Creations in Armenian

Massacre couldn’t exterminate loving hearts-(in Armenian)

Կոտորածը չկարողացավ ոչնչացնել սիրող սրտերին 

1915 թվական: Դաժանություն: Վայրագություն: Բարբարոսություն: Գազանություն: Մասսայական ոչնչացում: Անմեղ ժողովրդի կոտորած: Հայերի դեմ բնաջնջման ծրագիր մշակված Թուրքիայի կողմից: Մարդկության ոչնչացում:

Ինչու՞: Ինչի՞ համար:

Կոտորածը խլեց հազարավոր անմեղ մարդկանց կյանք: Պետրոսը այն մարդկանց թվին էր պատկանում, որոնք որբ մնացին այս օրերին: Նրան էլ ոչինչ չէր մնում անել` գաղթել արտասահման: Ապրում էր միայն իր սիրո համար, որին կորցրել էր Ֆրանսիա գնալու ճանապարհին: Չէր կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ բարբարոսները խլել էին իրենից իր սերը: Փաստը սպանում  եւ տանջում էր իրեն եւ շարունակ ողբում էր` գլուխը ափերի մեջ առած: Հազիվ էր համոզում իրեն դիմանալ, գոյատեւել, քայլել եւ գնալ առաջ:

Տարիներ անցան: Եւ քանի որ երդվել էր չամուսնանալ եւ փնտրել իր Աստղիկին, որոշեց որբանոցից մի հայ մանուկ վերցնել, խնամել եւ իր ողջ սերն ու քնքշանքը նվիրել նրան: Այժմ նա ապրում եւ ուրախանում էր նրանով` հուսալով գտնել իր Աստղիկին մի գեղեցիկ օր:

Պետրոսը միշտ պատմություններ էր պատմում նրան իր ազգի, երկրի, եւ նույնիսկ կոտորածի մասին: ՙԹող իմանա ճշմարտությունը՚, – ասում էր Պետրոսը:

Պետրոսի շնորհիվ էր, որ աղջնակը կարդում էր հայերեն, գրում էր հայերեն, նա մտածում էր հայերեն: Պետրոսը հասել էր իր նպատակին: դաստիարակել նրան հայ:

–                          Ինչու՞ չես ամուսնացել, Պետրոս:

–                          Կորցրել եմ Սերս:

–                          Կրկին կոտորածի պատճառո՞վ:

–                          Այո, աղավնյակս: Այսպես կոչված կոտորածի պատճառով էր, որ կորցրի ընտանիքս, սերս, ազգս, երկիրս…

–                          Փոխարենը գտար ինձ, այնպես չէ՞:

Պետրոսը ժպտաց քնքշորեն` առնելով նրան իր գիրկը:

–                          Խոստացիր, հույս իմ, որ կամուսնանաս միայն ազգությամբ հայի հետ:

–                          Խոսք եմ տալիս: Երդվում եմ:

–                          Սիրում եմ քեզ, անուշիկ իմ: Կվերադառնանք Հայաստան մի օր եւ դու կտեսնես քո հայրենիքը, խոստանում եմ:

–                          Իսկ կրթությու՞նս:

–                          Համալսարանն ավարտելուց հետո:

Պետրոսը համբուրեց նրան եւ նա հեռացավ` թողնելով Պետրոսին իր մտքերի ու հուշերի հետ: Հարցերի շարանը, թե որտեղ է նա, արդյոք կենդանի է, կհանդիպի նրան մի օր, գրկի, համբուրի ու գոռա, խեղդում էին նրան առ այսօր: Ամեն չնչին ձայն արթնացնում էր նրան` հիշեցնելով, որ դա երազ է, մի հաճելի երազ:

Համալսարանում Անահիտը ծանոթացավ մի հայ տղայի հետ եւ շուտով նրանք մտերիմ ընկերներ դարձան:

–                          Անահիտ է անունս:

–                          Հայկական անուն ունես, հա՞յ ես:

–                          Այո, ասաց նա:

–                          Ուրախ եմ, – ասաց տղան, – Անունս Պիեռ է: Ես ել եմ հայ:

–                          Այդ դեպքում ինչու՞ չխոսենք հայերեն, – ասաց Անահիտը:

Տղան իջեցրեց գլուխը եւ մեղավոր հայացքով ասաց.

–                          Ես միայն մի քանի բառ գիտեմ, որ լսել եմ իմ մայրիկից: Հայրս Ֆրանսիացի է: Ֆրանսերենը առաջին լեզուն է եղել մեր ընտանիքում, իսկ հայերենը…

–                          Ուզու՞մ ես սովորել հայերեն:

–                          Այո:

–                          Կսովորեցնեմ քեզ:

–                          Ես երախտապարտ կլինեմ Ձեզ, օրիորդ Անահիիտ, – ասաց տղան` ժպտալով եւ ձեռքը սեղմելով:

Օրիորդ Անահիտը սկսեց իր հայերենի դասընթացները Պիեռի հետ: Սովորեցնում էր ոչ միայն լեզուն, այլեւ Հայոց Պատմություն:

Մինչդեռ Պիեռը աստիճանաբար սիրահարվում էր նրան իր դասերին հետեւելու փոխարեն երազում էր, որ նրանց զգացմունքները փոխադարճ լինեն:

Պետրոսի խոսքերը միշտ հնչում էին Անահիտի ականջում. ՙԽոստացիր, որ կամուսնանաս միայն հայ տղայի հետ՚: Աղջիկն այնքան շատ էր ցանկանում, որ Պիեռն իրեն սիրի. մի բան, որ անհավանական էր թվում, մինչդեռ վերջինս խենթանում էր նրա համար եւ կարծում, որ նա երբեք չի սիրի իրեն: ՙՆա այնքան լավ գիտի մեր պատմությունը, սահուն է խոսում հայերեն, նա հայ է, մինչդեռ ես ջանում եմ դառնալ հայ՚, – մտածում էր Պիեռը:

Եւ մի օր հերթական հայերենի դասի ժամանակ Պիեռը հանկարծակի շշնջաց.ՙԱմուսնացիր ինձ հետ՚: Ասելուն պես փոշմանեց. նա ամբողջովին դողում էր, ՙԻսկ եթե նա դադարի դասեր տալը իմ հիմարության պատճառով՚, – մտածեց Պիեռը եւ ներողություն խնդրելով վեր կացավ, որ հեռանա: Անսպասելիորեն Անահիտը կանչեց նրա հետեւիցª Կամուսնանամ:

Գրկախառնվեցին այնպես, ինչպես Պետրոսն ու Աստղիկը կգրկախառնվեին, երբ հանդիպեին մի օր:

Սիրող զույգերն այժմ ծրագրում էին այն երեկոն, որտեղ կհանդիպեին նրանց ծնողները: Պետրոսն այնպես անհամբերությամբ էր սպասում այդ օրվան, նույնը եւ Պիեռի մայրը, որ այնքան անհանգստանում էր երեկոյի համար, մի անբացատրելի բան կար – անհանգստություն:

Բայց ինչու՞: Սրտերը խոսում էին:

Հունվարի 24ն էր: Պետրոսը երկար ժամանակ կանգնած էր հայելու առջեւ. մի բան, որ բնորոշ չէր իրեն ընդհանրապես: Նա այս ու այն կողմ էր գնում` անհանգստանալով, թե ինչու են ուշանում: ՙԿգան հիմա, Հայրիկ, մի անհանգստացիր՚:

Այն պահին, երբ առաջին անգամ նա կանչեց նրան հայրիկ, դուռը զանգեց եւ Պիեռը ներս մտավ: Ողջունեցին միմյանցª ձեռք սեղմելով:

–  Աստղիկ, Ժակ, – ասաց Պիեռը, – ծնողներս են:

–  Աստղի՞կ, Աստղի՞կ, , իմ սեր Աստղի՞կ:

Իր անունն ասելու փոխարեն նա շարունակ կրկնում էր Աստղիկ: Այդ պահին Անահիտն ասաց.

–  Պետրոս, հայրս է:

Ոչ ոք, միայն Անահիտը զգաց պահը` կռահելով, որ Աստղիկը Պետրոսի պատմությունների հերոսուհին է:

Armine Avdalyan-2005

Related posts

Leave a Comment