Articles/Հոդվածներ

Չուզեց, թե՞ չկարողացավ Ծառուկյանը

«Ծառուկյան» դաշինքի քվեարկությունը վարչապետի ընտրության ժամանակ կարելի է համարել Գագիկ Ծառուկյանի քաղաքական կենսագրության ամենաանցանկալի դրվագներից մեկը։ Սրանից տուժել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Գագիկ Ծառուկյանն է։

Ընդդիմադիր խմբակցությունից ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին կողմ քվեարկածները մեծ կորուստ չունեցան և չէին կարող ունենալ, որովհետև նրանք երբևէ հանրային հեղինակություն ու հարգանք չեն ունեցել, բայց նրանք որոշակի վնաս հասցրին Ծառուկյանին: Ընդ որում, մրանց թվում են նաև, թե իր բարեկամները, թե երդում-պատարագ կերած ընկերները, թե թագավոր ու այլ վերամբարձ կոչումներով նրա առաջ խոնարհվողները։

Կա խնդիր հասկանալու՝ Ծառուկյանը չկարողացա՞վ, թե չուզեց ապահովել միասնական քվեարկություն։ Սա էապես կփոխի հարցադրումը, բայց սա էապես կփոխի նաև հետագա անելիքները։ Եթե չուզեց, ապա դա շատ արագ պարզ կդառնա, հնարավոր չի լինի թաքցնել հասարակությունից։ Իսկ դա նշանակում է վարկանիշային և այլ կորուստներ։ Էմոցիոնալ փողոցը շատ արագ կհասկանա իրականությունը և շատ արագ կարձագանքի՝ ձևավորելով հանրային կարծիք։

Եթե Ծառուկյանը ցանկացել է , բայց չի կարողացել ապահովել միասնական քվեարկություն, ապա նա չի ունենա անձնական հեղինակության կորուստ, քանզի չի արել իր խղճին ու իր խոստումներին հակառակ քայլ։ Բայց այդ դեպքում նա պետք է տարանջատվի կողմ քվեարկածներից։ Քայլը պետք է լինի իրավական, ինստիտուցիոնալ հարթությունում։ Ավելի պարզ՝ Ծառուկյանը չի կարող լինել նույն խմբակցությունում՝ կողմ քվեարկածների հետ։ 12 կողմերի և մի քանի թռածների բացակայությունը ամենևին չի թուլացնի Ծառուկյանին, և նա կարող է հպարտ կանգնել «դեմերի» իր թիմակիցների կողքին, ովքեր չդավաճանեցին, չվախեցան և պահեցին իրենց ընդդիմադիր խմբակցության պատգամավորի նման։

 

Վահրամ Գևորգյան

newsbook.am

Related posts

Leave a Comment