News/Նորություններ

Gold Armenia ծրագիրը մեկնարկեց

Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորումը (ԱՍԳԱՄ «Աստղիկ»)ոչ-ֆորմալ կրթական ծրագրերով աշխատող հասարակական կազմակերպություն է, որը Հայաստանում  գործում է 1996թ-ից սկսած: Այն հանդիսանում է աղջիկ սկաուտների և գայդերի համաշխարհային միության անդամ: Միության նպատակն է օգնել երիտասարդ աղջիկներին և կանանց դառնալ ինքնուրույն, իրենց ուժերի վրա վստահ անհատներ, նպաստել նրանց մոտ հոգևորի, ֆիզիկականի, ինտելեկտուալի, հասարակական պոտենցիալի, բնավորության ձևավորմանը՝ հնարավորություն տալով զբաղվել նրանով, ինչ ցանկալի է և հետաքրքիր: Միավորումն իր գործունեությունն է ծավալում Հայաստանի գրեթե բոլոր մարզերում:

Շարժումը միավորում է տարբեր երկրների աղջիկներին և կանանց` իրականացվող տարբեր ծրագրերի միջոցով: Դրանցից մեկը՝ Gold Armenia ծրագիրը, Հայաստանում իրականացվում է 2009 թվականից: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Մեծ Բրիտանիայից Հայաստան են գալիս 6 աղջիկ գայդեր, ովքեր տարբեր պարապմունքներ, սեմինարներ ու թրեյնինգներ են անցկացնում Հայաստանի տարբեր մարզերում, մասնակցում միավորման ամենամյա ճամբարին:

Այս տարվա ծրագրի մեկնարկը տրվեց Աբովյանում. հուլիսի 27-ին Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում ԱՍԳԱՄ «Աստղիկ»-ն  ու անգլիացի գայդերն իրենց շուրջը համախմբեցին մոտ 35 սկաուտների Աբովյան և Բյուրեղավան քաղաքներից: Դասընթացին մասնակցում էին 5-25 տարեկան աղջիկներ, ուստի պարապմունքն իրականացվեց երկու տարիքային խմբերով:  Հագեցած ծրագրի ողջ ընթացքն ուղեկցվեց գայդինգի աշխարհի մասին նոր ու հետաքրքիր բացահայտումներով,  բարձր տրամադրությամբ:  Աբովյանի մասնաճյուղի անդամներից 15-ամյա Սուսաննա Խաչատրյանը, ով երրորդ տարին անընդմեջ մասնակցում է Gold Armenia ծրագրին, նշեց. «Շատ ուրախ եմ, որ այս տարի ևս իրականացվեց ծրագիրը, ամեն տարի յուրովի ու հետաքրքիր էր ինձ համար, ամեն անգամ  նոր բան ենք սովորում, ինչպես նաև շփվում ենք այլ երկրի գայդերի հետ: Շատ կուզենամ, որ մենք էլ այլ երկրներում իրականացնենք այսպիսի ծրագրեր» (ժպտում է): Դե իսկ Միլենան, ով ծրագրի ամենափոքրիկ մասնակիցն էր (5 տարեկան), ասաց, որ իրեն շատ դուր եկան խաղերը և նկարելը:

Gold Armenia ծրագիրն իրականացվելու է մինչև օգոստոսի 16-ը, որի ընթացքում  Մեծ Բրիտանիայի գայդերը դասընթացներ կանցկացնեն Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում (Երևան, Գյումրի, Արտաշատ,Հրազդան,Սևան, Եղեգնաձոր, Սիսիան):

Հ. Գ.  Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորումը, մասնավորապես՝ Աբովյանի և Բյուրեղավանի մասնաճյուղերը, հատուկ շնորհակալություն են հայտնում Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի տնօրինությանը՝ տարածք տրամադրելու, ջերմ ընդունելության և հետագա համագործակցության պատրաստակամության համար:

  

                              

  

  

  

  

  

Related posts

Leave a Comment