Բաց նամակ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին
Պարոն քաղաքապետ, հուլիսի 26-ին 168.am լրատվական կայքում հրապարակվել է Անի Կարապետյանի հոդվածը, որտեղ ներկայացվում է Աբովյանի նշանավոր հուշարձաններից մեկը՝ Սարալանջ թաղամասում գտնվող Տրդատ Գ թագավորի արձանը:
Ինչ-որ մարդիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, մի նոր վանդալիզմ էին իրականացրել՝ թագավորի արձանի մատները ներկելով և դրանց «կանացի տեսք» տալով: Մենք գնացինք հոդվածի հետքերով ու տեսանք, որ քաղաքակիրթ մարդիկ արդեն մաքրել էին ներկը, սակայն արձանը և առհասարակ հուշարձանի տարածքը շարունակում էր մնալ անխնամ և անմխիթար վիճակում, իսկ վիճակն այսպիսին է.
- Արձանի վրա շարունակում են մնալ զանազան գրություններ
- Ծառերը փակել են արձանը, և այն շատ դժվար է նշմարվում (մերձակա շինության պարիսպը ևս նվազեցնում է արձանի տեսանելիությունը)
- Լուսավորության բացակայության պատճառով տարածքը «հարմար» վայր է դառնում «ռազբորկաների» համար, «գրավում է» հարբեցողների, ինչպես նաև այլ հոգեմետ մոլուցքների հակում ունեցող անձանց: Տարածքում կարելի է տեսնել բազմաթիվ կոտրված և չկոտրված շշեր, ապակիներ և այլն…
- Հուշարձանից մոտ 30 մետր հեռավորության վրա տեղադրված են աղբարկղեր, որոնք, կարծում ենք, նույնպես անհամատեղելի են հուշարձանի հետ
Մենք՝ Աբովյանի Սբ. Ստեփանոս եկեղեցու երիտասարդներս, կիրակի՝ հուլիսի 28-ին, մաքրեցինք հուշարձանի տարածքը աղբից և կատարեցինք արձանի մասնակի մաքրում: Չկարողացանք այն ավարտին հասցնել որոշ աշխատանքային գործիքներ, նյութեր և լիազորություններ չունենալու պատճառով:
Պարոն քաղաքապետ,
Նկատի ունենալով Տրդատ Գ թագավորի կարևորագույն տեղն ու դերակատարությունը մեր ազգի պատմության մեջ
Հաշվի առնելով պատմական հուշարձանի կարևորությունը որպես քաղաքի այցեքարտ
Կարևորելով ազգային արժեքների պահպանումը, որ փոխանցվում է մատաղ սերնդին նաև նման հուշարձաններով՝
Խնդրում ենք
Ձեր լիազորությունների շրջանակում տալ հանձնարարականներ
- Արձանի և դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքների մասին (ներառյալ այնպիսի միջոցառումներ, որոնք արձանն ավելի տեսանելի կդարձնեն)
- Աղբամանները բնակելի շենքերին մոտ մեկ այլ վայր տեղափոխելու մասին
Ինչպես նաև՝
- Ժամանակակից լուսավորության միջոցներով ձեռնամուխ լինել արձանի տեսանելիության ապահովմանը նաև գիշերը՝ մթնելուց մինչև լուսաբաց.
- Հետևողական լինել ցանկալի բարեկարգ վիճակը մնայուն պահելու խնդրում
Աբովյան քաղաքի Սբ. Ստեփանոս եկեղեցու երիտասարդներ
29.07.2013թ.
Աբովյանի քաղաքապետարանի պատասխան-նամակը
Սբ. Ստեփանոս եկեղեցու երիտասարդներ,
Ի պատասխան Ձեր <<Հրապարակ>> թերթում տպագրած Աբովյանի քաղաքապետ Կ. Գուլոյանին ուղղված բաց նամակի (29.07.2013թ.) հայտնում ենք, որ ցավով ենք ընդունում հուշարձանների և ընդհանրապես պատմամշակութային արժեքների նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսևորում, միևնույն ժամանակ տեղեկացնում, որ վերոնշյալ հանցագործության բացահայտումը և մեղավորներին պատժելը չի մտնում քաղաքապետարանի գործառույթների մեջ:
Հուշարձանի և հարակից տարածքի պահպանությունը քաղաքապետարանը իրագործում է իր հնարավորությունների և լիազորությունների սահմանում: Քաղաքի տարբեր հատվածների, զբոսայգիների, պուրակների և փողոցների բարեկարգման աշխատանքներն իրագործվում են ըստ ծրագրի և ժամանակացույցի: Հուշարձանի հարակից տարածքի ոչ ցանկալի վիճակը պայմանավորված է նաև ջրաոռոգման համակարգի բացակայությամբ, որը չի եղել երբևէ:
Քաղաքապետի հանձնարարությամբ արդեն իսկ տարվում են հսկայածավալ աշխատանքներ Էլար և Սարալանջ թաղամասերը ջրաոռոգման համակարգով ապահովելու համար: Այս դեպքում հուշարձանի տարածքի կանաչապատումն ու ծառերի էտումը կլինի արդյունավետ, իսկ բարեկարգումը տեսանելի:
Ինչ վերաբերում է հուշարձանի գիշերային լուսավորությանը, ապա մենք կարևորում ենք քաղաքի բոլոր հուշարձանների լուսավորումը, սակայն միշտ չէ, որ ցանկությունները համընկնում են հնարավորությունների հետ: Չթերագնահատելով հուշարձանների լուսավորության կարևորությունը և ավարտելով կենտրոնական փողոցների գիշերային լուսավորության աշխատանքները` դեռևս առաջնային է համարվում քաղաքի ընդհանուր լուսավորության խնդիրը: Ի վերջո ցանկացած աշխատանք արվում է աստիճանաբար՝ համայնքային բյուջեի հնարավորությունների սահմանում:
Քաղաքապետ Կ. Գուլոյանը կարևորելով համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը քաղաքի կյանքին, գնահատում է Ձեր մտահոգությունը, բայց և անհասկանալի համարում բաց նամակի հրապարակումը: Վստահեցնում ենք, որ Աբովյանի քաղապետարան ուղղարկված որևէ դիմում կամ նամակ երբեք չի մնում անպատասխան: