News/Նորություններ

«Շշի Մելոյի» որդին ձերբակալվել է

 
ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քրեական գործով ձերբակալվածը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանի 24-ամյա որդին է՝ Շանթ Մանուկյանը։ Վերջինս կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։Կրակոցների հետևանքով հրազենային, մարմնական տարբեր վնասվածքներ ստացած 7 անձ տեղափոխվել էին Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներ,մեկն էլ՝ մահացած վիճակում: Սպանվածը Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանն է։ Ըստ տեղեկությունների, միջադեպի մասնակիցներից ու վիրավորներից մի քանիսը Մելիք Մանուկյանի հարազատներն են, այդ թվում՝ քրոջ որդին՝ Ռոմանը և եղբորորդին՝ Հայկը: Իսկ սպանված երիտասարդը նրանց ընկերն էր:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում, կան վիրավորներ: Պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ։

Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Related posts