Creations in Armenian

Disaster (in Armenian)

Աշխարհի ամենաանհայտ մի ծովախորշում ապրում ու իր կյանքի թելն էր ձգում ձկնիկ- ճշմարտախոսիկը :

Նա իր ծագման մասին շատ բան չգիտեր: Պատմում էին, որ ամենահզոր փոթորիկներից մեկի ժամանակ փոքրիկ մանկաձկանը գտել էին ուշագնաց վիճակում եւ հանձնել ծովերկրի մանկատուն: Նա մեծացել էր այնտեղ:

 

Իր տեսակով տարբերվում էր ծովախորշի մյուս ձկներից, այդ պատճառով բոլորի համար չէ, որ ընդունելի էր:

Նրա հոգին բարի նախանձով էր լցվում, երբ տեսնում էր հարեւան ձկների բարեկամական փոխադարձ այցելություններն ու անշահախնդիր մտերմությունը:Ճշմարտախոսիկին շատերն էին կարեկցում, եւ դրա պատճառը ոչ այնքան նրա վաղահաս ողբերգությունն էր, այլ այն բոլոր անախորժությունները, որ պատճառում էին նրան միմիայն ճշմարիտ խոսելը:

Վերջերս ծովային ռազմադատարանը քիչ էր մնացել նրան մահվան դատապարտեր այն պարզ մեղադրանքով, որ Ճշմարտախոսիկը համարձակվել էր հայտարարել, թե Սեւ ծովախորշում ծնված եւ մեծացած ձկները ոչնչով չեն տարբերվում իրենց ծովի ձկներից, եւ որ ձկներին ոչ թե ծագումով, այլ հոգեկան ու ֆիզիկական ընդունակություններով պետք է տարբերել:

Հեշտ չէր եղել Էմիգրանտ Ձկների Հատուկ Խորհրդին` մի կերպ մեղմելու դատավճիռը:

ԷՁՀԽ -ի նախագահը բաց նամակով դիմել էր դատարանին` հետեւյալ բովանդակությամբ.”Հարգելի դատարան, բախտի կամոք Ճշմարտախոսիկը հայտնվել է մեր երկրում ու դարձել նրա լիիրավ անդամը: Նրա կյանքի ետփոթորկյան կենսագրությունը լի է բազմաթիվ փաստերով, որոնք ապացուցում են մեղադրյալի անխոնջ ծառայությունները մեր հասարակությանն ու հայրենիքին, սակայն թշնամի պետությունների լկտի պրոպագանդային ենթարկված միամիտ ու մեր օրեքներին ոչ քաջատեղյակ այս ձկնավորությունն անկեղծ զղջում է մեր քաղաքականության նկատմամբ անհանդուրժողականություն ցուցաբերելու համար, հետեւաբար` մեղմացուցիչ հանգամանք ընդունելով վերոհիշյալը` խնդրվում է մեծարգո դատարանին շրջանցել մահապատիժ թելադրող հրդվածը եւ ընդունել մոլորյալին մեկ տարով խոսելն արգելող դատավճիռը:

ԷՁՀԽ- ն իր վրա է վերցնում մեղադրյալի քաղաքական վերադաստիրակության ամբողջ պատասխանատվությունը”:

Իր հերթին Ճշմարտախոսիկի հարեւան փաստաբան Երկարավիզ խեցգետինը միջնորդել էր նրա համար, ու այդքանից հետո դատարանը վճռել էր.

ա) կտրել տալ Ճշմարտախոսիկի լեզուն,

բ) ծովի խորունկ մասերում լողալու իրավունքից զրկել,

գ) արգելել մուտքը ծովախորշի վերջրյա վարչական կենտրոններ:

Դատավճիռն, իսկապես, որ դաժան էր:

Բարեկամների խնդրանքով ճշմարտախոսիկը դիմում էր ներկայացրել ծովախորշի արքա Սրատամ շնաձկանը ու ներում հայցել; Ներում, բարեբակտաբար, շնորհվել էր, վերջապես նրան դատապարտել էին երեք ամիս ժամկետով կեղտաջրերում հարկադիր աշխատանքի:

Ասում են, թե հետագայում Հաստափորիկ անունով մի ձուկ, որը Ճշմարտախոսիկի հետ նույն մանկատանն էր մեծացել, հիշելով իրենց վաղեմի ընկերությունը` կաշառել էր կեղտաջրի գաղութի պետին, եւ Ճշմարտախոսիկը միայն գրանցումուվ էր մնացել որպես դատապարտյալ, իսկ իրականում անլեգալ ապրել էր Հաստափորիկի անձնական ջրափոսում ` մինչեւ պատժի ժամկետը լրացել էր:

Այսպես, հազար ու մի գլխացավանքներով ապրում ու իր կյանքի թելն էր ձգում Ճշմարտախոսիկը:

Մի օր նրան լուր հասավ, որ ծովախորշ են գաղթել ճիշտ եւ ճիշտ իր տեսակի օտարազգի ձկներ: Նա լուր ստանալուն պես լող տվեց դեպի գաղթականները: Սիրտը տրոփում էր, իր ծագման մասին որեւէ տեղեկություն ստանալու տենչը կարող էր հագուրդ ստանալ, ինքը կազատվեր անհաճո ասեկոսներից:

Ճանապարհը այնքան էլ երկար չէր: Նա գիտեր, թե որտեղ են տեղավորում Էմիգրանտ ձկներին, ուստի` առավելագույն արագություն զարգացնելով` հասավ համապատասխան ջրագոտուն, շփոթված ներս մտավ ու բարեւեց բոլորին, սակայն նրա ողջույնն այդպես էլ ջրում մնաց. չգտնվեց մեկը. որը ուշադրություն դարձներ իր վրա:

Համարելով, որ նոր միջավայրն ու հոգնածությունը կարող էին բացասաբար ազդած լիներ նրանց ականջաթաղանթների վրա, նա նորից կրկնեց իր ողջույնն` այս անգամ ավելի բարձր ու ավելի կայտառ, բայց նորից` ոչ մի պատասխան:

Տարօրինակ զգացում համակեց նրան` միթե իր հայրենի աշխարհի ձկները կարող էին այդքան անտարբեր լինել իրենց ցեղակցի նկատմամբ:

Ճշմարտախոսիկը մռայլվեց, իր անհարմար վիճակի գիտակցումից աչքերը լցվեցին: Անթիվ ու անհամար եզրակացություններ սկսեց անել` չլինի թե սրանք կույր ու խուլ են կամ գուցե անծանոթ ու անվստահելի ձկների հետ չեն ուզում զրույցի բռնվել, իսկ հնարավոր չէ արդյոք, որ նրանք բնավ էլ իր ցեղակիցները չլինեն:

Նմանօրինակ մտքերի մեջ` ապշած լողում էր Ճշմարտախոսիկը, երբ ականջ խլացնող մի ճիչ լսվեց.

-Ահ, փախեք, մոտորանավը, շուտ արեք, մարդիկ եկան:

Մի աննկարագրելի իրարանցում սկսվեց գաղթական ձկների մեջ. աջ ու ձախ էին ճողոպրում բլորը: Նրանցից մեկը բախվեց Ճշմարտախոսիկին ու ատելությամբ գոռաց նրա վրա.

-Ինչ ես շշմած կանգնել, շուտ արա, արանքը ճղի:

Չհասկանալով, թե ինչ է կատարվում` նա սկսեց դեսուդեն ընկնել, եւ վիճակն այդպես էլ կշարունակվեր, եթե չլսվեր գաղթականների ցեղապետի հնչեղ, բայց ինքնավստահությունից դուրս հրամանը.

Հանգիստ, խաղաղվեք, ոչ մի մոտորանավ էլ չկա, այս ծովախորշը առայժմ մարդկանց անհայտ է, հնարավոր է` ձեզ թվացել է:

Վտառը կասկածանքով շրջվեց դեպի ցեղապետը, քիչ տարակուսելուց հետո հանդարտվեց ու նորից բոլորը լռեցին եւ անտարբեր հայացքով շարունակեցին լող տալ ջրափոսում:

Ճշմարտախոսիկը, չհասկանալով հատկապես ՙ մարդիկ՚ եւ ՙ մոտորանավ՚ բառերի իմաստը, անորոշ դեմք ընդունած` մոտեցավ ցեղապետին.

-Հարգելի պետ, իմ անունը Ճշմարտախոսիկ է, դաժան բախտի կամոք ընկել եմ այս ծովախորշը: Ես ոչ մի տեղեկություն չունեմ իմ հարազատներից, խնդրում եմ, եթե կարող եք, որեւէ բան ասեք ինձ, չէ որ ես էլ եմ ձեր ցեղակիցը:

Տարեց ցեղապետը զննող հայացքով նայեց նրան ու կարծես նմանեցնելով ինչ-որ մեկին պատասխանեց.

-Ինչպես թե, Ճշմարտախոսիկ, դե իկարկե, հենց դու ես, որ կաս: Ինչքան ուրախ եմ, մոտ արի, զավակս, քեզ մի լավ տեսնեմ: Ախ, ինչքան տխրեցին ծնողներդ, երբ փոթորիկը քեզ տարավ մեզնից: Ափսոս, տեսնեիր, թե ինչքան կուրախանային հարազատներդ, եթե իմանային քո ողջ լինելը, ավաղ, ավաղ, ծնողներդ հիմա ողջ չեն: Բարեգործ ձուկ էր քո հայրը, բայց ինչ անես, որ մարդկանց ձկնարդյունաբերական նախարարությունը որոշեց ձկնորսական համալիր մոտեցում ցուցաբերել մեր ծովածոցի նկատմամբ: Հազարավոր ձկներ ընկան որսացանցի մեջ, քո հարազատները` նույնպես, նրանց որսաց 67 բրիգադը:

Այդ փաստն, իկարկե, տխրեցրեց նրան, բայց հետաքրքությունն ստիպեց հարցնել. թե ինչ է նշանակում այդ անհասկանալի բառերը, որոնց մասին ոչ լսել էր, ոչ կարդացել:

– Ես, ճիշտն ասած ,- խոսեց ցեղապետը,- մի պահ մոռացա, որ դու դեռ մանուկ հասակից այստեղ ես մեծացել ու, բնականաբար, տեղյակ չես, թե ինչ է կատարվել մեր աշխարի հետ: Ջրային տարածքւթյունից դուրս, հողագնդի վրա, ապրում են ՙ մարդ՚ կոչեցյալ կենդանիները, որոնք օժտված են բանական մեծ ընդունակություններով: Այդ մարդիկ այնքան խելոք են, որ իրենց հնարավորությունների շնորհիվ կարողանում են նույնիսկ բնությունն իրենց հարմարեցնել: Ցավոք սրտի, նրանց ամենահամով կերակրատեսակներից մեկը մեզանից պատրաստված ճաշատեսակն է, ու համուվ սնունդ ձեռք բերելու համար նրանք ամեն միջոցի դիմում են:

Նրանք զինված հազար ու մի ավտոմատ սարքավորումներով, եղեռն սկեցին մեր ծովածոցի ձկների հանդեպ: Այս փոքրիկ երամն էլ, որ տեսնում ես, հազիվ դուրս պրծավ նրանց որսացանցից: Սննդատար ավարը տանելուց հետո մարդիկ մեր ծովախորշը հայտարարեցին ՙ կարմիր գոտի՚ եւ մեր տեսակը անցկացրեցին այսպես կոչված ՙ կարմիր գրքի՚ մեջ, որպեսզի որոշ ժամանակով հնարավորություն տան մեզ բազմանալու, ու էլի որսան: գուշակելով մեր սեւ ապագան` մենք` այս մնացածներս, գերադասեցինք պանդխտության ճանապարհը ու բազմաթիվ ծովերկրներ անցնելով` հասանք այս ծովախորշը:

– Ցավալի է, ցավալի,- ցեզապետի պատմությունից վշտացած` խոսեց Ճշմարտախոսիկը,- բայց դե անցյալը անցյալ էլ կմնա, այժմ երբ եկել, հասել եք այս անհայտ ծովախորշը, ձեզ ոչ մի մարդիկ էլ չեն անհանգստացնի: Ես կխոսեմ մեր կառավառության հետ, կաշխատենք շահել տեղական տիրակալների վստահությունն ու կապրենք միասին, կզբաղվենք, նորից կգտնենք մեր խաղաղությունը:

-Խոսքեր են դրանք, սիրելիս, միթե սա առաջին երկիրն է, որ մուտք ենք գործել, ամենուրեք մեզ նայել են հենց որպես օտարազգի ձկների, ոչ մի կառավարություն մեզ այնպես չի ընդունել, ինչպես պահանջում է համաձկնային փիլիսոփայությունը: Յուրաքանչյուր ծովախորշ իր ինքնատիպ սահմանադրությունն ու օրենքներն ունի, որոնց շատ դժվար է համակերպվել: Ափսոս չէր մեր հայրենիքը, բոլորս մեկ դավանանքի, մեկ դարդ ու ցավի տեր էինք, եւ դա դեռ ոչինչ, դու չես տեսել եւ չես կարող պատկերացնել, թե ինչքան ընդունակ են այս մարդիկ ձկնորսության բնագավառում, կասկածներ ունեմ, որ շուտով այս ծովախորշն է որսորդության թատերաբեմ դառնալու:

Անհոգ եղեք,- անհաստատ ձայնով փորձեց մխիթարել Ճշմարտախոսիկը,-սա ամենահեռու ու ամենաանհայտ ծովաերկիրն է, մինչեւ մարդիկ հասնեն այստեղ, մենք մի բան կմտածենք, այս երկրում բավականին իմաստուն…

Նրա խոսքը կիսատ մնաց: Ձկների մեջ սկսվեց քիչ առաջ տեղի ունեցած իրարանցումը: Վայնասունը լցվեց ջրափոսով մեկ, ցեղապետը լսեց ռեակտիվ մոտորոնավի ձայնը ու իրեն ծանոթ 915 բրիգադի հրամանատարի սարսռազդու հրամանը.

-Կանգ առ, ջուրն իջեցնել էքսպերիմենտալ ագրեգատը…

 

|

 

 

Related posts

Leave a Comment