Story of one song

Մի երգի պատմություն

Այս տարի լրանում է տաղանդավոր բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի ծննդյան 80-ամյակը: Այդ առիթով ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:

Դրանց անմասն չմնաց նաև Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան, որը Հայպետֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես եկավ   գրական-երաժշտական հուշ-երեկոյով՝ նվիրված պոետի տարեդարձին:

«Երբ ծառերը ծաղկում են» խորագիրը կրող համերգի ընթացքում բացի արդեն իսկ սիրված կատարումներից հնչեցին պոետի՝ դեռևս չլսված  ստեղծագործություններ ևս («Իմ մայրիկ» և «Քառսուն Ծամ»), որոնց երաժշտության հեղինակը մեր համաքաղաքացի, Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիայի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Մամիկոն Բադալյանն է: Նա մեզ պատմեց «Իմ մայրիկ» երգի ստեղծման պատմությունը.

 

«Այս երգի հետ կապված լավ հուշեր կան: Երբ մեղեդին արդեն գրել էի, մտածեցի, որ անպայման պետք է Լյուդվիգ Դուրյանը գրի խոսքերը:

Զանգահարեցի, ասացի, որ մեղեդի եմ գրել և ցանկություն կա, որ խոսքերը հենց ինքը գրի:

Ասաց՝  չէ, հիվանդ եմ, տկար եմ մի քիչ, ասացի՝ պոետ ջան, մորն է նվիրված երգը: Ասաց՝  էս ինչ ասացիր, արի …

Գնացի, հանդիպեցինք, խնդրեց, որ երգեմ մեղեդին, երգեցի..

Լուռ նայեց ու մի թուղթ հանեց, դրեց սեղանին, ասաց՝ գրի: Գրեցի «արջ, ծառ, տուն, մամա…»:

Բաժանվեցինք, մինչև հասա տուն, զանգեց, ասաց՝ արի…

Գնացի… Ասաց՝ ահա և քեզ երգի տեքստը, եթե ինչ-որ մի բան դուրդ չի գալիս, փոխիր: Ասացի, որ բան չկա փոխելու, որովհետև լրիվ ճիշտ գրված էր այն, ինչ զգացվել էր, ինչ  պետք էր.  և՛ վանկերը, և՛ ձայնավորները, և՛ շեշտերը (շատ կարևոր են երգելու համար):

Ասաց՝ շնորհավորում եմ, գեղեցիկ երգ է ստացվել…

Երբ դուրս եկանք, ասաց, եթե մի բան ասեմ, չես նեղանա, ասացի՝ իհարկե ոչ, ասաց եթե մեղեդին լավը չլիներ, չէի գրելու…»

Leave a Reply