Հիրավի պատմական իրադարձություն՝ Աբովյան քաղաքում
Ավելի քան 60 հազար բնակիչ ունեցող Աբովյան քաղաքում մինչ օրս գործող միակ եկեղեցին 1851 թվականին կառուցված Սուրբ Ստեփանոսն էր` Էլլար թաղամասում:
Սակայն մայիսի 14-ին աբովյանցիներն ու հավատավոր ժողովուրդը ականատես եղան հիրավի պատմական իրադարձության՝ Աբովյան քաղաքում նոր եկեղեցու հանդիսավոր բացման արարողությանը: Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006 օգոստոսի 24-ն, կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ:
Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությամբ:
Եկեղեցու օծման և բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հրավիրյալներ, Հայաստանի և այլ երկրների աշխարհիկ ու հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Նորակառույց եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորեցին թեմակալ առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը և թեմի հոգևոր դասը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման հանդիսավոր կարգին մեծ էկրանների միջոցով հետևելու հնարավորություն ունեցավ եկեղեցու բակում հավաքված ժողովրդի հոծ բազմությունը:
Սաղմոսերգությանը, աղոթքներին ու շարականներին հաջորդեց օծումը, վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորակառույց եկեղեցուն փոխանցեց Մայր Աթոռից բերված Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը: Արարողությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:
Օծման արարողությունից հետո եկեղեցում մատուցվեց առաջին Ս. Պատարագը: Պատարագիչն էր թեմակալ առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:
Նշենք, 50 մետր բարձրություն ունեցող շքեղակառույց տաճարի ճարտարապետը Արտակ Ղուլյանն է, նախագծի կոնստրուկտորները՝ Հովհաննես Մեյրոյանը և Տիգրան Դադայանը:
Որմնանկարների հեղինակներն են հայր և որդի Աբրահամ ու Հայկ Ազարյանները:
Եկեղեցու քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ և զարդագործ-վարպետ: