Աբովյանում 6 թեկնածուներից 4-ը կապ ունի Ծառուկյանի հետ, իսկ նա հայտարարում է՝ չի միջամտելու

Գագիկ Ծառուկյանը Աբովյանի պատվավոր քաղաքացի է, բայց ընտրող չէ եւ չի մասնակցելու քաղաքապետի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ընտրություններին Ծառուկյանի կողմից, նրա ազգական կամ ընդդեմ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի առաջադրած թեկնածուների մասին տեղեկությունները, Իվետա Տոնոյանն ասաց հետեւյալը. «Պարոն Ծառուկյանի դիրքորոշումը Աբովյանի քաղաքապետի ընտրություններին հետեւյալն է՝ թող առաջադրվեն թեկնածուներ, թող ներկայացնեն իրենց ծրագրերը, թող լինի առողջ, արդար մրցակցությունը, թող հաղթի այն մարդը, ում նպատակահարմար կգտնեն աբովյանցիները: Իսկ թե ով է մոտ կամ հեռավոր կապերով կապված պարոն Ծառուկյանի հետ, կարծում եմ, որ դա որեւէ մեկին չի խանգարում կամ չի օգնում առաջադրել իր թեկնածությունը»: Դիտարկմանը, թե Ծառուկյանի հավանությունը որ թեկնածուին է տալիս, մամուլի խոսնակն ասաց, որ քանի որ նա Աբովյանի ընտրող չէ, բարձրաձայնելու անհրաժեշտություն չկա: Ինչ վերաբերում է որպես նրա թեկնածու համարվող Վահագն Գեւորգյանին, Իվետա Տոնոյանն ասաց, որ թե որպես Աբովյանի պատվավոր քաղաքացի, թե Աժ-ում Գագիկ Ծառուկյանը լավ համագործակցել է Վահագն Գեւորգյանի հետ եւ լավ հարաբերություններ ունի նրա հետ:

Միեւնույն ժամանակ, մամուլի խոսնակը շեշտեց, որ Ծառուկյանը չի պատրաստվում միջամտել ընտրություններին ընթացքին:

Նշենք. որ Աբովյանի քաղաքապետարանի ընտրություններին առաջադրված 6 թեկնածուներից 4-ի անունը ուղղակի կամ անուղղակի կապվում է Գագիկ Ծառուկյանի հետ: Ամենասկզբից առաջադրվել է որպես Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը ազգականը՝ Ծառուկյանի կնոջ կողմից:Ըստ շրջանառվող ռեղեկությունների՝ Արթուր Գեղամի Հարությունյանին Ծառուկյանը առաջադրել է, որպեսզի մարդիկ շփոթության մեջ ընկնեն եւ Պալաչին՝ նորից Արթուր Գեղամի Հարությունյանի փոխարեն նրա օգտին քվեարկեն: Ծառուկյանի հիմանակ հակաակորդը նույն Պալաչն է՝ «Քինգ դելյուքսի» սեփականատերը: Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:

News.am

Leave a Reply