Romans Petrosyan Vahagn Gevorgyan
News/Նորություններ

Սաբոտաժ իրականացնողը Աբովյանի համայնքապետ Վահագն Գեւորգյանն է

Նախորդ շաբաթ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ Կոտայքի մարզում կա խոշոր համայնք, որի համայնքապետը սաբոտաժի ճանապարհով ոչինչ չի ուզում անել: Պետրոսյանը նշել էր, որ առաջիկայում կտա այդ համայնքապետի անունը՝ փաստերով:

ՀԺ-ի հետ հերթական զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փակագծեր բացեց՝ նշելով, թե որ համայնքի մասին էր խոսում:

– Պարոն Պետրոսյան, կնշե՞ք, թե որ համայնքապետի մասին էիք ասել, որ սաբոտաժի ճանապարհով ոչինչ չի անում մարզում:

– Ձեզ հայտնի է, որ համայնքային բյուջեները տնօրինվում են բացառապես համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից, չնայած այդ բյուջեները ձեւավորվում են սեփական եկամուտների ու կառավարության տրամադրած դոտացիայից: Մարզպետարանները այդ բյուջեների տնօրինման հետ կապված որեւէ լծակ եւ իրավասություն չունեն: Ունենում ենք մի իրավիճակ, երբ կառավարության ծրագրերը իրականացնելու համար մենք կարիք ենք ունենում սուբվենցիոն ծրագրերի կիրառման: Սուբվենցիոն ծրագրերը բնականաբար ենթադրում են կառավարություն եւ ՏԻՄ համատեղ ֆինանսավորում: Ահա այդտեղ գալիս է տարածքային կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխըմբռնում ունենալու կարեւորագույն անհրաժեշտությունը:

Դիցուք ունեցանք մի կարեւորագույն իրավիճակ մեր քաղաքներից մեկում՝ Աբովյանում (քաղաքապետ՝ Վահագն Գեւորգյան): Այնտեղ բյուջեի ֆոնդային մասում ունենք բավականին զգալի գումարներ եւ քաղաքային իշխանություններն՝ ինչպես բոլոր համայնքապետերին, մենք առաջարկում/հորդորում ենք, որպեսզի ակտիվ մասնակցեն սուբվենցիոն ծրագրերի: Առավելապես այս փուլում, երբ համայնքներում ենթակառուցվածքների, կրթօջախների, ինչպես նաեւ սոցիալական նշանակության այլ հաստատությունների հիման կամ հիմնանորոգման համար կառավարությունը բավականին մեծ գումար է պետբյուջեով հատկացրել՝ 15 մլրդ դրամ: Եւ եթե միջին համամասնությամբ դիտարկենք՝ 15 մլրդ կառավարությունից, 15 մլրդ էլ համայնքներից, կստացվի, որ մենք 2019 թվականին, կամք ունենալու դեպքում, կարող ենք շուրջ 30 մլրդ դրամի զարգացման ծրագրեր իրականացնել բոլոր մարզերում:

Այս կոնտեքստում մեր մի շարք համայնքներում արված աշխատանքների արդյունքում շուրջ 60 ծրագրեր ենք պատրաստվում կառավարություն ներկայացնել՝ սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորելու համար: Այդ թվում մեկ տասնյակի հասնող մանկապարտեզների եւ մշակույթի տների հիմնանորոգում, շուրջ 5 մանկապարտեզների 0-ից կառուցում՝ 5 տարբեր համայնքներում, ինչպես նաեւ թաղամասերի գազաֆիկացում, ասֆալտապատում, ջրագծերի, խորքային հորերի, ջրագծերի ներքին ցանցերի կառուցում: Այսինքն կյանքի որակի վրա անմիջական ազդեցություն ունեցող որոշումներ են կայացվել եւ այդպիսի ծրագրեր են իրականացվելու:

Ունենք մի իրավիճակ Աբովյան քաղաքում, երբ ֆոնդային բյուջեում ունենք առավել քան բավարար միջոցներ՝ սուբվենցիոն ծրագրերով հայտեր ներկայացնելու համար: Անցյալ տարվա միայն սուբվենցիոն ծրագրերով Աբովյան քաղաքից 2 հայտի մասին եմ ուզում խոսել, որը դեռ մինչեւ իմ նշանակումն էր ներկայացվել կառավարություն: Դա մանկապարտեզի 1 մասնաշենքի եւ քաղաքային զբոսայգու հիմնանորոգման ծրագրերն էր: Մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը կառավարության կողմից հաստատվեց, սակայն զբոսայգու հիմնանորոգման նախագիծը մերժվեց: Կառավարությունը, ականջալուր լինելով նաեւ իմ խորհրդին, մերժեց ծրագիրը, քանի որ շուրջ 220 միլիոն դրամի ծրագիր էր ենթադրում քաղաքային զբոսայգու հիմնանորոգումը, որի մի մասը կառավարությունն էր տրամադրելու, իսկ մյուս մասը՝ համայնքը: Հարցը այստեղ զուտ առաջնահերթությունների տեղաբաշխման եւ ճիշտ կառավարման մասին է:

Կառավարությունը բնականաբար չէր կարող ֆինանսավորել այդքան մեծ գումարով զբոսայգի հիմնանորոգելու ծրագրին, եթե օրինակ Աբովյան քաղաքում մենք չունենայինք 1 տասնյակի հասնող հանրակացարանային բնակֆոնդ: Դեռեւս խորհրդային շրջանում դրանց օգտագործման ժամկետները լրացել են եւ դրանցից 2-ն այս պահին խիստ վթարային իրավիճակում են: Մեր հաշվարկներով՝ 700 մլն դրամ ունենալու պարագայում կարող էին այդ 2 հանրակացարանները հիմնովին քանդել եւ դրանց տեղերում նոր՝ բազմաբնակարան շենքեր կառուցել եւ փոխհատուցել տվյալ հանրակացարանների բնակիչներին:

Մեր հորդորն էր Աբովյանի քաղաքային իշխանություններին, որ այդպիսի ծրագրեր ներկայացնեն: Այդ ծրագրերի շրջանակներում եւս 2 ծրագրեր՝ հրատապ ծրագրերի ֆինանսավորման խողովակով ներկայացվեցին կառավարություն՝ համայնքի որոշակի ֆինանսավորման հնարավորությամբ փողոցներից մեկի մի մասի ջրահեռացման համակարգի եւ թաղամասերից մեկի ջրագծի ոռոգման եւ կառուցման համար: Քաղաքային իշխանությունները մեր հորդորով ներկայացրեցին ծրագիրը, կառավարությունը համաֆինանսավորման համաձայնությունը տվեց, նաեւ համաձայնագրեր ստորագրվեցին տարածքային զարգացման հիմնադրամի հետ, քանի որ այդ հիմնադրամի միջոցով են ֆինանսները հատկացվում կառավարության անունից:

Հետո եկավ մի շրջան, երբ արդեն Աբովյան համայնքը պետք է իր մասով ֆինանսական պարտավորությունները կատարեր, բայց քաղաքապետից մենք գրություն ենք ստանում, որ 2019 թվականի քաղաքային բյուջեն չի բավականացնում համաֆինանսավորման համար: Դա այն դեպքում, երբ ֆոնդային բյուջեում մի քանի հարյուր միլիոն դրամի առկա միջոցներ կան: Բնականաբար մենք քաղաքապետից պաշտոնապես պարզաբանում ենք պահանջում, որպեսզի ասի, թե ինչո՞ւ է այդ ծրագրից հրաժարվում: Դա ես ավելի շատ հակված եմ վերագրելու քաղաքական իրավիճակով:

Եթե համայնքի իշխանությունը ինչ-որ առումով փոխըմբռնման վարք չի դրսեւորում, եթե չասենք սաբոտաժ ապա առնվազն գոնե այդ գործընթացների իր մասով պատրաստակամություն չի հայտնում եւ դա մեծապես վնասում է կառավարության քաղաքականությանը՝ տվյալ համայնքում: Այս դրվագից ելնելով՝ ես ինձ իրավունք եմ վերապահում սա որակել սաբոտաժ, քանի որ առաջիկայում՝ հունիսի 9-ին, Աբովյանում ունենք քաղաքապետի ընտրություններ: Կարծես թե քաղաքապետը դրանով որոշակի առումով սահմանափակում է կառավարության ծրագրերի իրականացումը, որպեսզի եղանակների տաքացման ժամանակ ինչ ծրագրեր իրականացնի՝ բացառապես քաղաքի բյուջեով իրականացնի եւ վերագրի իրեն եւ իր քաղաքական թիմին:

– ՏԻՄ-երի հետ, տարածքային կառավարության նախարարության հետ հանդիպումներ, քննարկումներ չե՞ք ունենում այսպիսի խնդիրներին լուծում տալու համար:

– Բնականաբար անում ենք: Կցանկանամ նաեւ նշել, որ նախադեպը չունեցող հանդիպում եմ կազմակերպել մարզպետարանում: Ես հրավիրել եմ Աբովյան քաղաքի ավագանու անդամներին, որպես ինստիտուցիոնալ 2 պետական ու համայնքային կառույցների աշխատանքային հանդիպում՝ ի նպաստ համայնքում առկա իրավիճակի հաղթահարման եւ համայնքի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու: Ավագանին ընտրովի մարմին է, որը ՏԻՄ օրենքով պետք է վերահսկի քաղաքապետի գործողությունները եւ հաշվետու չէ որեւէ ինստիտուտի: Որպես անուղղակի փոխգործակցող ինստիտուտներ, ես հանդիպել եմ ավագանու 15 անդամներից 14-ին:

Ես նրանց բազմաթիվ հարցադրումներ եմ արել, թե՛ այդ ջրագծի ծրագրից միակողմանի հրաժարվելու մասին, թե սուբվենցիոն ծրագրերի ոչ արդյունավետ մասնակցության մասին: Ցավով եմ նշում, որ ավագանու մեր հարգելի անդամները որեւէ կերպ չկարողացան բացատրություն տալ քաղաքապետի այդ որոշման կապակցությամբ: Նույնիսկ ցանկանում եմ նշել, որ իրենց համար նորություն էր այդ որոշումը: Քաղաքական սաբոտաժի մասով իմ թեզը ամրապնդվում է նաեւ այն երեւույթով, որ ես խորհուրդ եմ տվել համայնքապետերին, որ զերծ մնան հողերի օտարումներից, քանի որ գուցե ներդրումներ լինեն առաջիկայում: Այդ հորդորին ականջալուր են եղել բոլոր համայնքների ղեկավարները եւ միշտ էլ եթե անհրաժեշտություն առաջացել է օտարումների, ապա մարդիկ ունեցել են իրենց հիմնավորումը, դա օրենքով իրենց է վերապահված:

Հողային օրենսգրքի 41-րդ եւ 42-րդ հոդվածում նման սահմանում ունենք, որ մարզպետի իրավասության մեջ է մտնում հողերի օգտագործման վերահսկողությունը: Համայնքներ ունենք, որ համայնքի ենթակայության հող չի մնացել: Բայց ահա Աբովյանում ունենք մի դրվագ, որ մարտի 7-ին 67 լոտ հողեր են դրել աճուրդի: Բնականաբար դրա նպատակահարմարությունը այս պահին ես չեմ տեսնում, քանի որ Աբովյանն այս տարի սուբվենցիոն ծրագրերի ակտիվ մասնակցության հայտ չի ներկայացրել եւ մի քանի հարյուր միլիոն դրամ ֆոնդային բյուջեում գումար կա: Այդ դեպքում ինչո՞ւ են օտարում այդ հողակտորները Աբովյան քաղաքի մեր հարգելի քաղաքապետն ու ավագանին: Որեւէ ավագանու անդամ այս հարցին չկարողացավ ադեկվատ պատասխան տալ հանդիպման ժամանակ: Ցավով եմ նշում, բայց ավագանին անգամ չգիտեր, թե որքան գումար կա Աբովյան քաղաքի ֆոնդային բյուջեում, այն քաղաքի բյուջեում, որի ավագանու անդամներն են իրենք:

– Փաստորեն ունենք իրավիճակ, որ թե՛ ավագանին եւ թե՛ համայնքապետը սաբոտա՞ժ են իրականացնում:

– Հակված չեմ ավագանու վարքը սաբոտաժ որակելու, քանի որ շատ դեպքերում ավագանու անդամները չեն գիտակցում իրենց լիազորություններն ու պարտականությունները եւ ավագանու ինստիտուտն էլ ինքնին կայացած չէ մեր երկրում: Ավագանու վարքը ես ավելի շատ գնահատում եմ անտեղյակության, ինչպես նաեւ անհետեւողականության հետեւանք: Բայց քաղաքապետի գործունեությունը կոնկրետ հակված եմ սաբոտաժ որակելու: Նախկինում եղած աճուրդները Աբովյան քաղաքում հասարակ մարդկանց համար անհասանելի են եղել: Դրանք հասել են կոնկրետ մարդկանց: Այս դեպքում մենք տեսնելով, որ քաղաքապետը միտված է հողային աճուրդ կազմակերպել, ամեն դեպքում, մենք հանրայնացրել ենք այդ տեղեկությունը եւ քաղաքացիները մեծ մասնակցություն են ցուցաբերել: Նրանք զարմացել էին, որ Աբովյանում աճուրդային կարգով հողեր կան:

– Ո՞ր քաղաքական ուժի շահերն է սպասարկում քաղաքապետը:

– Գաղտնիք չէ, որ քաղաքապետը ընտրվել է ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի գործուն աջակցությամբ՝ 4 տարի առաջ: Իր ամբողջ աշխատակազմը եւ նաեւ իր քաղաքական շրջապատը ներկայացնում են ԲՀԿ-ին եւ իր առաջնորդին: Դրա վառ ապացույցն է ավագանու անդամների ճնշող մեծամասնության կուսակցական պատկանելությունը՝ ԲՀԿ:

– Ո՞րն է լինելու այս դեպքում ձեր քայլը, որպեսզի այս խնդիրը կարգավորվի:

– Հեղափոխությունը վերջնականորեն համայնքներ եւ քաղաքներ հասցնելու համար պետք է ՏԻՄ-երն էլ իրենց լեգիտիմության համար քննություն հանձնեն, ինչպես ասում է վարչապետը՝ պետք է հրաժարական տան եւ նոր ընտրություններին մասնակցելով ապացուցեն իրենց լեգիտիմությունը:

Հունիսի 9-ի համայնքապետի ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կառաջադրի իր թեկնածուին, ով կկիսի մեր արժեհամակարգը, ով քաղաքական առումով միտված կլինի իր ջանքն ու գիտելիքները ներդնելու բացառապես համայնքի զարգացման գործին: Կառավարչական առումով էլ այսօր աբովյանցին չի կարողանում մասնակցել իր քաղաքի կառավարմանը՝ թեկուզ հենց ավագանու ինստիտուտի չկայացվածության առումով, թեկուզ եւ քաղաքային իշխանությունների ինչ-որ առումով անհասանելիության առումով: Քաղաքապետը ընդունելության սահմանած օրեր չունի եւ անհասանելի է տարբեր խավերի ներկայացուցիչների համար: Իմ պաշտոնավարման ընթացքում իր վերջին մի շարք ընդունած որոշումների կոնտեքստում քաղաքապետը սպասարկել է կոնկրետ անձանց՝ կոնկրետ շրջանակների նեղ շահերը:

– Ինչպե՞ս եք գնահատում գործող քաղաքապետի շանսերը գալիք ընտրություններում՝ հետեւելով նրա կատարած աշխատանքին:

– Կոռեկտ չեմ համարի գնահատական տալ՝ ելնելով իմ կարգավիճակից: Ես կարող եմ ասել, որ մենք բառացիորեն օրեր առաջ ավարտել ենք մարզպետի ինստիտուտին վերապահված վարչական, իրավական եւ մասնագիտական հսկողությունները՝ Աբովյանի համայնքապետարանում, սեփական լիազորությունների նկատմամբ իրենց իրականացրած գործունեության հանդեպ եւ մոտ օրերս արդեն օրենքով սահմանված կարգով մենք տվյալ ոսումնասիրությունների, ստուգումների արդյունքների ամփոփում ենք իրականացնելու քաղաքային իշխանությունների հետ՝ օրենքով սահմանված կարգով: Դրանից հետո մենք կհրապարակենք արդյունքները, ինստիտուցիոնալ առումով դա է լինելու մարզպետի գնահատականը կոնկրետ ՏԻՄ-ի աշխատանքների նկատմամբ: Մոտ 10 օրից մենք կհրապարակենք արդյունքները եւ ինչպես Հրազդանի դեպքում էր, ինչպես մի շարք հանդիպումների դեպքում էր, եթե կունենանք ընթացակարգային՝ փաստաթղթային ինչ-որ խախտումներ, բնականաբար մենք մեր խորհրդատվական խողովակներով դրանք շտկելու առաջարկներ կանենք: Եթե կունենանք յուրացումների, ֆինանսական չարաշահումների դեպքեր, ապա այդ կոնտեքստում մենք կհամագործակցենք իրավապահ մարմինների հետ:

Related posts