Administrator

Բաց նամակ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին

Պարոն քաղաքապետ, հուլիսի 26-ին 168.am լրատվական կայքում հրապարակվել է Անի Կարապետյանի հոդվածը, որտեղ ներկայացվում է Աբովյանի նշանավոր հուշարձաններից մեկը՝ Սարալանջ թաղամասում գտնվող Տրդատ Գ թագավորի արձանը:

Ինչ-որ մարդիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, մի նոր վանդալիզմ էին իրականացրել՝  թագավորի արձանի մատները ներկելով և դրանց «կանացի տեսք» տալով: Մենք գնացինք հոդվածի հետքերով ու տեսանք, որ քաղաքակիրթ մարդիկ արդեն մաքրել էին ներկը, սակայն արձանը և առհասարակ հուշարձանի տարածքը շարունակում էր մնալ անխնամ և անմխիթար վիճակում, իսկ վիճակն այսպիսին է.

  1. Արձանի վրա շարունակում են մնալ զանազան գրություններ
  2. Ծառերը փակել են արձանը, և այն շատ դժվար է նշմարվում (մերձակա շինության պարիսպը ևս նվազեցնում է արձանի տեսանելիությունը)
  3. Լուսավորության բացակայության պատճառով տարածքը «հարմար» վայր է դառնում «ռազբորկաների» համար, «գրավում է» հարբեցողների, ինչպես նաև այլ հոգեմետ մոլուցքների հակում ունեցող անձանց: Տարածքում կարելի է տեսնել բազմաթիվ կոտրված և չկոտրված շշեր, ապակիներ և այլն…
  4. Հուշարձանից մոտ 30 մետր հեռավորության վրա տեղադրված են աղբարկղեր, որոնք, կարծում ենք, նույնպես անհամատեղելի են հուշարձանի հետ

Մենք՝  Աբովյանի Սբ. Ստեփանոս եկեղեցու երիտասարդներս, կիրակի՝ հուլիսի 28-ին, մաքրեցինք հուշարձանի տարածքը աղբից և կատարեցինք արձանի մասնակի մաքրում: Չկարողացանք այն ավարտին հասցնել որոշ աշխատանքային գործիքներ, նյութեր և լիազորություններ չունենալու պատճառով:

Պարոն քաղաքապետ,

Նկատի ունենալով Տրդատ Գ թագավորի կարևորագույն տեղն ու դերակատարությունը մեր ազգի պատմության մեջ

Հաշվի առնելով պատմական հուշարձանի կարևորությունը որպես քաղաքի այցեքարտ

Կարևորելով  ազգային արժեքների պահպանումը, որ փոխանցվում է մատաղ սերնդին նաև նման հուշարձաններով՝

Խնդրում ենք

Ձեր լիազորությունների շրջանակում տալ հանձնարարականներ

  • Արձանի և դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքների մասին (ներառյալ այնպիսի միջոցառումներ, որոնք արձանն ավելի տեսանելի կդարձնեն)
  • Աղբամանները բնակելի շենքերին մոտ մեկ այլ վայր տեղափոխելու մասին

Ինչպես նաև՝

  • Ժամանակակից լուսավորության միջոցներով ձեռնամուխ լինել արձանի տեսանելիության ապահովմանը նաև գիշերը՝ մթնելուց մինչև լուսաբաց.
  •  Հետևողական լինել ցանկալի բարեկարգ վիճակը մնայուն պահելու խնդրում

Աբովյան քաղաքի Սբ. Ստեփանոս եկեղեցու երիտասարդներ

29.07.2013թ.

   

     

     

   

   

   

   

 

 

Related posts

One Thought to “Բաց նամակ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին”

  1. Tigranuhi Davtyan

    Աբովյանի քաղաքապետարանի պատասխան-նամակը

    Սբ. Ստեփանոս եկեղեցու երիտասարդներ,
    Ի պատասխան Ձեր < <Հրապարակ>> թերթում տպագրած Աբովյանի քաղաքապետ Կ. Գուլոյանին ուղղված բաց նամակի (29.07.2013թ.) հայտնում ենք, որ ցավով ենք ընդունում հուշարձանների և ընդհանրապես պատմամշակութային արժեքների նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսևորում, միևնույն ժամանակ տեղեկացնում, որ վերոնշյալ հանցագործության բացահայտումը և մեղավորներին պատժելը չի մտնում քաղաքապետարանի գործառույթների մեջ:
    Հուշարձանի և հարակից տարածքի պահպանությունը քաղաքապետարանը իրագործում է իր հնարավորությունների և լիազորությունների սահմանում: Քաղաքի տարբեր հատվածների, զբոսայգիների, պուրակների և փողոցների բարեկարգման աշխատանքներն իրագործվում են ըստ ծրագրի և ժամանակացույցի: Հուշարձանի հարակից տարածքի ոչ ցանկալի վիճակը պայմանավորված է նաև ջրաոռոգման համակարգի բացակայությամբ, որը չի եղել երբևէ:
    Քաղաքապետի հանձնարարությամբ արդեն իսկ տարվում են հսկայածավալ աշխատանքներ Էլար և Սարալանջ թաղամասերը ջրաոռոգման համակարգով ապահովելու համար: Այս դեպքում հուշարձանի տարածքի կանաչապատումն ու ծառերի էտումը կլինի արդյունավետ, իսկ բարեկարգումը տեսանելի:
    Ինչ վերաբերում է հուշարձանի գիշերային լուսավորությանը, ապա մենք կարևորում ենք քաղաքի բոլոր հուշարձանների լուսավորումը, սակայն միշտ չէ, որ ցանկությունները համընկնում են հնարավորությունների հետ: Չթերագնահատելով հուշարձանների լուսավորության կարևորությունը և ավարտելով կենտրոնական փողոցների գիշերային լուսավորության աշխատանքները` դեռևս առաջնային է համարվում քաղաքի ընդհանուր լուսավորության խնդիրը: Ի վերջո ցանկացած աշխատանք արվում է աստիճանաբար՝ համայնքային բյուջեի հնարավորությունների սահմանում:
    Քաղաքապետ Կ. Գուլոյանը կարևորելով համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը քաղաքի կյանքին, գնահատում է Ձեր մտահոգությունը, բայց և անհասկանալի համարում բաց նամակի հրապարակումը: Վստահեցնում ենք, որ Աբովյանի քաղապետարան ուղղարկված որևէ դիմում կամ նամակ երբեք չի մնում անպատասխան:

Leave a Comment