The children are our stars
Աստղադիտական բացօթյա միջոցառում Աբովյան քաղաքում
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Աբովյան քաղաքում նշվեց յուրահատուկ ձևով` վերածվելով իսկական տոնի. Աբովյանի “ՍԱՏԱՐ” հոգեբանական կենտրոնի և “Գուդրայք Ջոն” աստղասերների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվեց աստղադիտական բացօթյա միջոցառում:
Աստղադիտական երեկոն նվիրված էր ոչ միայն Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, այլև Անանիա Շիրակացու 1400-ամյակին:
Երեխաները, նրանց ուղեկցող ծնողներն ու բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան երեք աստղադիտակների միջոցով տեսնել Լուսինը, Սատուրնը, աստղերը: Հատկապես ոգևորված ու տպավորված էին երեխաները. “Շատ լավ էր, իմ երազանքներից մեկն իրականացավ, ես տեսա Լուսինը, Սատուրնը. թվում էր, թե իրական չեն. կարծես հրաշք լիներ, շատ շնորհակալություն կազմակերպիչներին”,-տպավորություններով կիսվեց 13-ամյա Լիանա Շահբազյանը:
“Գուդրայք Ջոն” աստղասերների Հ/Կ նախագահ Ռուբեն Բունիաթյանը կարևորեց նման միջոցառումների առավել հաճախ կազմակերպումը տարբեր մարզերում, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ ականատես լինեն երկնային հրաշքներին:
“ՍԱՏԱՐ” հոգաբանական կենտրոնի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը, շնորհավորելով բոլոր երեխաներին տոնի կապակցությամբ, նշեց. “Մենք պետք է մեր մատաղ սերնդին հայացքը վեր պահելու հնարավորություն տանք: Շնորհավորում եմ բոլորիս գեղեցիկ միջոցառման և տոների առիթով` շեշտելով, որ երեխաներն են մեր աստղերը:”
Հ.Գ. Հունիսի 1-ին լրացավ նաև “ՍԱՏԱՐ” հոգաբանական կենտրոնի գործունեության 2 տարին, ինչի առիթով շնորհավորում ենք` մաղթելով ուժ ու եռանդ` սատարելու նրանց, ովքեր կարիք ունեն: