Massacre couldn’t exterminate loving hearts-(in Armenian)
Կոտորածը չկարողացավ ոչնչացնել սիրող սրտերին
1915 թվական: Դաժանություն: Վայրագություն: Բարբարոսություն: Գազանություն: Մասսայական ոչնչացում: Անմեղ ժողովրդի կոտորած: Հայերի դեմ բնաջնջման ծրագիր մշակված Թուրքիայի կողմից: Մարդկության ոչնչացում:
Ինչու՞: Ինչի՞ համար:
Կոտորածը խլեց հազարավոր անմեղ մարդկանց կյանք: Պետրոսը այն մարդկանց թվին էր պատկանում, որոնք որբ մնացին այս օրերին: Նրան էլ ոչինչ չէր մնում անել` գաղթել արտասահման: Ապրում էր միայն իր սիրո համար, որին կորցրել էր Ֆրանսիա գնալու ճանապարհին: Չէր կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ բարբարոսները խլել էին իրենից իր սերը: Փաստը սպանում եւ տանջում էր իրեն եւ շարունակ ողբում էր` գլուխը ափերի մեջ առած: Հազիվ էր համոզում իրեն դիմանալ, գոյատեւել, քայլել եւ գնալ առաջ:
Տարիներ անցան: Եւ քանի որ երդվել էր չամուսնանալ եւ փնտրել իր Աստղիկին, որոշեց որբանոցից մի հայ մանուկ վերցնել, խնամել եւ իր ողջ սերն ու քնքշանքը նվիրել նրան: Այժմ նա ապրում եւ ուրախանում էր նրանով` հուսալով գտնել իր Աստղիկին մի գեղեցիկ օր:
Պետրոսը միշտ պատմություններ էր պատմում նրան իր ազգի, երկրի, եւ նույնիսկ կոտորածի մասին: ՙԹող իմանա ճշմարտությունը՚, – ասում էր Պետրոսը:
Պետրոսի շնորհիվ էր, որ աղջնակը կարդում էր հայերեն, գրում էր հայերեն, նա մտածում էր հայերեն: Պետրոսը հասել էր իր նպատակին: դաստիարակել նրան հայ:
– Ինչու՞ չես ամուսնացել, Պետրոս:
– Կորցրել եմ Սերս:
– Կրկին կոտորածի պատճառո՞վ:
– Այո, աղավնյակս: Այսպես կոչված կոտորածի պատճառով էր, որ կորցրի ընտանիքս, սերս, ազգս, երկիրս…
– Փոխարենը գտար ինձ, այնպես չէ՞:
Պետրոսը ժպտաց քնքշորեն` առնելով նրան իր գիրկը:
– Խոստացիր, հույս իմ, որ կամուսնանաս միայն ազգությամբ հայի հետ:
– Խոսք եմ տալիս: Երդվում եմ:
– Սիրում եմ քեզ, անուշիկ իմ: Կվերադառնանք Հայաստան մի օր եւ դու կտեսնես քո հայրենիքը, խոստանում եմ:
– Իսկ կրթությու՞նս:
– Համալսարանն ավարտելուց հետո:
Պետրոսը համբուրեց նրան եւ նա հեռացավ` թողնելով Պետրոսին իր մտքերի ու հուշերի հետ: Հարցերի շարանը, թե որտեղ է նա, արդյոք կենդանի է, կհանդիպի նրան մի օր, գրկի, համբուրի ու գոռա, խեղդում էին նրան առ այսօր: Ամեն չնչին ձայն արթնացնում էր նրան` հիշեցնելով, որ դա երազ է, մի հաճելի երազ:
Համալսարանում Անահիտը ծանոթացավ մի հայ տղայի հետ եւ շուտով նրանք մտերիմ ընկերներ դարձան:
– Անահիտ է անունս:
– Հայկական անուն ունես, հա՞յ ես:
– Այո, ասաց նա:
– Ուրախ եմ, – ասաց տղան, – Անունս Պիեռ է: Ես ել եմ հայ:
– Այդ դեպքում ինչու՞ չխոսենք հայերեն, – ասաց Անահիտը:
Տղան իջեցրեց գլուխը եւ մեղավոր հայացքով ասաց.
– Ես միայն մի քանի բառ գիտեմ, որ լսել եմ իմ մայրիկից: Հայրս Ֆրանսիացի է: Ֆրանսերենը առաջին լեզուն է եղել մեր ընտանիքում, իսկ հայերենը…
– Ուզու՞մ ես սովորել հայերեն:
– Այո:
– Կսովորեցնեմ քեզ:
– Ես երախտապարտ կլինեմ Ձեզ, օրիորդ Անահիիտ, – ասաց տղան` ժպտալով եւ ձեռքը սեղմելով:
Օրիորդ Անահիտը սկսեց իր հայերենի դասընթացները Պիեռի հետ: Սովորեցնում էր ոչ միայն լեզուն, այլեւ Հայոց Պատմություն:
Մինչդեռ Պիեռը աստիճանաբար սիրահարվում էր նրան իր դասերին հետեւելու փոխարեն երազում էր, որ նրանց զգացմունքները փոխադարճ լինեն:
Պետրոսի խոսքերը միշտ հնչում էին Անահիտի ականջում. ՙԽոստացիր, որ կամուսնանաս միայն հայ տղայի հետ՚: Աղջիկն այնքան շատ էր ցանկանում, որ Պիեռն իրեն սիրի. մի բան, որ անհավանական էր թվում, մինչդեռ վերջինս խենթանում էր նրա համար եւ կարծում, որ նա երբեք չի սիրի իրեն: ՙՆա այնքան լավ գիտի մեր պատմությունը, սահուն է խոսում հայերեն, նա հայ է, մինչդեռ ես ջանում եմ դառնալ հայ՚, – մտածում էր Պիեռը:
Եւ մի օր հերթական հայերենի դասի ժամանակ Պիեռը հանկարծակի շշնջաց.ՙԱմուսնացիր ինձ հետ՚: Ասելուն պես փոշմանեց. նա ամբողջովին դողում էր, ՙԻսկ եթե նա դադարի դասեր տալը իմ հիմարության պատճառով՚, – մտածեց Պիեռը եւ ներողություն խնդրելով վեր կացավ, որ հեռանա: Անսպասելիորեն Անահիտը կանչեց նրա հետեւիցª Կամուսնանամ:
Գրկախառնվեցին այնպես, ինչպես Պետրոսն ու Աստղիկը կգրկախառնվեին, երբ հանդիպեին մի օր:
Սիրող զույգերն այժմ ծրագրում էին այն երեկոն, որտեղ կհանդիպեին նրանց ծնողները: Պետրոսն այնպես անհամբերությամբ էր սպասում այդ օրվան, նույնը եւ Պիեռի մայրը, որ այնքան անհանգստանում էր երեկոյի համար, մի անբացատրելի բան կար – անհանգստություն:
Բայց ինչու՞: Սրտերը խոսում էին:
Հունվարի 24ն էր: Պետրոսը երկար ժամանակ կանգնած էր հայելու առջեւ. մի բան, որ բնորոշ չէր իրեն ընդհանրապես: Նա այս ու այն կողմ էր գնում` անհանգստանալով, թե ինչու են ուշանում: ՙԿգան հիմա, Հայրիկ, մի անհանգստացիր՚:
Այն պահին, երբ առաջին անգամ նա կանչեց նրան հայրիկ, դուռը զանգեց եւ Պիեռը ներս մտավ: Ողջունեցին միմյանցª ձեռք սեղմելով:
– Աստղիկ, Ժակ, – ասաց Պիեռը, – ծնողներս են:
– Աստղի՞կ, Աստղի՞կ, , իմ սեր Աստղի՞կ:
Իր անունն ասելու փոխարեն նա շարունակ կրկնում էր Աստղիկ: Այդ պահին Անահիտն ասաց.
– Պետրոս, հայրս է:
Ոչ ոք, միայն Անահիտը զգաց պահը` կռահելով, որ Աստղիկը Պետրոսի պատմությունների հերոսուհին է:
Armine Avdalyan-2005