News/Նորություններ

Աբովյան քաղաքում առևտրականները գրոհել են հարկային տեսչության պետի աշխատասենյակը

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:
Ինչպես Աբովյան քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 200-ից ավելի մանր և միջին բիզնեսով զբաղվող առևտրականներ բողոքի ակցիա են անցկացրել Աբովյանում: Նրանք Աբովյան քաղաքի հարկային տեսչության պետից պահանջում էին պարզաբանել, թե ինչու է տեսչությունն առևտրականներին հարկային տեռորի ենթարկում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում առևտրականները բարձրաձայնում էին, որ հարկայինի աշխատակիցները արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար. փորձում են «գործ սարքել» իրենց գլխին, ստիպում, որ ավել գումարներ վճարեն, իսկ ովքեր հրաժարվում են, սպառնում են հաշվեհարդար տեսնել՝ առևտրականներին սնանկացնելով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարկային տեսչության պետ Վարդան Սահակյանը հրաժարվեց ընդունել բողոքի մասնակիցներին, ում վերաբերմունքից նյարդայնացած կանայք ճեղքեցին հարկային տեսուչների պատնեշը և մտան պետի աշխատասենյակ:

Տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, Վ. Սահակյանն ահազանգեց ոստիկանություն, և կարճ ժամանակ անց այնտեղ ժամանեցին մեծ թվով ոստիկաններ:
Ցուցարարները հայտարարեցին, որ չեն լքի շենքը, մինչև պետը չընդունի իրենց, սակայն Վ. Սահակյանը «երկու ոտքը դրած մեկ կոշիկի մեջ»՝ հրաժարվեց կատարել առևտրականների պահանջը՝ ասելով, թե «իմ գործողություններն օրինական են, պարզաբանումների համար էլ դիմեք պետեկամուտների նախարարության լրատվական ծառայությանը»:

Բողոքի ակցիայի մասնակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեցին նաև, որ եթե հարցը չլուծվի, իրենք դիմելու են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, քանի որ պատգամավորը նախկինում էլ հարկային տեսչության նման աշխատաոճի դեպքում ձեռք է մեկնել առևտրականներին, և իրենք հուսով են, որ այս անգամ էլ նա կկանգնի աբովյանցիների թիկունքին:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Related posts

Leave a Comment