Տոնական հեծանվաշքերթներ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին
Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում կարևորվեց և խրախուսվեց նաև առողջ ապրելակերպը. Երևանում մեկնարկեց գարնանային հեծանվային սեզոնը, իսկ Աբովյանում տեղի ունեցավ տոնական հեծանվաշքերթ:
Քաղաքային հեծանվային զբոսանքով Երևանի կենտրոնում մեկնարկեց գարնանային հեծանվային սեզոնը: Այնուհետև, ըստ ցանկության, հեծանվորդները ուղևորվեցին դեպի Զվարթնոց տաճար: Նախաձեռնությունը Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայինն էր: Հեծանվորդների անվտանգության ապահովման կարևորագույն պարագան սաղավարտն էր:
Իսկ Աբովյանում քաղաքի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական հեծանվաշքերթ, որը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին։
Տոնական հեծանվաշքերթին մասնակցելու համար այս միջոցառմանը ևս պարտադիր էր կրել սաղավարտ և սպորտային հագուստ: Հեծանիվ չունենալը խնդիր չէր. Աբովյանի «Cycling Development Association» ՀԿ-ին նախապես դիմած երիտասարդները հնարավորություն ստացան վարելու կազմակերպության կողմից տրամադրված հեծանիվներից: Հեծանվաշքերթի մեկնարկը տրվեց Աբովյանի համայնքապետարանի տարածքից։
Հեծանվաերթին մասնակցեցին տարիքային տարբեր խմբերի սպորտասեր և հեծանիվ վարել սիրող երիտասարդներ: Վարդագույն շապիկներով հեծանվորդուհիները պտույտ կատարեցին Աբովյանով՝ շնորհավորելով ճանապարհին հանդիպող այլ կանանց և աղջիկներին:
Աբովյան քաղաքում հաճախ են կազմակերպվում հեծանվաերթեր, մրցույթներ, սակայն այսօր հեծանվային երթը տոնական էր: Ինչպես հայտնում են Աբովյանի համայնքապետարանից, հեծանվային սպորտի զարգացման համար գործող «Cycling Development Association» ՀԿ -ն անվճար մարզում է պատանիներին՝ տրամադրելով անհրաժշտ մարզագույք ու հագուստ: Դա էլ պատճառներից մեկն է, որ այս քաղաքում հեծանվային սպորտով հետաքրքրվողները շատ են:
«Ես ապրել եմ Եվրոպայում ու ամեն անգամ նախանձով եմ հետևել, թե ինչպես են տատիկները հեծանիվով շրջում քաղաքում և որքան են կարևորում առողջ ապրելակերպը: Ամեն կերպ ուզում եմ հեծանվասպորտը զարգանա նաև Հայաստանում, և մարդկանց մտածելակերպը փոխվի: Օրինակ՝ Աբովյանում աղջիկ հեծանվորդներին անցորդները միանշանակ են ընկալում, և ես շատ եմ ուզում, որ հեծանիվը նախ ընկալվի որպես առողջ ապրելակերպի «գործիք»: Ապրիլի 7-ի տոնական երթը հիանալի ընթացավ, կային մասնակիցներ ովքեր առաջին անգամ էին նման միջոցառման մասնակցում և ոգևորված խնդրում էին, որ համայնքապետարանը կրկին կազմակերպի նմանատիպ հեծանվաերթ»,- Eritasard.am-ին հայտնեց Աբովյանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման պատասխանատու Անի Կարապետյանը, ով նույնպես մասնակցում էր հեծանվաշքերթին:
Միջոցառման վերջում մասնակիցներին Աբովյանի համայնքապետարանի ներկայացուցիչները հավաստագրեր հանձնեցին, իսկ «Cycling Development Association» ՀԿ -ն շնորհավորեց նրանց ծաղիկներով:
www.erit.am
Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Աբովյանի համայնքապետարանից