>
News/Նորություններ

Արագ բացահայտում․ ո՞վ էր ուզում Մելիք Մանուկյանի մահը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքերը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ՝ ծնված 1963, 1966 և 1974 թվականներին: Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ձերբալավածներն, ըստ լուրերի, Գյումրիի բնակիչներ են: Armlur.am-ին հասած լուրերի համաձայն, նրանք խնդիրներ են ունեցել նախկին պատգամավորի հետ և փորձել են հին հաշիվները մաքրել կամրջի տակ պայթուցիկ դնելով և նրա մեքենան պայթեցնելով: Սակայն հաշվարկը սխալ են կատարել նախկին պատգամավորի մեքենան չի պայթել:

Պաշտոնական լակոնիկ տեղեկատվությունն արդեն իսկ բավարար է, որպեսզի եզրակացնենք, որ ինչ-որ մարդիկ ցանկացել են սպանել Մելիք Մանուկյանին, որը փաստորեն եղել է անավարտ հանցագործության հիմնական թիրախը։ Չնայած Մանուկյանը երկար տարիներ պատգամավոր է եղել, սակայն ակնհայտորեն նա քաղաքական հետագիծ չունի ու հասարակությանն առավելապես հայտնի է մի շարք քրեական պատմություններով, որոնց հերոսների կարգավիճակում եղել են նախկին պատգամավորն ու նրա հարազատները։

Այնքան էլ հետաքրքիր չէ, թե կոնկրետ ով կամ ովքեր են ուզեցել «հաշիվ մաքրել» «Շշի Մելոյի» հետ, որովհետև նա այն մարդկանցից է, որ կարող էր տասնյակների «ոտքեր տրորել»։ Ու հաստատապես կարող ենք պնդել, որ սա վերջին նման դեպքը չի լինելու հետհեղափոխական Հայաստանում։

Խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո քրեաօլիգարխիան ոչ միայն հեռացվել է իշխանությունից, այլ նաև որոշակի տրանսֆորմացիա է ապրում նոր իրողությունների համատեքստում։ Նախկին պայմանավորվածություններն ու կապերն այլևս չեն գործում, համակարգի նախկին նշանային դեմքերը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այլևս չեն կարող կամ չեն ուզում վերահսկել վիճակը, ինչի հետևանքով ներհամակարգային բախումները գրեթե անխուսափելի են։ Այստեղ շատ կարևոր դերակատարություն ունեն իշխանությունները, իրավապահ մարմինները։

Մեր հասարակությունը, պետությունը երբեք չպետք է դառնան նախկին համակարգի հետ ասոցացվող մարդկանց, խմբավորումների արյունոտ «ռազբորկաների» թատերաբեմ։ Շատ կարևոր է, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան օպերատիվ արձագանքել հնարավոր ռիսկերին ու իրականացնեն կանխարգելիչ գործառույթներ։ Նախկինում նման ոչ լեգալ գործառույթ իրականացրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ նման վեճերը լուծելով ոչ թե իրավական մեխանիզմներով, այլ՝ հանցագործ աշխարհին բնորոշ կանոններով։ Հիմա հեղափոխական իշխանությունը պետք է գործի խիստ, սակայն՝ օրենքով։ Հանցագործների տեղը բանտերն են։

Հեղինակ՝ Սարգիս Արծրունի

http://1in.am

Related posts

Leave a Comment