Articles/Հոդվածներ

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ

Արծրուն Պեպանյան

Ճակատագրի կամոք 1993-ին ինձ հնարավորություն ընձեռվեց շատ մոտիից շփվել իշխանական բուրգի վերնախավի հետ: Դա այն ժամանակն էր, երբ մեծամասնությունը նոր-նոր իշխող կուսակցությունից արտաքսել էր Վազգեն Մանուկանին՝ իր թիմակիցներով հանդերձ: Ու հաղթանակած խաղաղություն էր տիրում վերնախավում:
Սակայն շատ չանցած մի նոր ընդվզում առաջացավ, և ՀՀՇ վարչության ութ անդամներ իրենց բուռն դժգոհությունն էին արտահայտում նախագահի վարած քաղաքականությունից: Պայքարը տևեց մոտ մեկ տարի, մեծամասնությունն այս անգամ էլ կուսակցությունից դուրս շպրտեց դժգոհողներին: Եվ ապա նկատվեց մի երևույթ՝ հեռացած սկզբունքային անդամների փոխարեն կամաց-կամաց վերնախավը համալրվեց հլու, սեփական տեսակետը չունեցող կամ ունեցածը պնդելու ոչ ունակ մարդկանցով: Նրանց մի մասը դարձավ պատգամավոր:

Մի որոշ ժամանակ հետո կրկին ներքին ընդվզում առաջացավ: Այս անգամ էլ բողոքողները դուրս շպրտվեցին, ու նրանց փոխարինեցին հարմարվողների նոր հոսանքներ: Եվ իշխանական համակարգը էլ ավելի դեգրադացվեց:
Հետո եկավ 1998-ի փետրվարը. Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց և իր կուսակցության անդամները դուրս եկան իշխանական համակարգից: Իշխանությունը վերցրած եռյակը պիտի լրացներ համակարգում առաջացած վակուումը:
ՀՀՇ իշխանության տարիներին կային իշխանամերձ երրորդ-չորրորդ էշելոններ. դրանք հիմնականում այն մարդիկ էին, ովքեր առանձնակի չէին փայլում իրենց ինտելեկտով կամ էլ իշխանական ցուցակներով գործարանների տնօրեն էին դարձել , եկամտաբեր դիրքի հասել: ՀՀՇ վերնախավը նրանց որոշակի տարածության վրա էր պահում: Եվ ահա օգտվելով բարենպաստ իրավիճակից, այդ էշելոնները Վազգեն Սարգսյանի շնորհիվ ներգրավվեցին իշխանական վերնախավում, ինչն իշխանական համակարգի դեգրադացիան հասցրեց աղետալիի աստիճանի:

Բայց դա դեռ ամենը չէր:

Առավել քան ակնհայտ էր, որ մարդկային նման որակով համալրված իշխանությունը չէր կարողանա հանրօգուտ գործունեություն իրականացնել, և ժողովրդի ամբարված դժոհությունն ի հայտ եկավ նախագահական ընտրությունների ժամանակ: 2003 և 2008 թվականներին ժողովրդական ընդվզումի դեմն առնելու և ոչնչանալուց փրկվելու նպատակով իշխանություններն օգնության կանչեցին թաղային հեղինակություններին և մեծահարուստներին: Սրանք փութաջանորեն արեցին իրենց գործը, և իշխանությունները հարկադրված էին փոխհատուցել նրանց պաշտոններով, պատգամավորական մանդատներով, տնտեսական մենաշնորհներով: Արդյունքում ունեցանք քրեական և օլիգարխիկ տարրերի հետ միախառնված իշխանական համակարգ, որը բարոյահոգևոր ոչ բարձր մակարդակ ունենալուց զատ նաև մտածողական անկարողություններ ունի: Այն որպես ամբողջություն, ունակ չէ այլևս պատկերացնել ազգի ու պետության առջև ծառացած խնդիրներն ու լուծում առաջարկել: Եթե մի օր Սերժ Սարգսյանը հանկարծ որոշի արմատապես բարեփոխել երկիրը, ապա նա հաջողություն չի ունենա, քանի որ իշխանական այն համակարգը, որի վրա հենված է ինքը և որի գագաթին է գտնվում, անընդունակ կգտնվի իրագործել իր ծրագիրը:

Վերջին ժամանակներում, երկրի ճակատագրով մտահոգ լինելով, հանդիպումներ եմ ունեցել իշխանական բուրգի տարբեր հարթակներում գտնվող պաշտոնյաների հետ: Բոլորի մոտ կա մտահոգություն, բոլորն ընդունում են, որ այսպես շարունակելը կործանարար է պետության համար, բայց և ոչ մեկի մոտ ես չտեսա իրավիճակի փոխման հույս կամ ծրագիր: Ավելին, իմ պնդումները, թե կարելի է փոփոխություների հասնել, չէր խանդավառում նրանց, քանի որ աչքի տակ ունին իշխանական համակարգի հիվանդ վիճակը:

Մեր իշխանական համակարգը հանգամանքների բերումով դարձել է մտավոր անկյալ, և քիչ է հավանական, որ այն դարձի կգա և բարեփոխումներ կիրականացնի երկրում: Բայց և մյուս կողմից, երբ բանը հասնում է իշխանության գոյությանը սպառնացող վտանգին, ապա ինքնապաշտպանական բնազդն այդ համակարգը ակտիվացնում է ( այստեղ արդեն մեծ խելք չի պահանջվում) և մարտի դաշտ են դուրս բերվում ուժային և մարդկային ռեսուրսները, ու ցանկացած ընդվզում ճնշվում է դյուրությամբ:

Եվ ահա մենք ունենք ոչ ստանարտ իրավիճակ, որի դեպքում դասական քաղաքանության գործիքները կիրառելը ոչ միայն հակացուցված է, այլև վտանգավոր է և կործանանար: Ասվածում կարելի համոզվել, տեսնելով մեր ժողովրդի ներկա բարոյահոգևոր վիճակը:
Ավելի քան տաս տարի է ահազանգում եմ այս մասին:

Մենք գերբարդ խնդրի առաջ ենք կանգնած, և մանկապարտեզային պայքար-պայքարները թողնել է պետք վերջապես ու խորհել լուծումը գտնելու վրա: Այն, իհարկե, կա, բայց խելքի շատ, շատ մեծ աշխատանք է պահանջվելու …

Արծրուն Պեպանյան

Աղբյուրըՙ http://www.tert.am/blog/?p=1467

Related posts

Leave a Comment