News/Նորություններ

Քիչ առաջ ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը

Րոպեներ առաջ Երեւան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը նույնպես ազատ արձակվեցին: Հիշեցնենք, նա ձերբակալվել էր երեկ, Սերժ Սարգսյանի հետ Մարիոթ Արմենիա հյուրանոցում տապալված բանակցություններից րոպեներ անց:

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ Ազգային ժողով՝ Փաշինյանին եւ նրա հետ ձերբակալված ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանքի համաձայնություն տալու համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդությունը հետ վերցնելու առաջարկով:

Թեեւ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտարարություն տարածեց, որ մինչ այժմ դատախազությունը նման միջնորդություն չի ստացել: «Տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդություններ են ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ տեղեկացվել ենք լրատվամիջոցներից, այս պահի դրությամբ դեռևս նման դիմում չի ստացվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

 

armtimes.com

Related posts

Leave a Comment