We must remember them name by name
Աբովյան քաղաքի Նիկոլ Վանյանի անվան թիվ 5 հանրակրթական դպրոցում մարտի 31-ի վաղ առավոտից անսովոր եռուզեռ էր տիրում: Նշվելու էր Արցախյան մարտերում զոհված հերոս Նիկոլ Վանյանի 50-ամյակը, ինպես նաև տեղի էր ունենալու դպրոցի բակում հերոսի կիսանդրու բացման արարողությունը:
Նիկոլ Վանյանը ծնվել է 1961թ. մարտի 31-ին Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում, սովորել է թիվ 5 միջնակարգ դպրոցում, ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտը, ծառայել է ԽՍՀՄ բանակում, 1988-91թթ. ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը` Խնձաձորի, Ղարադաղլուի, Քարինտակի, Շահումյանի շրջանների ազատագրմանը, պարգևատրվել է Մայրական երախտագիտություն և ՀՀ նախագահի Արիության մեդալներով: Զոհվել է Կրկժանում` 1991թ. դեկտեմբերի 28-ին:
Ընկերները նրան Նիկոլ էին ասում` ի պատիվ Նիկոլ Դումանի, քանի որ վերջինիս նման հնարամիտ էր ու խիզախ: Այսօր գրեթե առասպել է դարձել Ն. Վանյանի հանդուգն ձեռնարկումներից մեկը. բարձրացնել հայկական եռագույնը դեռ չվերանվաճված Շուշիում: Ինչպես պատմում են մարտական ընկերները, Նիկոլը թշնամու բարձրակետերից մեկում հայկական դրոշ դրեց, ու միշտ հեռադիտակով նայում էին: Միայն երկու օր հետո է թշնամին հասկացել, որ դա հայկական դրոշն է, այլ ոչ` իրենցը:
2001թ. Աբովյանի թիվ 5 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Արցախ գնդի քաջարի հրամանատար Նիկոլայ Վանյանի անունով: Արդեն տաս տարուց ավելի է դպրոցի ավանդույթներից է դարձել հերոսի ծննդյան տարելիցին նվիրված ամենամյա հուշ ցերեկույթի կազմակերպումը:
Նախքան միջոցառման պաշտոնական արարողությունը, հերոսի ընտանիքի անդամները, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը, մարտական ընկերները առավոտյան այցելեցին Ն. Վանյանի շիրմին` թարմ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, հերոսի հարազատները, սպաներ, մարտական ընկերները, մանկավարժներ, աշակերտներ: Իր բացման խոսքում դպրոցի տնօրեն Սիրանույշ Միքայելյանը նշեց. Այսօր իրավունք չունենք չհիշելու մեր սրտից պոկված նշխար մասունքները, մեր զավակների անունները: Իրավունք չունենք մոռանալու, որովհետև անմահները հրամայում են հիշել իրենց անուն առ անուն, հիշել պաշտպանության զոհասեղանին դրված յուրաքանչյուր մարտիկի կյանքն ու փորձը :
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Այս օրը մի քանի խորհուրդ ունի իր մեջ. առաջին հերթին մենք հիշում ենք այն ազատամարտիկներին, ովքեր իրենց անունը դասեցին մեր պատմության մեջ, հիշում ենք ոչ միայն Նիկոլին, այլև զոհված բոլոր ազատամարտիկներին. Արցախյան գոյապայքարը չէր կարող հաղթանակներ ունենալ առանց մեր մարտական ընկերների անձնազոհության: Այսօրվա երկրորդ խորհուրդն այն է, որ դպրոցն անվանակոչելով Ն. Վանյանի անունով և բացելով հուշարձանը` մենք բաց ռազմահայրենասիրական դասարան ենք ստեղծում այս դպրոցի առջև: Մեր դպրության օրրաներն ամենակարևոր կենտրոններն են, որոնք փոխանցում են մեր հերոսների սխրանքները մատաղ սերնդին :
Միջացառման ընթացքում ընթերցվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրման մասին:
Մենք հպարտ ենք, որ ունենք նման հերոսներ,մենք պարտավոր ենք հիշել նրանց, մենք վստահ ենք, որ սա ևս մի քայլ է` ապացուցելու, որ մեր անձնազոհ հերոսներն այսօր էլ անում են իրենց գործը` պատմության դասերը մատաղ սերնդին փոխանցելով և նրանց մեջ ռազմահայրենասիրական ոգի սերմանելով: