A horse can become a member of parliament until its master is an emperor

Ձին կդառնա պատգամավոր, քանի դեռ նրա տերը կայսրն է

Մաշտոցի այգու ցուցարարները, Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանի կարծիքով, նման են այն փոքրիկ բույսերին, որ գարնանը հավաքում են իրենց բոլոր ուժերը և ճեղքում են երևանյան ասֆալտը:

Սա քաղաքացիական հասարակության նոր մշակույթ է,- լրագրողներին ասաց Չուգասզյանը,- ոստիկանության մի ամբողջ բանակ է նետվում այդ շարժումը լռեցնելու համար. սա ապացուցում է, որ այդ երիտասարդները ուժ ունեն:

Չնայած ասֆալտը ճեղքած ծիլերը ի սկզբանե ծառերի կյանքի համար էին պայքարում, բայց, Չուգասզյանի կարծիքով, մենք այսօր ականտես ենք ոչ զուտ բնապահպանական պայքարի: Մաշտոցի այգում օրերով շարունակվող նստացույցը նա կարևորեց մեկ այլ դիտանկյունից:

Ձևավորվեց քաղաքացիական հարաբերություների նոր հարթակ, որում չի գործում ախպերական-գողական օրենքը, գործում է հարգանքը օրենքի և իրար նկատմամբ, ամենակարևորը` մենք տեսնում ենք ազատագրված անհատին, որը վերադառնում է իր օտարված վիճակից,- ասում է Չուգասզյանը:

Երեկ Աբովյան 3 հասցեում գտնվող շինության վրա նետված ականը, Չուգասզյանի կարծիքով, վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված օլիգարխիական մշակույթի զոհ դարձած, օտարված անհատի գործողություն էր: Երբ մարդը իրեն այդքան օտարված է զգում թե հասարակությունից, թե քաղաքից, դիմում է ծայրահեղ քայլերի,- ասում է նա:

Մաշտոցի այգում ձևավորված քաղաքացիական ամբիոնը օտարված քաղաքացու պոտենցիալ ծայրահեղ քայլերը վերածեց գիտակցված գործողությունների ու քաղաքացիական նոր մշակույթի` կարծում է Չուգասզյանը:

Նա հաճախ է լսել, թե Մաշտոցի այգու նստացույցը ընդամենը մի քանի տասնյակ մարդկանց նախաձեռնություն է և հետևաբար` անհույս պայքար. Բայց ամեն մի նախաձեռնություն սկսվում է կամավորների փոքր խմբից: Այդ կամավորների վճռականությունն է բեկում մտցնում հասարակության անկայուն շրջաններում, և գնալով ավելի շատ քաղաքացիներ են գիտակցում ճգնաժամային իրավիճակը:

Ազգային ժողովի պատգամավորական ընտրությունները, Չուգասզյանի կարծիքով, չեն փոխելու այդ ժգնաժամային իրավիճակը: ԱԺ ընտրացուցակների հրապարակումը և Մաշտոցի այգում ծավալված նստացույցը, ըստ նրա, բացահայտում են մեր իրականության մեջ իրարից զատորոշվող երկու տարբեր մշակույթներ. եթե դրանցից մեկը ձևավորում են այգու համար պայքարող պայծառ դեմքերով երիտասարդները, ապա մյուս մշակույթը խտացող խավարն է` ի դեմս պատգամավորական գալիք ընտրությունների:

Հեռուստատեսությունը փակել է մարդկանց տեսադաշտը, ժողովուրդը չի գիտակցում, որ այստեղ ընտրություններ չկան, կազինոյում կազինոյին հնարավոր չէ հաղթել, Սարդարապատ շարժումը սա ընտրություններ չի համարում,- ասում է Չուգասզյանը: Նրա կարծիքով` կրկնվում է հռոմեացի կայսր Կալիգուլայի հայտնի պատմությունը, երբ նա իր ձիուն բերել էր սենատ` սենատոր դարձնելու նպատակով: Ձին կդառնա պատգամավոր, քանի դեռ դրա տերը կայսր Կալիգուլան է: Սակայն Չուգսազյանի կարծիքով` այս իրականությունը շուտով կփոխվի. պետք է պարզապես պահպանել և զարգացնել Մաշտոցի այգում ձևավորված սաղմնային երևույթը:

Leave a Reply