Snow- Venera in Abovyan

Արդեն մի քանի օր է, ինչ Աբովյան քաղաքում առատ տեղումներ են` ձյան տեսքով: Իհարկե, ձյունն ինքնին հաճելի է, բայց մինչ մեզանից շատերը, տանը նստած,   վայելում էին տեղացող ձյան խոշոր փաթիլների գեղեցկությունը, մեր երկու համաքաղաքացիները` գեղանկարիչ Գոռ Աբրահամյանը և լրագրող, կիթառահար Վանիկ Հակոբյանն այդ նույն ընթացքում օգտվեցին ձյան առատությունից և  մասնագիտական մոտեցում ցուցաբերեցին` կերտելով Միլոսյան Վեներայի արձանը` Աբովյան քաղաքի <Անմար կրակ>-ի մոտ:

 Արձանի պատրաստումն իրականացվել է գիշերը և տևել է մոտ երկու ժամ: Ձյունե Վեներան ունի 2 մետր բարձրություն և շատ նման է բնօրինակին: Գոռ Աբրահամյանը նշեց, որ հիմնականում աշխատել են ձեռքերով` օգտագործելով նաև փայտ և գրիչ, իսկ Վանիկ Հակոբյանն ասաց, որ սա իրենց առաջին փորձն էր, և  հատուկ պլանավորված որևէ բան չկար: Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս ծնվեց  Միլոսյան Վեներայի ձյունե արձանը կերտելու գաղափարը, հեղինակներն անկեղծ հումորով պատասխանեցին. <Գիշերվա այդ պահին մտքներովս ուրիշ բան չանցավ. հո ձմեռ պապի չէ՞ինք սարքելու, որոշեցինք Վեներայի արձանը կերտել>:


Հ.Գ. Առաջիկա և հետագա ձմեռների ընթացքում ևս հաճելի կլինի մեր քաղաքում տեսնել  նմանատիպ բազմաբնույթ և  հետաքրքիր  ձյունե կերտվածքներ:

Leave a Reply