Դանակահարել են Բալահովիտի գյուղապետի տեղակալին պատկանող պանդոկի 25-ամյա մենեջերին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու փորձաքրեագետը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վերջնամասում, Աբովյան քաղաքի սկզբնամասում գործող «Արմենիա» պանդոկի մենեջերն է, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Վահագն Գաբրիելյանն է: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղ է դանակահարվել մենեջերը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված պանդոկը պատկանում է Բալահովիտի գյուղապետի տեղակալին:
Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: