>
Kotayks Governer
News/Նորություններ

Եթե ինչ-որ մեկը ջուր է բաժանել, դա իրեն թույլ է տալիս օրենսգրքի խախտումներով աճուրդնե՞ր անել

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե երբ ենք, ի վերջո, Կոտայքում ունենալու բարեկարգ ճանապարհներ։ Պետրոսյանը նախ թվարկեց, թե քանի տեսակի ճանապարհ գոյություն ունի՝ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներ, որոնք գտնվում են տրանսպորտի նախարարության ենթակայության տակ, մարզային նշանակության ճանապարհներ, եւ երրորդը՝ համայնքային ճանապարհներ, որոնք պետք է վերանորոգեն համայնքային իշխանությունները՝ իրենց համայնքի բյուջեից։ Առաջին երկուսով արդեն կան ծրագրեր, ու որոշ հատվածներում արդեն խոշոր հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ, այ, համայնքների դեպքում, պարզվում է, խնդիրը քաղաքական է։ Համայնքապետեր կան, որոնք, ըստ մարզպետի, սաբոտաժ են անում իր դեմ, ինչի արդյունքում, օրինակ, չեն սարքում իրենց համայնքների ճանապարհները։

«Ահա այստեղ է, որ գալիս է քաղաքական խնդիրը տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ տարբեր քաղաքական ուժերի, տարբեր հոսանքների հարելու դեպքում, նույն արժեհամակարգը չկիսելու, քաղաքական նույն մշակույթը չկիսելու պարագայում տուժում է աշխատանքը կոնկրետ համայնքներում։ Մեր քաղաքացիները, հասարակությունը ակնկալում է կառավարությունից ու մարզպետից, իսկ կոնկրետ բյուջեն ու դրանք կիրարկելու գործիքակազմը գտնվում է համայնքի ղկավարի եւ ավագանու ձեռքում»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

– Այսինքն՝ սաբոտա՞ժ են անում նախորդ իշխանությունից մնացած համայնքապետերը։

– Այո, սաբոտաժի դեպքեր ունենք։

– Օրինակ՝ Չարենցավանի քաղաքապետը սաբոտաժ անո՞ւմ է, որովհետեւ նա էլ է նախորդ իշխանությունից մնացած քաղաքապետ, ու Չարենցավանում էլ ճանապարհների վիճակը լավ չէ, թեպետ սպասում են ձնհալին, որ սկսեն նորոգումը։

– Չարենցավանի քաղաքապետի պարագայում չէի ասի, որ սաբոտաժ ունենք։ Սաբոտաժի դրվագներ ունենք վերջին օրերին Աբովյանի քաղաքապետի կողմից։ Իսկ Չարենցավանում ճանապարհների վիճակը շատ կլավանա ձնհալից հետո։ Ես հավաստիացնում եմ, որ լուրջ փոսալցման աշխատանքներ են նախատեսված Չարենցավանում։ Բայց սաբոտաժի դրվագներ կոնկրետ Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից չենք նկատել։

– Իսկ ո՞ր համայնքների ղեկավարների կողմից եք նկատել։

– Էդ մասին խոսել եմ էս երկու օրը։ Օրինակ՝ Աբովյանի քաղաքապետարանում վերջերս հողային աճուրդներ կայացան, ինչին ես դեմ էի արտահայտվել եւ հստակ օրենքներին հղումներով առաջարկել էի կասեցնել աճուրդները, սակայն քաղաքապետը չկասեցրեց, որի արդյունքում ես դարձյալ պնդեցի օրենսդրական կարգավորման հղումներով, Հողային օրենսգրքի ՏԻՄ մասին օրենքներին հակասող դրույթներով, եւ քաղաքապետը հինգ լոտեր չեղարկեց իմ կրկնակի հորդորից հետո։ Իսկ կատարված լոտերի մեջ էլ, իմ գնահատմամբ, առերեւույթ խախտումներ ենք նկատել, ինչին կտրվի, հավանաբար, իրավական գնահատական։

– Դա գնահատում եք քաղաքական կուրսով պայմանավորված սաբոտա՞ժ Աբովյանի քաղաքապետի կողմից։

– Ես գնահատում եմ դա ընդառաջ Աբովյանի քաղաքապետի հերթական ընտրություններին, դիրքավորումների հստակեցում քաղաքային իշխանությունների կողմից, ինչպես նաեւ վերջին վեց ամիսներին, քանի որ աճուրդը չէր կայացել, բայց մեր քաղաքապետը, իմ տպավորությամբ, որոշակի պարտավորություններ էր ստանձնել տարբեր շրջանակների, տարբեր անձանց նկատմամբ, ուստի չէր կարող մինչեւ իր հավանական հեռացումը դա չիրականացնել։

– Բայց Աբովյանի քաղաքապետը Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի «քվոտայով» ընտրված քաղաքապետ է, Ծառուկյանն էլ հեղափոխությանը ջուր է բաժանել, աջակցել է Նիկոլ Փաշինյանին․․․

– Ե՞վ․․․ եթե ինչ-որ մեկը ջուր է բաժանել, դա իրեն թույլ է տալիս Հողային օրենսգրքի կոպիտ խախտումներով աճուրդնե՞ր անել մեր համայնքներում։

– Նկատի ունեմ՝ ԲՀԿ-ն քաղաքական առումով աջակցել է ձեզ, այնպես չէ, թե ձեզ դեմ է եղել, թեպետ հիմա ընդդիմություն է։

– «Բարգավաճ Հայաստանը» պառլամենտում ինչո՞վ է զբաղված հիմա՝ ընդդիմություն է։

– Չգիտեմ, դուք ասեք։ Ամեն դեպքում՝ իշխանություն չէ։

– Իշխանական չէ, համենայնդեպս։ Այո, Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ աջակցությունն է վայելում, նաեւ իրենց գործուն աջակցությամբ է ընտրվել 4 տարի առաջ, բայց առաջիկայում ունենք արդեն հերթական ՏԻՄ ընտրությունները, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, անշուշտ, առաջադրելու է իր թեկնածուին։

– Այսինքն՝ առաջիկա ընտրություններով պայմանավորված՝ լարվածությո՞ւն է առաջացել ձեր միջեւ։

– Նու, ես առերեւույթ այդպիսի նշումներ տեսնում եմ։

– Իսկ ո՞վ է լինելու ձեր թեկնածուն։

– Այդ մասին ավելի ուշ մենք կազդարարենք։

– Ի դեպ, ասում են՝ Կոտայքի մարզում իշխանությունը երկու թեւի է բաժանվել, մի թեւը Դուք եք՝  Ձեր մարզպետական ռեսուրսներով, մյուսում Սասուն Միքայելյանն է՝ իր գրեթե գեներալական կարգավիճակով։ Եվ  խոսվում է Ձեր եւ նրա միջեւ առկա լարվածության մասին, որ մարզը բաժանվել է երկուսիդ միջեւ՝ գումարած Աբովյանի քաղաքապետը՝ իր ծառուկյանական աջակցությամբ։

– Չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում, բայց Կոտայքի մարզում տարածքային կառավարման ինստիտուտի առումով որեւէ խնդիր չկա։ Ես՝ որպես տարածքային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչ, լիարժեքորեն իրացնում եմ իմ բոլոր լիարզորություններն ամբողջ մարզի տարածքում, իսկ Սասուն Միքայելյանի հետ մենք ունենք քաղաքական, գործընկերային շատ լավ հարաբերություններ, ինչպես նաեւ երկուսս էլ ՔՊ վարչության անդամներ ենք, Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության նախագահն է, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, այսինքն՝ քաղաքական որեւէ տարաձայնություն չունենք, իշխանության բաժանման որեւէ դրվագ չունենք։

– Ամեն դեպքում, Կոտայքի մարզում կա երեք խոշոր կենտրոն, Դուք՝ որպես մարզպետ, Սասուն Միքայելյանը՝ որպես ՔՊ վարչության նախագահ, եւ Գագիկ Ծառուկյանը՝ որպես խոշոր սեփականատեր, ում տիրապետության տակ են Առինջն ու Աբովյանը։

– Ոչ, Աբովյանն ու Առինջը որեւէ մեկի տիրապետության տակ չեն։ Աբովյանը եւ Առինջը Կոտայքի մարզի առաջադեմ համայնքներ են, որոնք գտնվում են մարզի վարչական տարածքում, եւ կառավարչական առումով տարածքային կառավարման ինստիտուտները եւ տեղական ինքնակառավարման մարմինները փոխգործակցաբար կառավարում են այդ մարմինները։ Ես Ձեզ հավաստիացնում եմ։

– Դուք լրիվ ազա՞տ եք Ծառուկյանին պայմանականորեն ենթարկվող այդ տարածքներում։

– Լիարժեք։ Որեւէ կաշկանդում ես չունեմ, նաեւ դրա վառ ապացույցը իմ՝ ռեյտինգայինով ֆիքսած ձայների քանակն էր մարզում՝ 21 հազար ձայն եմ ես հավաքել։

– Այսինքն՝ «ազատագրել» եք Աբովյանն ու Առինջը Գագիկ Ծառուկյանից։

– Ես ազատագրելու խնդիր չեմ դրել իմ առջեւ, ես դրել եմ օրենքի գերակայության եւ իրավական պետության նորմերին համապատասխան կառավարման անհրաժեշտություն Կոտայքի մարզում, ինչը լիարժեք ընթանում է ամբողջ ծավալով։

Related posts