News/Նորություններ

Former security guard tried to kill a man with ax

Նախկին թիկնապահը փորձել է կացնահարել մի տղամարդու

Այսօր՝ ժամը 20.20–ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել ձախ ոտքի մասում հրազենային վնասվածքով մի քաղաքացի։

Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Աբովյան քաղաքի Նաիրյան 2-րդ շենքի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Գյուլբուդաղյանն է։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Աբովյանի տարածքում գործող «Ռուսալկա» ռեստորանային համալիրից։

Պարզվել է, որ նրան հրազենային վնասվածքը պատճառել է Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Սուրեն Ստեփանյանը։ Աբովյանում ֆոտոլրագրողին պատմել են, որ «Անդրանիկը և Սուրենը գտնվել են եղել «Ռուսալկա»–ում, երբ նրանց միջև տեղի է ունեցել ինչ–որ հարցի քննարկում։ Այդ ժամանակ Անդրանիկը, ով Կոտայքի մարզում համարվում է հանցագործ աշխարհում հեղինակություն, նախկինում եղել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը և Աբովյանում նրան բոլորը գիտեն «Սալդատ» մականունով, ով հաճախակի աչքի է ընկել իր դաժանություններով, կացինով փորձել է հարձակվել Սուրենի վրա, վերջինս էլ ինքնապաշտպանության նպատակով իր մոտ եղած ատրճանակով կրակել է «Սալդատի» ձախ ոտքին»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աբովյանցիներն իր հետ զրույցում նաև հույս էին հայտնում, որ գոնե այս անգամ «Սալդատ» մականվամբ հանցագործ աշխարհում հայտնի Ա. Գյուլբուդաղյանը պատասխանատվության կենթարկվի։ Հիվանդանոցում ֆոտոլրագրողին հայտնել են, որ արդեն օպերատիվ խմբին Անդրանիկը պատմել է ամեն ինչ և խոստովանել՝ ինքը ցանկացել է կացինով հարվածներ տալ Ս. Ստեփանյանին։ Այս պահին Կոտայքի մարզում են գտնվում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբերը, ովքեր փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի աշխատակիցների հետ օպերատիվ աշխատանքներ են կատարում։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նախաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողը որոշ հանգամանքեր այս պահին չի հայտնում։

Related posts

Leave a Comment