«Քննարկում չի էլ եղել մեզ հետ». Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի տնօրենը թիվ 8 հիմնական դպրոցին միավորվելու լուրերի մասին

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Վարդանյանը հրապարակումներից է տեղեկացել, որ իր ղեկավարած դպրոցը պատրաստվում են միավորել Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցին:

«Դե, ասենք, նախարարն ասել է, բայց ես չեմ լսել իրեն, միայն կարդացել եմ: Ես չգիտեմ՝ օպտիմալացման խնդիրն ինչպես է դրվում: Ըստ էության քննարկում չի էլ եղել մեզ հետ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց տնօրենը և նշեց, թե ըստ «շշուկների»՝ տեղյակ է, որ թիվ 8 հիմնական դպրոցը պետք է ավագ դպրոցին միավորվի, քանի որ նրանց շենքային պայմաններն ավելի վատ են, իսկ իրենց դպրոցը կարող է 1000-ից ավելի աշակերտ ընդունել:

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման շրջանակներում Կոտայքի մարզի 6 դպրոց կմիավորվի: Ըստ Լոքյանի՝ Աբովյանի թիվ 8 դպրոցում աշակերտների թիվը 463 է, աշխատակիցների թիվը՝ 51: Հեռավորությունն Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցից՝ 0,5 կմ է:

Ավելի վաղ Լոքյանը հայտարարել էր, թե Հայաստանում 222 դպրոց կա, որտեղ զրոյից 50 աշակերտ է սովորում, 34 դպրոց էլ կա, որ 10-ից պակաս աշակերտ ունի, հետևաբար անիմաստ է միմյանցից 2,5 կմ հեռավորությամբ դպրոցներ պահելը: Ուստի ՀՀ կառավարությունը որոշել է դպրոցները միավորել, որպեսզի 57 մլն դրամ խնայի:

«Իհարկե դա տարբերակ չէ։ Որպես դպրոցի տնօրեն ո՞նց կարող եմ ուրախ լինել նման որոշման համար, եթե 40 տարի աշխատում եմ կրթական համակարգում, ո՞նց կարող եմ ուրախ լինել, որ դպրոց է փակվում, դա հայի մտածելակերպի մեջ չի տեղավորվում»,-ասաց նա:

Վարդանյանի խոսքով՝ աղավաղված որոշումներ են՝ առանց հաշվի առնելու, թե ինչ խնդիրների կարող են առնչվել: Ավագ դպրոցի տնօրենը նշեց, թե 5 տարվա մեջ այնքան ծրագրեր է իրականցրել ավագ դպրոցի համար, ընդ որում՝ 100 տոկոսով և «մի հարվածով դրանք ջուրն են լցվում»:

«Ես բազմաթիվ գրություններ ու առաջարկություններ եմ նախարարությանը ուղարկել և դրանց պատասխանները ստացել, որոնք հիմնականում վերաբերել են ավագ դպրոցների կայանալու հիմնախնդիրներին, ներդրել եմ համապատասխան մանկավարժական կադրեր, որ ուսուցիչը աշակերտին պատրաստի շտեմարանի մակարդակով»,-ասաց նա:

Ըստ տնօրենի, ինքը բացի ավագ դպրոցների համար նախատեսված հոսքերից, իր դպրոցում նոր հոսք է ներդրել՝ արհեստագործական հոսքը, ապահովել պրակտիկայով, դպրոցը համալրել է գույքով՝ գորգագործության դազգահներ, մեղվաբուծության անհրաժեշտ պարագաներ, դիզայներական և հարակից ժամանակակից մասնագիտությունների համար նույնպես անհրաժեշտ մասնագետներ ու պարագաներ, և այսօր այդ ողջ աշխատանքը օդից է կախվում:

«Իմ վերքին աղ մի ավելացրեք, պատկերացրեք՝ 5 տարուց ավելի տնօրեն եմ աշխատում, և այդքան տարի ինչքան բան եմ արել՝ ստեղծել համապատասխան մասնագետներ, ձեռք բերել գույք, հե՞շտ եք համարում: Իմ համար ցավ է, որ ՀՀ-ն հասավ այն վիճակին, որ որևէ քաղաքում կամ գյուղում պետք է դպրոց փակվի»,-ասաց նա:

Նա նաև նշեց, թե չի պատկերացնում, թե ուսուցիչների օպտիմալացման կարգն ինչպես է լինելու: «Ես գիտեմ մեկ կարգ ուսուցիչների ընդունման՝ կա թափուր տեղ, հայտարարվում է մրցույթ: Հիմա վաղը նոր դասարաններ կբացվեն: Իմ մոտ էլ կա թերբեռնված ուսուցիչ, երբ միավորում են, մեկ ուսուցչի դրույք է ապահովում, և հասկանալի չէ՝ այդ տնօրենը ի՞նչպես է վարվելու, ոչ մի հարց լիարժեք հասկանալի չէ»,-ասաց նա:

Նելլի Լազարյա
tert.am

Leave a Reply