազնիվ ու նվիրված աշխատանքի համար Աբովյան քաղաքի եւ Կոտայքի շրջանի ողջ ազգաբնակչությունը Արցախ Բունիաթյանին վերաբերվում է խորագույն հարգանքով: Իսկ 1988-89թթ համազգային հուզումների ժամանակ մարզադաշտում հավաքված Աբովյանի ժողովուրդը նրան շնորհեց Արցախ (նախկին Դալտոն) անունը, որը ինքը կրում է սիրով ու հպարտությամբ:

Երբ վտանգվեց հայրենիքի խաղաղ անդորրը, նա 1992-ի գարնանից մինչեւ 1995-ի ձմեռը աշխատեց շարժական հոսպիտալի կազմում, որպես վիրաբույժ…1997թվականին ԱՄՆ քաղաքացի եւ բարեգործ Չարլզ Դեւիսի ցանկությամբ եւ պահանջով տեղափոխվել է Լաչին (Բերձոր) եւ աշխատում է մինչեւ օրս որպես գլխավոր բժիշկ կենտրոնական հիվանդանոցում, որը սպասարկում է 58 գյուղերի ազգաբնակչությանը: Դեւիսի այս քայլի պատճառըª ինչ խոսք հայրենասեր եւ նվիրյան բժշկի ազնիվ պահվածքն է:

Հարգարժան Արցախ, որդի Արցախա, քեզ Արցախյան պատերազմը հայտնագործեց որպես ազգի զավակ, որպես ռազմաճակատ ինքնակամ մեկնած բժիշկ-հերոսի…

Եւ դու ոչ միայն վիրադանակով փրկում էիր մարտնչող հերոսին, այլեւ կռվում, արտասվում տղամարդու ծանր արցունքներով, երբ անզոր էիր փրկել…Եւ այդ ահավոր ցավի եւ կորուստների մորմոքը քո գրչի տակ դարձավ պատմություն: Դու դարձար մեր նոր հերոսամարտի բժիշկ տարեգիրը ու պատմեցիր ինքդ քեզ, նստած քո հոգու խորանի առաջ…Գրեցիր քո բռնադատված ոգու, երկրի, երկնքի, հողի մասին, որ ՙԱրյունոտ օրեր՚ կոչելով ուղղում ես աշխարհի խղճին: Ամեն մի վիրահատություն միջոց եղավ, որ սրտիդ լույսն ու բարությունը, հավատն ու հույսը խառնեիր նրանց մաքառող արյան կարմիրին: Եւ երբ պիտի փակեիր հոգնատանջ արքերդ կարճ մի պահով հանգիստ առնելու, վերցնում էիր գրիչը նորից ու նորից գրառում, փոխանցում հույսն ու անհանգստությունը թղթին: Եւ որպես մի նոր Եղիշե գրեցիր մի նոր Ավարայրիª Արցախամարտի պատմությունը…Այս օրերին լույս է տեսել չորորդ հատորը, որը դու անվանում ես ՙԱրյան գին՚: Այո, մենք շատ թանկ գին ենք վճարել ազատագրված ամեն կտոր հողի համար, իսկ ամենաթանկ վճարողներից մեկը դու ես, որ քո ասելով 100 տարիդ վաղուց լրացել է, այսինքն ազգիդ ցավը, անարդար պատմությունը ծերացրել է քեզ, իսկ դու այսª 2005-ի գարնան երկրորդ օրըª մարտի երկուսին դարձար ընդամենը 66 տարեկան: Շնորհավոր ծննդյան օրդ  եւ այսուհետ լինես խաղաղ օրերի զինվոր միայն…

Քո ծառայությունների համար ստացած ՙՄխիթար Հերացու՚, ՙՄարտական խաչ 2-րդ աստիճան՚ եւ ՙԳարեգին Նժդեհ՚ պարգեւները արժանի են քեզ:

Դու արժանի ես հերոսի կոչման, քանի որ այդպես ես ապրել եւ շարունակում ես ապրել այսօր:

Ասլիկ Հակոբյան

 

Related posts

Leave a Comment