Instead of changing faces Armenia needs a new solutions

Հայաստանին պետք է ոչ թե դեմքերի փոփոխություն, այլ նոր լուծումներ

“Առաջին լրատվական”-ի զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր-պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը:

– Երկուշաբթի օրվանից Հայաստանը մտնում էնախընտրական քարոզարշավի շրջան, բայց դրաննախորդած շրջանն էլ պակաս նախընտրական շրջան չէր: Ձեր գնահատմամբ, այս ամբողջ ընթացքում, երբանընդհատ խոսվում էր ընտրությունների մասին, նոր ուայլ որակի Ազգային ժողով ձևավորելու նպատակներիմասին, արդյոք կա՞ն նախադրյալներ, որ այս Ազգայինժողովն այլ է լինելու ու որակապես նորն է լինելու:


– Անհասկանալի է, թե ինչ է նշանակում նոր Ազգային ժողով: Գաղափարախոսություն չկա՝ ահա սրա վակուումը կա մեզանում, ժողովուրդը ոչ թե դեմքերի փոփոխությունների է սպասում, այլ ուղու փոփոխության, քանզի դեմքերի փոփոխությունը ոչինչ չի կարող տալ, եթե այդ նոր դեմքերը նոր գաղափարախոսություն չեն բերում, եթե նրանք չեն տեսնում և չեն առաջարկում ծառացած ծանր խնդիրների լուծման միակ ուղին:

– Իսկ այս ընտրություններով մենք մեր առջև ուղուփոփոխություն դնո՞ւմ ենք, թե՞ սրանք հերթական,շարքային ընտրություններ են:

– Իրականում սա հերթական, շարքային ընտրություն է, քանի որ անգամ եթե դեմքերը փոխվեն, չեն փոխվում Ազգային ժողովի գործառույթները, նույն ԱԺ-ն է, ինչ տարբերություն` ով է նստած նիստերի դահլիճում կոճակներ սեղմում: Գաղափարախոսությունը, ի վերջո, չի փոխվում:

 


– Իսկ մեզ ի՞նչ գաղափարախոսություն է պետք:

– Կարծում եմ, որ մենք կարիք ունենք մի գաղափարախոսության, որը կտա հստակ պատասխան այն հարցին, թե Հայաստանն ինչպես է գոյատևելու, ինչպես է շարժվելու առաջ, ինչպես է հաղթահարելու ծառացած մարտահրավերները: Մենք հայտնվել ենք շատ լուրջ խնդիրների առջև՝ ամբողջ տարածաշրջանն է կանգնած փոփոխությունների առջև: Մենք մինչև այսօր անընդհատ խոսում ենք անձերի և առանձին դեպքերի մասին, մինչդեռ մեր շուրջ փոխվում է ամեն ինչ՝ պատմական դարաշրջանն է փոխվում, և հարց է առաջանում, թե Հայաստանը դեպի առաջ ինչպես է գնալու և ինչ կողմնորոշում է ունենալու: Օրինակ` Սաակաշվիլին ասում է, թե Ռուսաստանին Վրաստանը պետք է ճորտի կարգավիճակով ու հայտարարում, որ Վրաստանն այլևս երբեք ճորտ չի լինելու: Սա շատ հավակնոտ կուրս է և խոսուն գաղափարախոսություն, անկախ երկրի գաղափարախոսություն, գաղութային լուծը թոթափած երկրի գաղափարախոսություն: Այդ հպարտ գաղափարախոսությունն է ընկած Վրաստանի քաղաքական հաջողությունների հիմքում:

– Իսկ Հայաստանը նման բան չի ասում` ներքաշվելով Ռուսաստանի նորանոր արկածների մեջ և ավելի խորացնելով իր ծանր վիճակը:

– Մենք հայտնի պատճառներով չենք կարողանում խոսել արժանապատվության լեզվով Ռուսաստանի հետ: Սակայն իրավիճակը արագ է փոխվում. Իրանը դարձել է թիրախ, իսկ Ռուսաստանի  վերադարձը կայսերական ուղեծիր մերժվում է քաղաքակիրթ աշխարհի կողմից: Ի՞նչ է անելու Հայաստանը շահերի սրման պահին: Այս ընտրարշավում ընդգրկված ուժերը պարտավոր են պատասխանելու այդ հարցին, ասֆալտ են գցում և պարարտանյութ բաժանում: Չեն պատասխանում նաև այն հարցին, թե ի՞նչն է խանգարում մեզ խոսել արժանապատվության լեզվով երկրի ներսում` գաղութային անցյա՞լը, եղե՞ռնը, թե՞ հավասար չլինելու համոզմունքը, թե՞ վախը: Հնարավոր է արժանապատվության պակասը և ժամանակակից աշխարհի խաղի կանոններին  չտիրապետելը: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները կկողմնորոշեն հայ ընտրողին: Քաղաքական ուժերը պարտավոր են նաև պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է անել արժանապետության լեզվին տիրապետելու համար:

– Տիկին Հարությունյան, քաղաքական որոշ ուժեր նշում են, թե մայիսի 6-ի ընտրությունները կարևոր եննրանով, որ սա լինելու է նախագահական ընտրություն, և այս ընտրությունների արդյունքներն են կանխորոշելու 2013-ի նախագահական ընտրությունները: Դուք համաձա՞յն եք այս գնահատականի հետ:

– Համաձայն չեմ: Հայաստանը նախագահական երկիր է. նման տեսակետ Մոլդովայում կարելի էր հայտնել, բայց ոչ Հայաստանում, քանզի մեզանում ԱԺ-ն չի որոշում, թե ով է լինելու երկրի նախագահը: Այլ հարց է, որ այս ընտրությունները վերջին հետախուզական  մարտն են նախագահական ընտրություններից առաջ, դրանք ցույց կտան, թե որ ուժը կշահի ժողովրդի վստահությունը, և այդ ուժի լիդերն էլ մեծ վստահություն կունենա, որ նախագահականում կընտրվի, բայց վերջին հաշվով այս ընտրությունները չեն ցույց տալու նախագահական ընտրությունների ելքը:

– Արդեն տևական ժամանակ է՝ իշխանությունները հայտարարում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են նոր որակի և անցնելու են օրինականության շրջանակներում:

– Իշխանություններն ուրիշ ելք չունեն, նրանք պարտավոր են այդպես հայտարարել, քանզի նրանցից դա պահանջվել է ու հետևողականորեն պահանջվում է:

 

– Բայց նույն այդ իշխանությունները հայտարարում էին, թե ԱԺ-ում մականունավորներ և գործարարներչեն լինելու, բայց երբ նայում ենք իշխանական ցուցակը, ապա տեսնում ենք, որ իր այդհայտարարությունն ի կատար չի ածել իշխանությունը, և ցուցակում կան թե՛ մականունավորներ, թե՛գործարարներ: Այդ ամենը հաշվի առնելով՝ ժողովուրդն ինչպե՞ս կարող է հավատալ արդարընտրություններ անցկացնելու խոստումներին:

– Ժողովուրդը սիրում է պարզունակ լուծումներ և հավատում է, որ առանց էլիտայի հասունացման՝ կարելի է արդյունք ստանալ: Եթե գործարարներն այնքան չեն հասունացել, որ իրենց լոբբիստներին ուղարկեն ԱԺ, այլ իրենք են ուզում կոճակ սեղմել, ապա այդ խնդիրն անլուծելի է, և իշխանությունը չի կարող նրանց արգելել մասնակցել ընտրություններին, որովհետև վերջին հաշվով ընտրությունները պայքար է, և տնտեսական էլիտան, որը սովորել է ապրել իշխանությունը չարաշահելու հաշվին, չի հրաժարվի կոճակ սեղմելուց: Այնպես որ, կարծում եմ, որ չնայած իշխանությունների խոստումներին, նրանք չեն կարողացել համոզել իրենց տնտեսական էլիտային: Իշխանությունը չի կարող ազատվել կոճակ սեղմելու ցանկություն ունեցող գործարարներից, նրանք սովորել են և՛ տնտեսական, և՛ քաղաքական իշխանությունը իրենց ձեռքում պահել:

Ես չեմ հավատում արհեստական  գործընթացներին, իսկ ֆինանսական և քաղաքական իշխանության միաձուլման գործընթացը իրականում շատ խորն է ու բարդ, ու եթե տնտեսական էլիտան այդպես է սովորել ապրել, ապա մենք նրան չենք կարող խանգարել այս անգամ ևս: Բացի այդ՝ Հայաստանը սովորել է ոչ լեգիտիմ ընտրությունների, իսկ Եվրոպայի պահանջը կատարելու համար պետք է փոխվի ամբողջ ժողովուրդը, պետք է փոխվեն քաղաքական էլիտայի սովորությունները, պետք է փոխվի քաղաքական ուժերի գործառման մեխանիզմը: Ես դեմ եմ պատրանքների սերմանմանը, դեմ եմ, որ մենք ակնկալենք շատ պարզ լուծումներ, որովհետև մեզանում այսօր պարզ լուծումներ չկան, բոլոր լուծումները բարդ են: Եթե մենք ուզում ենք, որ գործարարները չգնան խորհրդարան, ապա պետք է վերացնենք կոռուպցիան: Եթե մենք ուզում ենք, որ գործարարն ԱԺ իր փոխարեն ուղարկի իր լոբբիստին, ապա պետք է փոխենք տնտեսակարգը, իսկ քանի դեռ տնտեսակարգը փոխված չէ, գործարարը կշարունակի ամեն գնով մտնել խորհրդարան: Նա կգնի բոլորին՝ այդ հրամայականն իրականացնելու  համար: Հայաստանում արդեն պարզ լուծումներ գոյություն չունեն, ու երբ Եվրոպան իշխանություններից խոստումներ է պահանջում, նա շատ լավ գիտի, որ իշխանությունները այդ խոստումը կատարել չեն կարող: Ուրեմն, խոստումներն   անհրաժեշտ են Հայաստանի իշխանություններին  ճնշված, կախյալ վիճակում պահելու համար: Եվրոպան շատ լավ գիտի, որ Հայաստանը իմիտացիոն  ժողովրդավարության երկիր է, որ գործարարն էլի գնալու է խորհրդարան, բայց Եվրոպային պետք է, որ վաղը իշխանություններին մեղադրելու հնարավորություն ունենա ասելով՝ տես չկատարեցիր  խոստումդ:  Այլ կերպ չի կարող լինել, քանզի Ղարաբաղի խնդիր կա լուծելու, կողմնորոշման խնդիր կա, Եվրոպան պետք է իրավունք ունենա Հայաստանին հարցնելու՝  դու եվրոպակա՞ն երկիր ես, թե՞ ոչ: Այս պահին ճիշտը Եվրոպային չգումարվելն է, այս վիճակում ես կուզենայի, որ մենք հասկանանք, որ վիճակը շատ բարդ է, որ եթե մի հարցը լուծված չէ, մյուսն էլ չի լուծվի: Ցանկությունն, իհարկե, ահռելի է, բայց փոփոխության նախադրյալները չկան՝ այստեղ սուբլիմատոր մեխանիզմն է գործում, երբ կա ահռելի ցանկություն և մեծ պարտադրանք, այդ պատճառով էլ իշխանությունն այլ ելք չունի, քան նոր մեխանիզմներ հնարելը, ինչպես օրինակ՝ կաշառք ընտրատարածքից դուրս: Իշխանությունը պարտադրված է լինելու գտնել կեղծելու նոր ձևեր, բայց դրանից կաշառքի առկայությունը չի փոխվում: Այսինքն` մենք ինքներս, որպես այս երկրի քաղաքացիներ, պետք է ուզենանք, որ այդ ամենը տեղի չունենա: Չէի ցանկանա կրկին անգամ համոզվելու կեղծիքների շտեմարանի հարստության և մարդկային ստորության անսպառության մեջ:

– Այսինք, ըստ Ձեզ, նաև ժողովրդից է կախված ընտրությունների արդյունքները:

– Անպայման, հիմնական դերակատարը ժողովուրդն է: Շատ են խոսում ընտրացուցակների մասին, բայց չէ՞ որ միգրանտների  ցուցակները հնարավոր չէ  հրապարակել, այլ բան է, որ ընտրություններից հետո փակցնեն ընտրության մասնակցածների ցուցակը, ու երբ դրանք փակցնեն, մարդիկ կարող են գնալ ու ասել, թե այս մարդը, օրինակ, մահացած է՝ այդ ինչպես է ընտրել: Բայց ո՞վ է գնալու, Դուք հավատո՞ւմ եք, որ ինչ-որ մեկը կգնա:

– Տիկին Հարությունյան, այսօր մի շատ զարմանալի երևույթ կա մեր հասարակության մեջ՝ ընտրություններին կաշառք տալն ու վերցնելը, կարծես թե, սովորական է դարձել, ու ժողովուրդն էլ դա նորմալ է գնահատում:

– Հայաստանում անոմիկ վիճակ է ձևավորվել՝ մենք նորմերից, բարոյականությունից, հեղինակությունից դուրս ենք: Եվ մենք ուզում ենք, որ անոմիկ վիճակում ժողովուրդը նորմալ մտածի: Մեր հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալներում տեսեք, թե ինչն է գովերգվում: Ես հպարտ էի, որ ես հայ եմ և միշտ ուզեցել եմ ցույց տալ բոլորին, որ հայերը հպարտ են, գիտուն ու դաստիարակված, իսկ այդ սերիալները նայելով` սկսում եմ ամաչել, որովհետև այնտեղ հայի զզվելի տեսակը դարձել է սովորական: Եթե մարդիկ փողոցն անցնում են սխալ տեղով և չեն պատժվում, ապա նրանք սովորում են խախտել նորմը և հաջորդ նորմը նրանք ավելի հեշտ են խախտում: Այլ բան դժվար է ակնկալել, եթե այդ սերիալներում ցույց են տալիս, որ նորմ խախտողը բարգավաճում է: Ընտրությունների ժամանակ էլ փող վերցնելն է նորմի խախտում, բայց եթե կարելի է ուրիշ նորմ խախտել և անպատիժ մնալ, ապա այդ  դեպքում ինչու չի կարելի այս մեկ նորմը ևս խախտել:

– Փաստորեն մեր ժողովրդի մոտ նաև անտարբերություն կա այս ամենի նկատմամբ:

– Դա միայն անտարբերություն չէ, այլ նաև երկրի տերը չլինելու փաստը, ժողովուրդը չի սիրում իր երկրի տերը լինել, նա սովորել է ապրել ուրիշի երկրում  և այս իրավիճակի համար մեղավորներ փնտրել: Ես գտնում եմ, որ Հայաստանը կդառնա երկիր միայն այն ժամանակ, երբ մենք դառնանք մեր երկրի տերը ու կարողանանք տեր կանգնել մեր անցյալին, արածին-չարածին: Մենք մի ամբողջ դար է արդեն ապրում ենք անցյալը չմարսած, մենք չկարողացանք Եղեռնը հաղթահարել, չկարողացանք հասնել Եղեռնի ճանաչմանը, մենք մեր անցյալը չենք կարողանում հաղթահարել, բայց նաև դասեր չքաղեցինք մեր անցյալից: Այդ չհասկացված անցյալը բեռնած գնում ենք դեպի ապագա: Սակայն արդեն ոչ միայն անցյալն է չհասկացված, այլ նաև ապագան, քանզի չկա ապագայի տեսլականը, ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան: Լինել-չլինելու հարցը կանգնած է մեր առջև: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պարտավոր են պատասխանել նաև այդ հարցին:

 

– Այսինքն` ունենալով այս վիճակը, մենք էական փոփոխությունների չպետք է սպասենք:

– Մենք սպասում ենք այն հզոր գաղափարախոսությանը, որը կլուսավորի մեր ուղին և մեզ կհանի այս վիճակից: Ես չեմ ուզում հոռետեսական պատկեր ուրվագծել և անելանելի վիճակ նկարագրել, բայց այլևս չեմ կարողանում լսել, թե ինչպես են մեծ և փոքր քաղաքական “գործիչները” հայտարարում, թե գնալու են խորհրդարան ու մենակ փոխելու ամեն ինչ: Նրանք տեղյակ չեն, որ երկրում խեղաթյուրումն ու անոմիան այնքան խորն են, որ կպահանջվեն տիտանական ջանքեր և հանճարեղ ուղեղներ, հզոր կամք իրավիճակը փոխելու համար: Եթե ոմանք չեն հասկանում դա, ապա լավ է, որ նրանք որևէ տեղ չգնան: Հայաստանում անոմիան շատ խորն է, ու մինչև մի օր մենք ազգովի չլծվենք այդ անոմիան հաղթահարելու գործին, երկիր երկիրը չի դառնա:

– Իսկ ո՞վ պետք է լինի այդ անոմիան հաղթահարողը:

– Այդ հաղթահարողը կարող է լինել նաև քաղաքական ուժը: Ես այս անոմիկ վիճակից ելք տեսա, երբ երիտասարդները գնացին Մաշտոցի պուրակ: Ծիծաղելի է, երբ այդքան ոստիկան հանվել է այդ մի բուռ հայերի դեմ: Բայց բանն այն է, որ այդ մի բուռ հայերը եկել ու ասում են այս երկրի տերը մենք ենք, ու շատ ճիշտ հարց են տալիս ոստիկաններին, թե նրանք ում շահն են պաշտպանում պուրակում, երբ այնտեղ երկրի տիրոջ շահն է խաթարված: Այդ երիտասարդներն ասում են, որ այս երկրի տերն իրենք են: Վիճակը այնքան պարզ է, որ դժվար է հասկանալ, թե ինչու երկրի նախագահը չի արձագանքում այս ամենին: Վերջապես գտնվել են երիտասարդներ, ովքեր ասում են՝ այս երկրի տերը մենք ենք, սա շատ հուսադրող երևույթ է: Մաշտոցի պուրակում հենց հիմա գնում է պայքար Հայաստանի ապագայի համար: Սա շատ հուսադրող երևույթ է, սա նշանակում է, որ դեռ կան երիտասարդներ, ովքեր կմնան մեր երկրում՝ սա հույս է: Այն, որ սեփականատերերի խումբը չի հասկանում այս պայքարի իմաստը և շարունակում է կառչած մնալ իրենց ապրանքներից՝ մեկ անգամ ևս ապացուցում է հայ, այսպես կոչված, “ընտրախավի” թշվառությունը, համոզված եմ, որ խորհրդարանի կոճակները նրանց չեն փրկի հայերի ապագա սերունդների արդար դատից, որը պատասխան կպահանջի ընտրախավից հայրենիք ստեղծելու այս պատմական շանսը կորցնելու համար:

19:00 Խոսք | Երկուշաբթի 09.04.2012 | Անժելա Խաչատրյան
 


Leave a Reply