Articles/Հոդվածներ

About the management of migration flows (in Armenian)

Միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով

Ք. Հրազդան: Աշխատանքի և զբաղվածության կենտրոնում  փետրվարի 29-ին տեղի ունեցավ <Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում> թեմայով սեմինար- քննարկում, որը կազմակերպվել էր <People in need> չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից: ԶԼՄ-ների համար նախատեսված սեմինարին մասնակցեցին Կոտայք, Գեղարքունիք մարզերի թերթերի և հեռուստատեսությունների խմբագիրներ, լրագրողներ:

Նպատակն էր լրագրողներին առավել մանրամասն տեղեկատվություն տալ  ՀՀ-ում միգրացիոն ոլորտում իրականացվող գործընթացների մասին, որը հնարավորության կտա լրագրողներին` առավել խոր վերլուծություն կատարել ու ոլորտը հստակ ներկայացնել հասարակությանը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ <People in need> չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի PR պատասխանատու Լիանա Գյոզալյանը, ով իր խոսքում ասաց, որ միգրացիոն ոլորտի վերաբերյալ լուսաբանումներում հաճախ տեղ են գտել որոշակի բացթողումներ, նշելով, որ նմանատիպ հանդիպումները միտված են օգնելու լրագրողներին` շտկելու դրանք:

Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով խորհրդական Էլեոնորա Վերգերը. <Երկու տարի Հայաստանում աշխատելուց հետո ես շատ լավ պատկերացնում եմ, թե որտեղ կարելի է լուծումներ գտնել Հայաստանի միգրացիոն հոսքերի կառավարման գործընթացը ղեկավարելու համար: Եվրոպական միության մակարդակում կան մի քանի գործիքներ, որոնցով հնարավոր է իրականացնել դա: Դրանցից մեկն էլ շարժունակության գործընկերության հռչակագիրն է>: Նա մանրամասն ներկայացրեց 2011թվականի հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում կնքված <Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության և Հայաստանի միջև համատեղ հռչակագիրը>, դրա բովանդակությունն ու նպատակները: Լրագրողներին ներկայացվեց նաև ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը:

 

Ելույթ ունեցավ նաև ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը: Նա մանրամասն ներկայացրեց  Միգրացիոն հարցերով համագործակցությունը Եվրամիության առանձին երկրների հետ, խոսեց համաձայնագրերի, վերադարձից հետո վերաինտեգրման աջակցության ծրագրերի իրականացման և միգարիոց ոլորտում տարբեր խնդիրների կարգավորման հետ կապված հարցերի մասին:

 

Հանդիպման ավարտին եղան քննարկումներ,  հարց ու պատասխաններ մասնագետների և լրագրողների միջև:

Related posts

Leave a Comment