News/Նորություններ

One should be all ears when someone says-Armenian

ՙԱսողին լսող է պետք՚

Գաղտնիք չէ, որ Աբովյանը եղել է ակտիվ մշակույթային կյանքով ապրող երիտասարդ քաղաք: Համոզված եմ, որ ձեզանից շատերը նրա ձեւավորման ընթացքում իր լուման է ներդրել: Այսօր մեր զրուցակինցն է մշակույթային ակտիվ գործիչներից մեկը, Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ճանաչում եւ հարգանք ձեռք բերած դերասան եւ ռեժիսոր Արմեն Կարապետյանը: Մարդ, որը թե հիմադրման օրերին, եւ թե այսօր մեծ ներդրում ունի մշակույթի եւ արվեստի բնագավառներում:

Աբովյանը 40 տարեկան է, եւ եթե համեմատենք Գյումրիի, Աշտարակի, Արտաշատի եւ այլ մշակույթային կայացած քաղաքների հետ, ապա կտեսնենք, որ այն իր մշակույթային հենքը եւ արմատները չունի, քանի որ երիտասարդ քաղաք է, եւ բացի այդ այստեղ բնակվում են Հայաստանի տարբեր շրջաններից մարդիկ, որոնք բերել եւ թելադրում են իրենց մշակույթն ու արվեստը: Սակայն Աբովյանն ունի մշակույթային հզոր պոտենցիալ եւ դրանով պետք է զբաղվեն մարդիկ, ովքեր մոտ են կանգնած արվեստին ու մշակույթին: Այսինքն, որպեսզի քաղաքում ձեւավորվի ազգային արմատներից բխող արվեստ եւ մշակույթ, հարկավոր է տեղ տալ արվեստաբաններին, լեզվաբաններին, պատմաբաններին եւ մարդկանց, որոնք քաջատեղյակ են ազգային մշակույթից, գործող, ստեղծագործող եւ ներկայանալի դեմքեր են մեր այսօրվա արվեստում: Հակառակ դրան հատկապես ՙհեղաշրջումից՚ հետո տեղի ունեցավ անկանոն, քաոսային կադրային քաղաքականություն: Սկսեցին պատասխանատու պաշտոններ զբաղեցնել մարդիկ, որոնց ընտրությունը կատարվում էր կուսակցական պատկանելությամբ կամ ազգակցական, բարեկամական պատկանելությամբ, որին հանդիպում ենք մինչեւ օրս: ՙՔանի որ հայտնի է, թե քանդելը ավելի հեշտ է, քան կառուցելը, 15 տարում միջակությունները եւ դելետանտները հիմնահատակ քանդեցին այն ամենը, ինչ որ քիչ թե շատ կառուցվել էր 40 տարիների ընթացքում: Արդյունքում ունենք այն, ինչը չի կարող գոհացնել պրոֆեսիոնալ արվեստագետին, որոնք հեռացել կամ հեռանում են քաղաքից եւ գործունեություն ծավալում Հայաստանի տարբեր քաղաքներում եւ Հայստանից դուրս՚, – ասում է Արմեն Կարապետյանը:

Մենք խոսեցինք քաղաքի մշակույթային կյանքի մինուսների մասին, պատճառաբանելով, որ Աբովյանը ինքը բնակեցված է Հայստանի տարբեր շրջաններից եկած մարդկանցով, հետեւաբար ունի տարբեր սովորույթներ ու մշակույթ: ՙ Ես միշտ շեշտել եմ, որ քաղաքը հզոր մշակութային պոտենցիալ ունի, ուղղակիորեն նկատի ունենալով հենց այդ մարդկանց ու այդ խմբերին: Յուրաքանչյուր այդպիսի խումբ ներկայացնում է տարբեր ժողովուրդների, բնակավայրերի, ժողովրդական մշակույթը, լինի դա արվեստ, լինի դա սովորույթներ, թե խոհանոց, թե զուտ մարդկային հարաբերություններ՚, – ասում է Ա.Կարապետյանը:

Զուտ բարձր ինտելեկտ ունեցող մտավորականները կարող էին կոորդինացնել այս ամենըª ձեւավորելով ինքնուրույն դեմք եւ մշակույթ ունեցող կայացած քաղաք: Նախկինում դա ինչ որ կերպ հաջողվում էր, քանի որ դրանով զբաղվում էին քիչ թե շատ համապատասխան կրթություն ստացած մարդիկ եւ միայն ժամանակի խնդիր էր, որպեսզի Աբովյանը լիներ ինքնատիպ իր սովորույթներով եւ մշակույթով հաստատված, կայացած քաղաք: ՙՀույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ խառնաշփոթը կվերանա եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Իսկ առայժմ քաղաքի երիտասարդությունը եւ փոքրաթիվ մտավորականությունը ստիպված է իր հոգեւոր պահանջը լրացնել Աբովյանից դուրս՚, – ասում է Ա. Կարապետյանը:

Մինչ 90ական թվականները Աբովյան քաղաքը ներկայացնող մշակույթային եւ սպորտային շատ խմբեր կային, հիշենք ընդամենը մի քանիսըª ՙԿոտայք՚, ֆուտբոլային թիմը, ՙՀատիս՚ բասկետբոլային թիմը, Աբովյանի ժող. գործիքների անսամբլը, ՙՀայելի՚ ժող. թատրոնը, Աբովյանի ՙԱկունք՚ վոկալ – գործիքային անսամբլը եւ այլն: Ներկայումս նրանց բազայի վրա գործում են ստեղծագործական խմբեր: ՙԳեղարդ՚ պարային համույթը փորձեց վերականգնելª չստացվեց, թատրոնը վերականգնելու փորձերը նույնպես ձախողվեցին, ցրվեց ժող. գործիքների անսամբլը, ՙՀատիս՚ բասկետբոլային թիմը: Կա ՙԿոտայք՚ ֆուտբոլային թիմը, բայց… Իսկ թե որոնք են պատճառները Ա. Կարապետյանը պատասխանեց. ՙԿան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ: Այս ամենը կարող է նորից լինել, բայց դրա համար աշխատել է պետք, որովհետեւ իմ մեծագույն համոզմունքն է. ով ուզում է աշխատել գտնում է միջոցներ, ով չի ուզումª գտնում է պատճառներ՚: Նա ցավում է, որ հիմա չեն կարող եկողներին թողնել այնպիսի ժառանգություն, ինչպիսին որ ստացել են նախորդներից: Չնայած վստահեցնում է, որ դրա ցանկությունը շատ մեծ է:

Ժողոդրդական ասացվածքն ասում է. ՙՀարեւանի հարսը միշտ գեղեցիկ է՚, կնշանակի մինչեւ մենք Աբովյանցիներս վերջնական մեզ համար չորոշենք, որ մենք ենք մեր քաղաքի տերը, որ մենք պիտի կառուցենք մեր քաղաքը, որ մեր աշխատանքով պիտի դարձնենք այն բարգավաճª ՙհարեւանի հարսը միշտ գեղեցիկ է լինելու՚: Քանի չենք հասկացել, որ մեր քաղաքի արվեստագետները, նկարիչները, երգիչ – երաժիշտները, պարողները, դերասանները, ռեժիսորնեը, բանաստեղծները շատ ավելի մեծ արժեք են ներկայացնում քան մայրաքաղաքային միջակությունները ՙհարեւանի հարսը միշտ էլ գեղեցիկ է լինելու՚: Քանի գլխի չենք ընկել, որ մեր տեղի կադրերին մեծարելը, խրախուսելը, միասին աշխատելը, մեկս մյուսի ներողամիտ մոտեցումը մեզ համար չենք դարձրել առաջնային, ՙհարեւանի հարսը միշտ գեղեցիկ է լինելու՚: Ին±չ է առաջարկում Ա.Կարապետյանը. ՙԱռաջարկում եմ, ոչ թե անընդմեջ պահանջել, խնդրել, միջոցներ մուրալ, այլ ինքներս փորձենք օգնել, աջակցել մեկս մյուսին, օգտագործել մեր հնարավորությունները օգնելու մյուսներին: Քանի բոլորս չենք համախմբվել մեր քաղաքի մշակույթով զբաղվող օջախի շուրջ, որն է մշակույթի բաժինը չենք ունենա ներկայանալի մշակույթ: Մշակույթ, որի մասին բազմիցս խոսել, այժմ էլ խոսում ենք եւ դեռ մեզանից հետո էլ պիտի խոսեն՚:

Իսկ որպեսզի խոսեն, անհրաժեշտ է ունենալ ակտիվ եւ մշակույթային երիտասարդություն: Շատ են զրույցներ այն մասին, թե չափանիշները փոխվել են, որ երիտասարդությունն այսօր հետաքրքրվում է շատ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով, ունեն մակերեսային վերաբերմունք արվեստի կամ ուսման նկատմամբ: Ա.Կարապետյանը համամիտ չէ այս կարծիքներին. ՙԱյդ ամենին կարող եմ համաձայնվել ընդամենը վերապահումներով, որովհետեւ ձիրքը ուսման, մշակույթի բարձրարժեք արվետի նկատմամբ մեծ գենոֆոնդում եղել է ու միշտ կլինի: Այն վերացնելու ի զորու չեղան ոչ դարավոր օտարների հպատակությունները, ոչ եղեռնը եւ ոչ էլ միջակությունների այս 15-ամյա քայլարշավը: Կան ավելի շնորհալի երիտասարդներ, սկզբունքային եւ շատ ավելի ազատատենչ՚:

Վերջ ի վերջո մշակույթի եւ արվեստի ճշմարիտ եւ պրոֆեսիոնալ ներկայացուցիները ազգի դեմքը եւ այցեքարտն են:

Related posts

Leave a Comment