Articles

Satar Psychological Center

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ  թեպետ Աբովյանն իր բազմազանությամբ կարծես հավաքածու քաղաք լինի, բայց ինչ-որ բան ի մի է բերում, ամբողջացնում այն` իր բոլոր առավելություններով ու թերություններով:  Բավական է հիշել, որ Աբովյանը եղել է արտադրական հզոր քաղաք, որի ստեղծման առաջին իսկ օրերից դրսից քաղաք եկած մարդիկ բերեցին ալտերնատիվ մշակույթ: Հենց այդ զանազանությունը հանգեցրեց մի յուրահատուկ մտածելաոճի, կուլտուրայի բազմազանության, արդյունաբերական լինելուն: Միայն այդպիսի պայմաններում կզարգանային մշակույթն ու սպորտը, հասարակական կյանքն ու քաղաքային յուրօրինակ հոգեբանությունը:

Միգուցե հենց սա էլ ոգևորեց և նպաստեց, որ քաղաքում հիմնվի նաև հոգեբանական կենտրոն, որը բաց է իր կարծիքներում և տեղ է տալիս նոր գաղափարի, գիտելիքի ոչ ավանդական ընկալմանը:

Սատար հոգեբանական կենտրոնը պաշտոնապես գործում է  2010 թվականի հունիսի 1-ից: Այն իրականացնում է հոգեբանական բազմաբնույթ ծառայություններ` սկսած գիտահետազոտական աշխատանքներից մինչև անհատական այցելություններ,  խորհրդատվություններ, հոգեմարզումներ (թրեյնինգներ, սեմինարներ):

Կենտրոնի նպատակն է ոչ միայն աջակցել հոգեբանորեն առողջ մարդու և առողջ հասարակության ձևավորմանը, այլև ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում հոգեբանական գիտության և պրակտիկայի զարգացման, հայկական հոգեբանական դպրոցի կերտման գործում, նոր շունչ հաղորդել մասնագիտական ավանդույթներին:

Իր կարճատև գործունեության ընթացքում կենտրոնը Աբովյանի քաղաքացիների համար կազմակերպել է մի շարք ծանուցողական և ուսուցողական սեմինարներ, թրեյնինգներ: Բացի այդ, համագործակցում է հասարակական կազմակերպությունների և քաղաքի տարբեր հիմնարկների հետ:  Այժմ կենտրոնի մասնագետները Հաջողության գրավականները թեմայով  սեմինարներ են անցկացնում  Աբովյանի ավագ դպրոցի աշակերտների համար: Սատար-ի աջակցությամբ լույս են տեսել կենտրոնի աշխատակիցներից սոցիալ-հոգեբանական բաժնի պատասխանատու Նարինե Աբրահամյան-Թովմասյանի Ընտանեկան երջանկություն գիտահանրամատչելի և գործնական խորհուրդներով հագեցած գիրքը, ինչպես նաև գիտահետազոտական և ուսումնական բաժնի պատասխանատու Գագիկ Պետրոսյանի` 6-11 տարեկան երեխաների համար նախատեսված փազլները` Ճանաչենք հայերենի տառերը և բառերը խորագրով:                 

                 

Այժմ կենտրոնը զբաղվում է կրտսեր տարիքի աշակերտների դասագրքերի ուսումնասիրությամբ և վերջնաարդյունքում առաջարկների և հանձնարարականների պատրաստմամբ:

Մոտ ապագայում նախատեսվում է անցկացնել գիտահետազոտական աշխատանքներ և ուշադրության զարգացման թրեյնինգներ:

Կենտրոնի ստեղծումը ևս մի քայլ է` Աբովյանում հասարակական-սոցիալական, մշակութային, գիտակրթական կյանքն աշխուժացնելու և հարստացնելու համար` հաշվի առնելով, որ Աբովյանում ու հարակից շրջաններում նման կենտրոն չկար, և ամեն ինչ փաստորեն կենտրոնացվում է մայրաքաղաքում: Սա նաև սկզբունքի հարց էր և նապատակ ուներ կոտրել բացասական կարծրատիպը ինչպես հոգեբանական ծառայության, այնպես էլ նման ծառայությունները` որպես մայրաքաղաքային երևույթի ընկալման նկատմամբ,- նշեց կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Հովհաննիսյանը:

Վերջում մնում է միայն նշել, որ  Աբովյանում  կա հոգեբանների լուրջ բանակ` սկսած ուսանողներից մինչև հոգեբանական ոլորտում լուրջ հաջողություններ ունեցող մասնագետներ: Սա նշանակում է, որ Աբովյանը Հայաստանի համար  դեռևս նոր բնագավառում որակ է տալիս: Գուցե հենց այստեղից էլ սկսվի ու հետագայում զարգանա այս բնագավառում ազգային լուրջ դպրոցի կերտման հիմքը:

Related posts

Leave a Comment