Articles/Հոդվածներ

Պահն է ժողովրդի կողքին կանգնելու, պարո՛ն Ծառուկյան, վաղը կարող է ուշ լինել… անկեղծ մոնոլոգ

 

Այս օրերին, երբ համայն հայությունը Երևանում, Հայաստանի մարզերում ու աշխարհի տարբեր ծայրերում «մերժում է Սերժին», Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ամենալուռն է, այլ խոսքով՝ առնվազն չի մերժում Սերժին:

Պարո՛ն Ծառուկյան, ողջ հայերին ու ինձ՝ այս հոդվածի հեղինակին լավ է հայտնի, թե ինչպիսի հաջողակ գործարար եք Դուք: Դա միայն ու միայն խոր հարգանքի է արժանի: Ձեր արած մեծ ու փոքր, ասված ու չասված բարեգործությունների մասին բոլորս գիտենք և, ինչ խոսք, դա ևս հարգանք է պահանջում: Դուք հաճախ եք եղել ժողովրդի կողքին, ժողովրդի, որը Ձեր կարիքն է ունեցել: Պարո՛ն Ծառուկյան, որքան ամեն ինչ լավ կլիներ, եթե ամեն ինչ այսքան վատ չլիներ (Մարուքյանը վկա է):

Բայց, պարոն Ծառուկյան, մեր երկիրը «խիստ նեղ է» ստացված գործարար լինելու և սիրված քաղաքական գործիչ մնալու համար: Գիտե՞ք՝ ինչու. որովհետև ընկերներին մենք ենք ընտրում, բարեկամներին՝ երևի ճակատագիրը: Ձեր դեպքում, պարոն Ծառուկյան, գուցե բախտը չի բերել՝ ոչ մեկի, ոչ մյուսի հարցում: Ձեզ ներել կարելի է դրա համար: Սրա մասին դեռ կխոսեմ:

Արդեն 5 օր (դուք հասկացեք՝ 10 տարի) ազգս՝ իմ ու Ձեր ազգը, պարո՛ն Ծառուկյան, գլխապատառ գոռում է վարչապետ դարձած նախագահին մերժել, հեռանալ, հանգիստ թողնել իրեն: Թողնել մնալ երկրում, թողնել աշխատել, թողնել չտրորել սեփական արժանապատվությունը, թողնել զգալ հայրենիքում պինդ լինելու քաղցրությունը: Էլի շատ բան թողնել: Դուք ունեք այդ «թույլտվությունները», մեզնից լավ կիմանաք:

Պարոն Ծառուկյան, երբ իմ ու Ձեր հայրենակիցները խորհրդարան էին ընտրում, Ձեր թիմի անդամները, լավ է Ձեզ հայտնի, ամեն ինչ անում էին մանդատ ստանալու համար: Որ ավելի լավը դարձնեին երկիրը: Որ առնվազն մեղմեին երկրի խնդիրները: Որ օրենքի երկիր դարձնեին: Որ բարգավաճ երկիր դարձնեին:

Հիմա խնդրում եմ նայել Ձեր շուրջը հավաքված մարդկանց, պարո՛ն Ծառուկյան:

Ձեր թիմից երեք մանդատավոր, երեկ նստել է Ազգային ժողովում ու հանգիստ արտահայտվել, որ ինքը տեսակետ չունի: Իրեն ժողովուրդն ընտրել է, որ ինքն իրեն նեղություն չտա մտածել՝ ինչպես քվեարկի: Երկիրը վարչապետ է ընտրում, ինքը տեսակետ չունի ու չի քվեարկում, բացահայտ թքում է ընտրության վրա ու ձեռքերը լվանում «դեմուկողմից»: Վատամարդ լինելուց:

Բացակաների մասին գուցե չխոսենք: Այս դեպքում նրանք գոնե հարգել են ամենաքիչը իրենք իրենց: Թողնենք իրենց խղճին: Ձեր պարագան այլ է՝ ուշ կխոսեմ:

Ձեր խմբակցության՝ Ձեզ հավատարիմ զանգվածը միայն դեմ է քվեարկել գործող իշխանությանն ու «պարզերես» արել Ձեզ՝ իր վրա վերցնելով իշխանության «վրեժի» հավանական հարվածները:

Եվս 12 մանդատավոր, պարոն Ծառուկյան, պարզապես թքեց ժողովրդի պայքարի, բողոքի, խեղճության ու միևնույն ժամանակ բարձր արժանապատվության վրա և ասաց՝ այո, Սերժ Սարգսյանը լավ է կառավարում, թողնենք շարունակի կառավարել: Ճիշտ այնպես, ինչպես ասում են Շարմազանովը, Աշոտյանն ու Կարեն Ավագյանը (Դուք նրանց հատկապե՛ս եք «սիրում»): Ու այստեղ ողբերգությունն այն չէ, որ դա Իշխան Զաքարյանն ու Նապոլեոն Ազիզյանն են անում: Ամենևին: Այլ որ Ձեր երկու՝ ճակատագրի բերմամբ բարեկամ դարձած փեսաներն են իրենց տանում-դնում աշոտյանների կողքին ու ստիպում «սիրել իրենց» (Մարուքյանին նորից հիշենք): Ու Ձեր կուսակցությունը, պարո՛ն Ծառուկյան, ժողովրդի համար աշոտյանական ու ավագյանական կուսակցություն դարձնում: Ձեր՝ «ձեռքբերովի բախտն» իսկապես չի բերել:

Իսկ թե ինչու Դուք՝ անձամբ, փողոցում չեք, դա՛ էլ ենք լավ հասկանում: Մեկ անգամ արդեն փորձել եք դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, այդ մասին չխոսենք, բոլորը լավ են հիշում, թե ինչպես էր Ձեր քաղաքական հակառակորդ թիմը մեծուփոքրով ինքնահաստատվում՝ Ձեր հասցեին հնչեցրած վիրավորանքներով: Լավ ենք հիշում: Դուք էլ եք լավ հիշում ու հաստատ կրկնություն չէիք ցանկանա, դա էլ ենք հասկանում: Սերժ Սարգսյանն, իսկապես, անհարմար մրցակից է:

Այժմ, սակայն, պահն է, պարոն Ծառուկյան, իսկական պահը ժողովրդի ոչ թե գլխին, այլ կողքին կանգնելու, ցուցարարների մեջ, թեկուզ վերջին շարքում, բայց կանգնելու, այս անգամ՝ ոչ թե նյութապես, այլ բարոյապես ու հոգեպես աջակցելու համար: Այժմ պահ է, երբ հանրությունը դեռ սպասում է Ձեզ: Վաղը, երբ Սերժ Սարգսյանի ոտքի տակի հողը թուլանա, կամ, ո՞վ գիտի, փուլ գա, արդեն ուշ է լինելու: Ձեզ էլ ընկալելու են իբրև Սերժի Սարգսյանի դեմ առնվազն չպայքարած մեկի ու հետևաբար նրա նմանը ու չեն ներելու…

Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն

Related posts

Leave a Comment