Articles/Հոդվածներ

Tatul Krpeyan:National hero of Armenia

Կարոտ… Այս բառը յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում, նայած թե բառն իր համար ինչ բեռ է կրում…Մարկոս պապի պատմությունը հայ ժողովրդի կարոտի պատմությունն է…

Ինչպե՞ս շարունակվեց Հայոց Մեծ Եղեռնից փրկված մարդկանց կյանքը…”Նրանք 1915թ.-ից հետո մազապուրծ անցան Ախուրյան գետը, Արտին(Արտենի) լանջին հայացքի առջև կառուցեցին իրենց նոր տունը, զավակներ ունեցան և նրանց փոխանցեցին իրենց տեսած ու ապրած ճշմարտությունը: ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն այդ ահեղ ճշմարտության հավատավոր զավակն էր: Նա Գետաշենի փրկության սրբազան նպատակին նվիրաբերեց իր կյանքը և իրավունքով իր անունը գրանցեց հայ ազատագրական պայքարի ոսկե փաղանգում… ” (Ռ.Սահակյանի “Արծվապաշտ երկիր”գրքից):

 

Արդեն 20 տարի է անցել այն օրից, երբ Գետաշենի արծիվ Թաթուլ Կրպեյանն իր կյանքը քաջաբար ու անձնվիրաբար զոհաբերեց ազգին, հայրենասիրության այն վեհ գաղափարին, որի կրողն էր ինքը: Այսօր էլ շարունակվում են հիշվել ու փառաբանվել նրա սխրանքները, որոնք անփոխարինելի դասեր են ներկա և ապագա սերունդների համար:  Դրա վառ ապացույցն էր Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցում ապրիլի 23-ին տեղի ունեցած միջոցառումը, որը նվիրված էր Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 46 և 1991թ. ապրիլի 30-ին Օղակ” գործողության ժամանակ հերոսի մահվան 20-ամյա տարելիցին: “Կրպեների կանչը” խորագրով ներկայացման կազմակերպիչներն էին 7-րդ Բ դասարանի Նժդեհիկները և Սուրեն Մնացականյանի անունը կրող դասարանի աշակերտները` պատմության ուսուցչուհի  Արմինե Մելքումյանի ղեկավարությամբ: Ցերեկույթին ներկա էին հերոսի հարազատները` կինը` Իրինա Բարսեղյանը, աղջիկը`Ասպրամ Կրպեյանը, եղբայրները, մարտական ընկերները, լեգենդար Արամոն:   Հյուրերի թվում էին նաև Զինվորհամակարգող խորհրդի նախագահ տիկին Մարգարիտա Խաչատրյանը, Աբովյանի Ուսանողական խորհրդի նախագահ Վեներա Գյուլինյանը, Խաչակիրներջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանը:   Աշակերտները իսկական հայորդուն բնորոշ պաթոսով ներկայացրին հերոսի ապրած կյանքը` մանկությունից մինչև կյանքը հայրենիքին նվիրաբերելու որուշում ընդունելու ու դա քաջաբար իրագործելու պահը: Իհարկե այս ամենին հնարավոր չէր հետևել առանց հուզվելու և ևս մեկ անգամ վերապրելու հայոց պատմության մեջ անջնջելի հետք թողած պատմությունը:

 

Միջոցառման ավարտին իրենց հոգու խոսքն ասացին հյուրերից շատերը, այդ թվում նաև իր խոհերն արտահայտեց հերոսի աղջիկը` Ասպրամ Կրպեյանը. “Երբևիցե այսքան հուզված չեմ եղել, քանի որ իմ ընտանիքի պատմությունը, որն արդեն դարձել է հայ ժողովրդի նոր պատմության անջնջելի էջը, բազմիցս լսել եմ իմ պաշտելի մայրիկի կողմից, բազմիցս փորձել եմ պատկերացնել այն դրվագների տեսքով: Այսօր, այս չքնաղ երեխաների անասելի գեղեցիկ ներկայացման շնորհիվ տեսա այդ դրվագները, որոնք իմ կյանքն ու պատմությունն են: Շատ շնորհակալ եմ, որ այդքան ճիշտ, գրագետ ու անկեղծ ներկայացրիք այն պատմությունը, որի մեջ ապրել, ապրում և պիտի ապրեմ ես…”:

 

Հիրավի, այս և շատ այլ պատմություններով պիտի ապրի յուրաքանչյուր մարդ, ով պատիվ ունի հայ կոչվելու: Գետաշենի արծիվն, իրոք, արծվի նման ապրեց իր կյանքի 26 տարիները, զոհվեց հպարտորեն, վեհանձնորեն և քաջաբար` սերունդներին փոխանցելով և ևս մեկ անգամ ապացուցելով, որ “…Ինչքան էլ քամիներ փչեն, քարի միջի ուժը մնում է:

 

Related posts

Leave a Comment