News/Նորություններ

«Ծառայելու եմ Քրիստոսի և նրա հրեշտակների նման». Ում դեմ է առաջադրվում Աբովյանի նախկին քաղաքապետը

Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը մտադիր է մասնակցել Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին:«Այո, ես առաջադրվելու եմ քաղաքապետի ընտրություններում, որովհետև ես ծնվել եմ Աբովյան քաղաքի համար, 50 տարի ապրել եմ այս քաղաքում և ուզում եմ իմ մնացյալ կյանքը ևս ծառայել իմ քաղաքին ու նրա ժողովրդին»,- մեզ հետ զրույցում հայտնեց Իսրայելյանը:

Կարապետ Իսրայելյանը Աբովյանի քաղաքապետ է եղել 1999-2008թթ., և այդ պաշտոնում նրան փոխարինել է Կարապետ Գուլոյանը: 2008թ.քաղաքապետի ընտրություններում Իսրայելյանը չառաջադրեց իր թեկնածությունը և չպայքարեց քաղաքապետի պաշտոնի համար՝ տեղյակ լինելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այդ պաշտոնում ուզում է տեսնել իր փեսային: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ, երբ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն էր առաջադրվել, ինքը չառաջադրեց իր թեկնածությունը և կամավոր զիջեց քաղաքապետի պաշտոնը, Իսրայելյանն ասաց. «Այն ժամանակ զիջել եմ երիտասարդներին, մեծ մարդ եմ, տանը նստել եմ, նայել եմ, թե ինչպես են կառավարում: Տեսնում եմ, որ երիտասարդները այնքան էլ լավ չեն կառավարում, որովհետև ես սովորական քաղաքապետ չեմ եղել, ես 10 տարի փղի նման եմ քաղաքապետ եղել: Հիմա էլ ասում եմ, որ ես պատրաստ եմ իրենց մեծերի հետ մրցել, ոչ թե երեխաների: Թող բոլոր ցանկություն ունեցողներն էլ առաջադրվեն, արդար մրցակցություն լինի, ով կընտրվի՝ թող ընտրվի»:

Հետևողականորեն տեղեկություններ են տարածվում, որ Իսրայելյանին քաղաքապետի ընտրություններում առաջադրվել հորդորել է Գագիկ Ծառուկյանը, որը ցանկանում է խոչընդոտել Արթուր Հարությունյանի ընտրությունը և փնտրում է այն թեկնածուին, որը կարող է այլընտրանք լինել Հարությունյանի համար: Իսրայելյանը այդ պնդումները կեղծ է համարում. «Ինչո՞ւ ես պետք է հանդիպեմ նրա հետ կամ նրա հորդորով առաջադրվեմ: Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ այս քաղաքին, ես կարող էի ԱՄՆ-ում ապրել, սակայն մայրս ասաց՝ ո՛չ, ես քեզ Հայաստանի համար եմ ծնել, լույս աշխարհ բերել, դու պետք ես հայրենիքին: Ես 10 տարի քաղաքապետ եմ աշխատել, իսկ աշխատանքից դուրս գալուց հետո իմ տանը նստած եմ և վերջին մեկ-երկու տարին Ծառուկյանին ընդհանրապես չեմ տեսել, էլ ուր մնաց, որ նա ինձ հորդորի, որ ես առաջադրվեմ: Ես այն ժամանակ էլ չուզեցի որևէ մեկի կամակատարը լինեմ և թողեցի քաղաքապետի պաշտոնը: Ես շատ գոհ եմ մեր երկրի նախագահից, նա ինձ մեդալ է տվել, Աբովյանում իմ անունով շախմատի դպրոց կա, որը ես եմ կառուցել, ես այս քաղաքում այնքան ավանդ ունեմ, որ ինձ ոչ մեկի հորդորն էլ պետք չէ: Թող բոլորը հավերժ հիշեն, որ ես Կարապետ Իսրայելյանն եմ»:

Իսկ արդյոք հնարավո՞ր է առանց Ծառուկյանի աջակցության ընտրվել Աբովյանի քաղաքապետ՝ նկատի ունենալով, որ 2008 և 2012թթ. նա է որոշել, որ իր փեսան պետք է լինի Աբովյանի քաղաքապետ և հիմա էլ փորձելու է ամեն ինչ անել, որ քաղաքը մնա իր հսկողության տակ: Կարապետ Իսրայելյանն ասում է, որ 1999թ. էլ ինքը հաղթել է իշխանության երկու թեկնածուների, և մտահոգություն չունի թե ով է լինելու իր մրցակիցը, կամ ով է իր մրցակցի հովանավորը:

«1999թ. ինձ ժողովուրդը ձեռքերի վրա տարավ քաղաքապետարան, որովհետև իմ դեմ դրել էին երկու-երեք պետության տարբեր մարդիկ, որոնց ես հաղթեցի: Ես Հիսուս Քրիստոսի և նրա հրեշտակների նման եմ ծառայել իմ ժողովրդին: Քաղաքապետ ընտրվելուց հետո էլ ոչ մի անգամ աշխատավարձ չեմ ստացել, հիմա էլ որ ընտրվեմ, էլի չեմ ստանալու, որովհետև այդ գումարը պետք է տամ կարիքավորներին: Եթե ես մի բանի համար չեմ քրտնել, ես այդ հացը չեմ ուտում, ես սովոր չեմ սրիկայությունների, որովհետև ես հայ եմ՝ հայեցի դաստիարակությամբ»,-ասում է Կարապետ Իսրայելյանը:

Այդ դեպքում ինչո՞վ է ապրում Իսրայելյանը, եթե նա աշխատավարձ չի ստացել և այժմ էլ չի պատրաստվում աշխատավարձ ստանալ: «Ես Ամերիկայում ազգականներ ունեմ, ունեմ հասուն զավակներ, որոնք բարձր աշխատավարձ են ստանում, լավ աշխատանք ունեն: Բայց ես ուզում եմ ինձ նվիրել իմ քաղաքին, ուզում եմ իմ քաղաքում մեռնել»:

Չնայած Իսրայելյանի բոլոր հավաստիացումներին, որ նա որևէ կապ չունի ԲՀԿ նախկին նախագահի հետ և առաջադրվելու որոշումն էլ կայացրել է ինքնուրույն, նա լինելու է մեկը այն թեկնածուներից, որը փորձելու է խոչընդոտել Ծառուկյանի հիմնական մրցակից Արթուր Հարությունյանի (Պալաչ) ընտրությանը: Ծառուկյանի համար ընդունելի է քաղաքապետի ցանկացած թեկնածու, միայն թե ոչ Հարությունյանը, և նա այժմ թեկնածուների ընտրության փուլում է: Ի դեպ, չնայած Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը ապրիլի 2-ին է նշանակվել Կոտայքի մարզպետ և Աբովյանի քաղաքապետի պաշտոնը արդեն երկու շաբաթ թափուր է, սակայն այս պահին դեռ հստակ չէ, թե երբ է տեղի ունենալու քաղաքապետի ընտրությունը: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք դեռ չեն ստացել կառավարության որոշումը, և այս պահին դեռ հստակ չէ, թե երբ կարող է նշանակվել ընտրությունը:

www.1in.am
Հեղինակ՝ ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Related posts

Leave a Comment