>
Creations in Armenian

Վիճակ

Շեղվեց միտքս քնքշանքի կարոտից, բայց պետք էր շարժվել: Մութը պատել էր շուրջ բոլորս ու ցավոք, ոչ մի կանթեղ մարդկային այս հորձանուտում:

Դիմացից եկող Կարիճը անտարբեր բարեւեց ինձ ու վախվորած ֆսֆսաց:

-Էդ ճանապարհը փակ է, ես չկարողոցա անցնել, ավելի լավ է ետ դառնաս, ես էլ նույնն եմ անում:

–  Ինչպես թե փակ է, երեկ օձը հենց այստեղով է անցել:

– Անցել է, բա չէ: Նրա գանգը հիմա «Զվեր» Անդոյի « կապոտն» է զարդարում:

– Ախր էդ ճամփան հակառակ կողմից էլ է փակ, կամուրջի մոտ « ինսպեկտոր» Բղդոն է դարան մտել, երեկ ինչքան մողես կար քերթել ու բոզերի համար վարտիք է կարել տվել: Ոնց որ թե փրկություն չունենք:

–  Որ էդպես է, կամրջին չհասած, «Սեւ  քարից» այն կողմ մի թաքստոց կա, ուր առաջ առնետներն էին բնակվում, ողորմած հոգիները չէին էլ կարող ենթադրել, որ իրենց պոչերը «շնորոկ» սարքելու համար այդքան թանկ հումք են դառնալու, գնանք էդ կողմը, գուցե փրկվենք:

Առանց վարանելու թեքվեցի կարիճի ասած կողմը, ոչ մի հույս չկար, սարսուռն ամենուրեք էր, սատկած գայլեր, ատամներն հանած վագրեր, աչքերը խոշտանգված թռչուններ

– Զարհուրելի է, տեսնես աչքերը ինչի համար են օգտագործում, չլինի թե դրանցից էլ են կոճակ  սարքում:

– Ոնց թե, չգիտե՝ս, իրիկունը էդ աչքերով «Լեշ» Վաղոյի լակոտները քարկտիք են խաղում: Համ էլ էդքան մի խորացիր, կոտորած է, որ բռնեցին բռնել են, ահա « Սեւ քարը » , արի իմ ետեւից:

Դեռ ներս չմտած շուրջ բոլորս բոց բռնվեց, մենք` երկու կարիճներս հայտնվել էինք օղակաձեւ կրակի մեջ: Քնաշանքի կարոտը խեղդում էր հոգիս, գլխիս փռվել էր «Փլուշ» Գարոյի ինքնագոհ ու լպիրշ դեմքը, նույնիսկ խայթելու ցանկություն չկար: Կրակ էր ամենուր ու սպանդ…

Նորայր Հակոբյան` 1985

Այս փոքրիկ նովելը գրվել է դեռեւս խորհրդային տարիներին:
Այլաբանորեն, ժամանակի իրականությունից վերցրած, դառը մի դրվագ է պատկերվել այնտեղ:
Երազանքս էր՝ մի օր նորից կարդալ այն ու մտորել , որ դա ընդամենը մոռացված մի դրվագ է
մեր անցյալի տխուր պատմությունից , բայց ավաղ մի ամողջ կյանք էր անցնում ու ոչինչ չէր փոխվում:
Երկրումս «Իրավիճակ է փոխվում » Նորից ուզեցի մեջտեղ հանել այս գիրը ու նորից հույսով սպասել: RE-START

Նորայր Հակոբյան` 2019

Related posts