News/Նորություններ

Հակասություն Կոտայքի մարզպետի և Աբովյանի քաղաքապետի միջև

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետը նշեց, որ լրացուցիչ փաստեր ձեռք բերելու համար լրացուցիչ փաստարկներ է պահանջում քաղաքապետարանից հավելյալ հինգ լոտերի չեղարկման առումով: «Մեկը նախապես չեղարկել և ինձ գրավոր տեղեկացրել էին, հետո նաև պարզ դարձավ, որ հենց աճուրդի օրը մեր բարձրացրած մտահոգությունների հիման վրա կոնկրետ չորս լոտերի հետ կապված հողատարածքներ են, որտեղով կոմունիկացիաներ են անցնում, և Հողային օրենսգրքով այդ հողաբաժիններն առհասարակ ենթակա չեն օտարման։ Մինչ քաղաքապետարանի մեր գործընկերները փարատում էին մեր մտահոգությունը, որ բոլոր հողակտորները մանրամասն ուսումնասիրված են, և որևէ խնդիր չկա, օրենսդրական որևէ կաշկանդում չունեն իրենք աճուրդի դնելու, սակայն մեր փաստարկված հարցումներից ելնելով՝ հենց աճուրդի օրը իրենք աճուրդի մասնակից քաղաքացիներին բանավոր իրազեկել են, որ այդ չորս լոտերը ևս չեղարկվում են։ Եվ հիմա այդ չորս լոտերի չեղարկման իրավական հիմքերն ենք մենք պահանջում քաղաքապետարանից: Այդ հիմքերը ունենալուց հետո, երբ տեսնենք, որ դրանք բավարար չէին ոչ միայն նախապես դրանք չչեղարկելու, այլ նաև հետագայում փաստացի ապօրինի չեղարկելու համար, ես չեմ բացառում, որ այս ամբողջ փաթեթը փոխանցվի իրավապահներին, որպեսզի դրան իրավական գնահատական տրվի»,- ասաց մարզպետը:

Նրա խոսքով` Աբովյանի ֆոնդային բյուջեում այս պահին կա շուրջ 400 միլիոն դրամ, և այսքան ունենալով հանդերձ՝ 2019-ի համար որևէ սուբվենցիոն համաֆինանսավորման ծրագրի հայտ մեր միջոցով չի ներկայացվել. «Սա այն դեպքում, երբ այսօր արդեն վերջնական հայտերն ամփոփելու արդյունքում մենք արձանագրեցինք, որ Կոտայքի մարզի 40 բնակավայրերից այս պահին ունենք շուրջ 68 սուբվենցիոն հայտեր, մոտավորապես չորս միլիարդ դրամի ծրագրեր, որի հիսուն տոկոսը կառավարությունից ենք ակնկալում, հիսուն տոկոսն էլ համայնքային բյուջեից ենք նախատեսելու: Խոսքը հինգ մանկապարտեզների, երկու մշակույթի տան կառուցման, ինչպես նաև 6-7 մշակույթի տների հիմնանորոգումների մասին է, բազմաթիվ համայնքներում ջրագծերի, գազիֆիկացման մասին է, նաև նախատեսվում է բազմաբնակարան տասնյակ շենքերի տանիքների վերանորոգում և այլն»,- ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը:

Նա նկատեց, որ կոնկրետ լոտ ունեն, որը դարձյալ հիսուն տոկոս կադաստրային արժեքի մեկնարկային գնով է տրված եղել՝ հիմնավորմամբ, որ չի վաճառվում. «33-րդ լոտի կադաստրային արժեքի 50 տոկոսի չափը կազմում է 2,6 միլիոն, բայց այդ հողակտորը վաճառվել է 14 միլիոնով։

Այսինքն՝ կադաստրային արժեքի նախնական գին են սահմանել 50 տոկոսի չափով՝ հիմնավորմամբ, որ չի վաճառվում, բայց քանի որ մենք մրցակցություն ենք ապահովել, հանրության լայն զանգվածներին հուշել ենք, որ գնացեք և մասնակցեք այս աճուրդներին, 2,6 միլիոն գին ունեցող հողը փաստացի վաճառվել է 14 միլիոնով: 34-րդ լոտի կադաստրային արժեքի նախնական գինը 1,7 միլիոն է, վաճառվել է 6 միլիոնով։ Նմանատիպ հողակտոր կա՝ 35-րդ լոտն է, 1,7 միլիոն նախնական գինն է, բայց վաճառվել է 4,9 միլիոնով։ Աճուրդի մեկնարկային գները ես առաջարկում էի հիսուն տոկոսով չդնել, այլ դնել 100 տոկոսով, որովհետև այդ հողերի իրական արժեքները բազմապատիկ բարձր են, և այստեղ ես կոռուպցիոն ռիսկ եմ տեսնում, քանի որ եթե թանկարժեք հողերը դրված են 50 տոկոս արժեքով, կարող եմ կռահել, որ զարտուղի ճանապարհներով իրենք գումարներ են վերցնում, բայց բյուջե մուտք անելու համար սահմանում են արժեքի հիսուն տոկոսը։

2,6 միլիոնանոց հողը մեկնարկային արժեքով վաճառվել է 14 միլիոնով, քանի որ մենք մրցակցություն ենք ապահովել, մարդիկ գնացել մասնակցել էին, իսկ եթե չմասնակցեին, և աճուրդը կայանար այնպես, ինչպես նախկինում էր կայացել, հավանաբար 2,6 միլիոնին շատ չնչին գումար կավելանար, 2,7 միլիոն մուտք կարվեր տեղական բյուջե, իսկ 14 միլիոնի վճարի մասը պարզապես կգրպանվեր»,- ընդգծեց մարզպետը:

Աբովյանի քաղաքապետարանի այս քայլը, ըստ մարզպետի, իր մեջ նաև որոշակի քաղաքական սաբոտաժի բաղադրիչ ունի, քանի որ նոր իրողությունների ֆոնին, երբ տարածքային կառավարման ինստիտուտները ուժեղացել են, և տարածքային կառավարումը մասնավորապես Կոտայքում Սահմանադրությամբ մեզ վերապահված լիազորությունների ամբողջ ծավալով իրացվում է, դեռևս հին իրողություններով ընտրված քաղաքապետը, որը նաև այլ քաղաքական ուժի աջակցությունն է վայելում այդ քաղաքում, կարծես թե ցանկանում է դեռ հին նորմերով շարունակել իր աշխատանքը։

«Հողային օրենսգրքի 42-րդ հոդվածով մարզպետի լիազորությունների մեջ է մտնում նաև համայնքների ղեկավարների քաղաքականության վերահսկումը հողային քաղաքականության բնագավառում։ Իսկ առհասարակ ես չէի ուզենա կանխակալ գնահատականներ տալ, բայց գոնե մյուս համայնքներում մենք նման երևույթի ականատես չենք եղել, երբ չանսալով մեր հորդորներին՝ համայնքի ղեկավարները չհիմնավորված աճուրդներ հայտարարեն, կադաստրային արժեքի հիսուն տոկոսի չափով մեկնարկային գներ սահմանեն՝ այն դեպքում, երբ այդ հողերի շուկայական արժեքները տասնապատիկ ավելի բարձր են։ Իրականում Աբովյանի քաղաքացին տեղյակ չի եղել աճուրդների մասին, տեղյակ չի եղել, որ ինքը կարող է գնալ և տնամերձ հողամասի աճուրդին մասնակցել. այս ամենն արվել է զարտուղի ճանապարհներով»,- ասաց մարզպետը:

Իր հերթին Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հողակտորները դեռևս 2009 թվականից դրվում են աճուրդի և չեն վաճառվում. «Արդեն տևական ժամանակ է, որ աճուրդ չի կազմակերպվել: Մեզ շատ են դիմել քաղաքացիներ, նաև սիրիահայ ընտանիքներ, ազատամարտիկների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներ, բնակիչներ, որոնք ուզում են հող գնել, տուն կառուցել: Այս լոտերը որ կան, դրանցից 58-ը բնակելի կառուցապատման հողեր են, որոնցից մի քանիսը կադաստրային արժեքից ցածր են եղել, քանի որ որոշակի խոցելի խավերի համար են նախատեսված եղել: Դրանք 2009 թվականից տարբեր աճուրդներում եղել են, և գնորդներ չեն եղել: Այս անգամ էլ մոտ 17 հողակտորների համար ընդհանրապես հայտ չներկայացվեց, այսինքն՝ մարդիկ չցանկացան: Տարին 1-2 անգամ այս հողակտորները դրվում են աճուրդի: Մենք Աբովյան քաղաքում խրախուսում ենք բնակարանների կառուցումը, բնակֆոնդի բարելավումը»,- ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ աճուրդը եղել է օրենքով սահմանված կարգով, ինչի մասին նախապես հրապարակում եղել է «Ազդարար» և «Հայաստանի Հանրապետություն» թերթերում. «Աճուրդի ողջ գործընթացն ամբողջությամբ տեսանկարահանվել է, եղել են լրագրողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այսինքն՝ բաց, թափանցիկ գործընթաց է եղել: Մյուս կողմից՝ ի՞նչ է նշանակում «ոսկե ֆոնդ»: Այսինքն՝ դրանք լավ հողե՞ր են, բա էդ դեպքում ինչո՞ւ մասնակից չեղավ: «Ոսկե ֆոնդ» ասելով կարելի է հասկանալ նաև, որ դրանք Աբովյանի վերջին հողերն են, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Էլի եմ ասում՝ 67 հողակտորներից 55-ը եղել է բնակելի կառուցապատման համար: Իսկ նմանատիպ դիմումներ քաղաքապետարանը բազմիցս ստանում է. 12 երեխա ունեցող ծնողներ, ազատամարտիկներ, բնակարանի բարելավման խնդիր ունեցող քաղաքացիներ, որոնք ասում են՝ դրեք աճուրդի, գանք գնենք»,- ասաց Գևորգյանը:

Հարցին, թե որն է հակասությունը քաղաքապետի և մարզպետի միջև, Վահագն Գևորգյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մենք հակասություն ունենք: Մարզպետն ասում է, որ Աբովյան համայնքն ունի մեծ ֆոնդային բյուջե, տնտեսած միջոցներ, ինչու է հողակտորները դրել աճուրդի:

Լավ, ես ունեմ մոտավորապես 397 մլն ֆոնդային բյուջե: Եթե այդքան գումար ունեմ, դրա 147 մլն-ը ես նախորդ տարի վարչական բյուջեից տնտեսել եմ, ինչը լավ կառավարման արդյունք է, որը փոխվել է ֆոնդային բյուջե: Դրանից մոտ 130 մլն-ը պայմանական սեփականությունից եկած գումարն է: Այսօր Աբովյանը 5 սուբվենցիոն ծրագրի է մասնակցում, 17 կապիտալ շինարարություն ունենք, բյուջեին էլ ոչ մի գումար պարտք չունենք:

Վարչապետը հայտարարում է տնտեսական հեղափոխության մասին: Հիմա եթե մարդն ուզում է իր քաղաքում, իր երկրում տուն սարքի, արմատներ գցի, ապրի, դա վա՞տ բան է: Եթե կա կոռուպցիոն ռիսկ, ես խնդիր չունեմ, թող իրավապահները զբաղվեն այդ ռիսկերով: Հիմա էլ որ դրվում է աճուրդի, դա բացառապես ՏԻՄ լիազորություն է, որը վերապահված է օրենքով: Ճիշտ է, մարզպետն ունի որոշակի լիազորություններ, բայց դրանք բացառապես ՏԻՄ լիազորություններ են: Այլ բան է, որ օրենք է խախտվում, բայց սա այդ դեպքը չէ: Մեծ սիրով վաճառված հողակտորների տեղերը, չեմ զլանա, դուրս կգամ ցույց կտամ՝ արդյոք դա ոսկե ֆո՞նդ է, թե՞ ոչ»:

Related posts