News/Նորություններ

Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասում մարզպետարանը խախտումներ է հայտնաբերել և դիմել Դատախազությանը

Գագիկ Ծառուկյանի խոստացած, իր իսկ նախաձեռնությամբ կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները կասեցնելու վերաբերյալ քաղաքապետարանը գրություն է ուղարկել կառուցապատող ընկերությանը։ Հիմքում մարզպետարանի կատարած ուսումնասիրությունն է, որի արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։ Դրանք մարզպետարանն ուղարկել է Դատախազություն՝ իրավական ընթացք տալու համար։ Դեռևս 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր նոր ավան հիմնել, որը կունենար 9 և 10 հարկանի 17 բնակելի շենք։ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում էր՝ անգամ ձմռանը շինարարական աշխատանքները չեն դադարի։

Կոտայքի մարզպետարանը ուսումնասիրություն է անցկացրել և պարզել, որ շինարարությունն այս պահին իրականացվում է անօրինական։  Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետի խորհրդական Ռոստամ Մկրտչյանը: «Շինարարությունը, որը հիմա կատարվում է, կատարվում է առանց շինարարական որևէ փաստաթղթի»,- ասաց պաշտոնյան։

Մարզպետի խորհրդականի խոսքով՝ «Հայտնաբերված խախտումները բազմազան են եղել՝ Հողային օրենսգրքից սկսած մինչև շինարարության նորմերի խախտումներ»։

Մեր նկարահանման պահին արդեն երևում էր, որ որոշ շենքերի հիմքերը գցված են։ Տարածքում աշխատանքներ էին իրականացվում։ Կապ հաստատեցինք Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ, որը չհերքեց, որ խախտումներ եղել են: «Այո՛, արձանագրված խախտումներ կան, ինչի կապակցությամբ քաղաքապետարանը կառուցապատողին գրություն է ուղարկել դադարեցնելու համար շինարարական աշխատանքները»,- ասաց քաղաքապետը։

Աբովյանի քաղաքապետը տեղեկացրեց, որ մեր ֆիքսածը ոչ թե շինարարական, այլ հողային աշխատանքներ են եղել։Գևորգյանը նաև նշեց, որ կյառուցապատող ընկերությունը վարչական տույժի է ենթարկվել։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել մարզում, որոնց արդյունքներն ուղարկել է Դատախազություն։ Դրանցից մեկի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որը, սակայն, երիտասարդական թաղամասի հետ կապված չէ։ Այդ մասով դեռևս նյութեր են նախապատրաստվում։

Մարզպետարանի հայտնաբերած խախտումների հետ կապված մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Գագիկ Ծառուկյանի գրասենյակի հետ։ Սակայն Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ողջ օրվա ընթացքում մեր բազմաթիվ զանգերը թողեց անպատասխան։ Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան

factor.am

Related posts

Leave a Comment