Articles/Հոդվածներ Media/Մամուլ

Հարությունն իր ողջ կյանքն ապրեց հայրենիքով ու հայրենիքն իր սրտում էլ անմահացավ

Երբ հերոսականը լինում է մարդու հոգում և գիտակցության մեջ, նրան մարտադաշտ անհրաժեշտ չէ ինքնադրսևորվելու և հերոսական կեցվածք ցուցաբերելու համար:

Բայց, երբ գալիս է հայրենիքը պաշտպանելու անհրաժեշտությունը, նրանք դառնում են անկասելի արծիվներ մարտի դաշտում: Այս բնորոշումը, կարծես, Ստեփանյան Հարությունի մասին է:

Հարությունը ծնվել է 1974թ. ապրիլի 4-ին:Նա ապրեց իրական հերոսական կյանքով, իսկ հետո անմահացավ կռվի դաշտում: Որտեղ հայրենիքն ուներ խնդիրներ, այնտեղ էր Հարությունը, այնտեղ էր Հարությունի պայքարը: Գործի մարդ էր՝ գործով հայրենիքը սիրելու հայ էր:
Իր անշահախնդրությունն անսահման էր, իսկ հայրենիքին նվիրվելու եռանդը՝ անսպառ: Որքան նվիրված էր հայրենիքին, նույնքան էլ ընտանիքին ու հարազատներին:
Աննկարագրելի վերաբերմունք ուներ բոլոր հարազատների, ընկերների, բարեկամների հանդեպ, հենասյուն էր բոլորի համար: Ինչպես ընկերներն են նշում, նա կատարյալ չէր, բայց ձգտում էր կատարելության:

Հարությունն իր ողջ կյանքն ապրեց հայրենիքով ու հայրենիքն իր սրտում էլ անմահացավ Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ:Նա մի ողջ ազգի ոգի էր, իր ապրած կյանքով դարձել էր հայ մարդու, ընկերոջ, հոր, զավակի օրինակ, նա արժեք էր մեր ամբողջ ազգի համար, իսկ այժմ դարձավ տիեզերական հավերժության մի մասնիկը:Փառք ու խոնարհում քեզ, անփոխարինելի հայ:

Հեղ.՝ Գեղամա Խուդավերդյան

Related posts