Articles/Հոդվածներ

«Թե բախտ վիճակվեր նորից աշխարհ գալ, նորից կուզեի երգիչ ծնվել…»-Սոկրատ Մարտինյան

27/Նոեմբեր/2012

Մենք բազմիցս անդրադարձել ենք Աբովյան քաղաքի մշակութային կյանքին, նրա շնորհաշատ այն քաղաքացիներին, որոնք սերունդներ են կրթել, հայ երգն ու երաժշտությունը յուրովի մեկնաբանությամբ ներկայացրել մեր քաղաքի ու հանրապետության արվեստասերներին։

Ինչպես գիտենք, Աբովյանը հիմնվել է 60-ականներին, և բազում վառ անհատներ իրենց վաստակն են ունեցել մեր քաղաքի հոգևոր-մշակութային կյանքի կայացման գործում։

Աբովյան քաղաքում 70-ականներին` հանձինս տասնյակ ժողգործիքային, էստրադային և անհատ կատարողների, երգարվեստի  յուրահատուկ  մի մթնոլորտ էր ստեղծվել։ Բազում անհատականությունների շարքում մարդկանց միտքն ու սիրտը ջերմացնող մի անուն էր շրջում երգարվեստի սիրահարների շրջանում։

Ընկերական մի միջավայրում` hայկական սեղանի շուրջ հավաքված, սիրով ձեզ ենք ներկայացնում այժմ Լոս Անջելեսում բնակվող ու ստեղծագործող, իսկ նախկինում` Աբովյանի լեգենդար երգիչ Սոկրատին։

Սոկրատ Մարտինյանը, որն արդեն 63 տարեկան է, 1969թ.-ից բնակվում էր Աբովյանում։ Նրա ընտանիքը մեկն էր բազում այն հայրանադարձվածների ընտանիքներից, որոնք Հայաստան էին տեղափոխվել մոտակա սփյուռքից` Իրանի Թեհրան քաղաքից։

-Իմ ստեղծագործական կյանքն սկսվել է Թեհրանում։ Հայ երգը ես սիրել ու սկսել եմ կատարել իմ ընկերների միջավայրում, հայ ընտանիքներում, ովքեր օտարության մեջ մարգարիտի պես պաշտում էին հայկական երգը, հատկապես` ժողովրդական ասքն ու խոսքը, Կոմիտասի, Սայաթ-Նովայի և մեր շնորհաշատ մյուս կոմպոզիտորների ու գուսանների արևահամ երաժշտությունը,- ասում է Սոկրատը մեր մտերմիկ զրույցի սկզբում և այնուհետև ավելացնում.

-Աբովյանում իմ ստեղծագործնական կյանքն սկսվեց Սիրիուս գործարանի “Գարուն” Էստրադային նվագախմբի հետ, երբ ես դարձա Լյովա Կիրակոսյանի ղեկավարած երաժշտական անսամբլի մեներգիչը և այնուհետ ընդգրկվեցի հանրահայտ խմբավար Ալյոշա Աբրահամյանի ղեկավարած ժողգործիքների խմբում ու դարձա  մենակատարներից մեկը։ Մեր համույթը բազմիցս ներկայացրել է Աբովյան քաղաքը ժամանակի “Միութենական” փառատոններում, ինչպես նաև Ռումինիայում, Բուլղարիայում և մի շարք այլ երկրներում կայացած ժողովրդական երգի միջազգային մրցույթ-փառատոններում։

Մի այդպիսի փառատոնում էլ, որին  17 պետություններ էին  մասնակցում, մեր անսամբլը` Ալեքսեյ Հեքիմյանի “Գարուն է գալիս” երգի իմ կատարումով,  գրավեց պատվավոր  առաջին մրցանակային տեղը։

-Փորձել եք արդյո՞ք հանդես գալ հանրապետական ռադիո-հեռուստատեսությամբ։

-Ժամանակին հանդիպումներ եմ ունեցել երջանկահիշատակ անվանի երգիչներ Հովհաննես Բադալյանի, Արաքսյա Գյուլզադյանի հետ, ովքեր ինձ ծանոթացրին Ռուբեն Մաթևոսյանի հետ։ Նրանց միջնորդությամբ հրավիրվեցի ռադիո` ֆեստիվալի մասնակցելու համար ու նույնիսկ ձայնագրվեցի, բայց այդ ձայնագրությունն այդպես էլ եթեր չհեռարձակվեց։ Կարծում եմ` դա ձևական բնույթ կրող մի միջոցառում էր, ժամանակի տերմիններով ասած` պրոտոկոլային միջոցառում և ուրիշ ոչինչ։

-Երբևէ չե՞ք ափսոսել, որ Ձեր նման ձայն ու կատարման շնորհ ունեցող երգիչը այդպես էլ իր աստիճանին պատշաճ պետական մակարդակով չներկայացվեց։

 -Ոչ իհարկե։ 70-ականներին բացվեց Կոտայք ռեստորանը, որի հիմնական նվագախումբը դարձավ մեր “Գարուն” անսամբլը, իսկ 1974-ին ես հիմնադրեցի “Աբովյան” համույթը, և սկսեցինք հանդես գալ “Ծիածան” ռեստորանում, 1982-ից էլ հաստատվեցինք “Գեղարդ” վանքային համալիրի տարածքում գործող համանուն ռեստորանում։ Հանրապետության ու բազում արտասահմանյան հյուրերին հավուր պատշաճի ներկայացնում էինք հայ երգն ու երաժշտությունը, միաժամանակ ազատ էի իմ ռեպերտուարի ընտրության գործում և զերծ էի պաշտոնական սահմանափակումներից։

Լավ հիշում եմ մի դեպք. երբ հանրահայտ երագահան Արմեն Մանդակունյանը հեռացավ Հայաստանից, նրա բոլոր երգերն արգելվեցին։ Ոչ միայն ռադիո-հեռուստատեսությամբ, այլ նույնիսկ ռեստորաններում չէր կարելի կատարել նրա երգերը։

Մի երեկո նույն “Գեղարդում” մեր հյուրերը նախարարներ էին, և ես կատարեցի Մանդակունյանի` իմ երգացանկից չբացակայող “Սիրելիս” երգը։ Կատարումից հետո ինձ հաղորդեցին, որ ես դրսում սպասող ունեմ։ Մտածեցի` հենց այդ է, որ կա. պաշտոնյա մարդիկ են, գլխացավանքի մեջ ընկանք, սակայն  զարմանքն ինձ պատեց, երբ մի քանի հարց ու պատասխանից հետո զրուցակից պաշտոնյան սկսեց գովել իմ հանդուգն արարքը և ասաց, որ այդ երգի բառերի հեղինակը հենց ինքն է։

Եթե չեմ սխալվում, նրա ազգանունը Վարդանյան էր, և նա այդ ժամանակ սննդի արդյունաբերության նախարարը կամ այդ բնագավառի երևելիներից մեկն էր։

-Դժվար չէ՞ր ռեստորանում ելույթ ունենալը. ինչ տեսակ մարդ ասես` կարող էր հանդիպել։

-Բարդություններ կային, բայց մենք արդեն այդ բովում թրծվել էինք, հանգիստ գլուխ էինք հանում ստեղծված իրավիճակից։ Միայն հայրս էր սրտնեղում. ասում էր. “Ինչու՞ ես միշտ տուն գալիս գինովցած”։

Չնայած` այդ հարցն էլ հեշտ լուծեցի։ Մի օր հորս առաջարկեցի, որ գա ինձ հետ և անձամբ տեսնի, թե հնարավոր է արդյո՞ք առանց խմելու հետ գալ տուն:

Նա, իհարկե, համաձայնեց և եկավ, բայց դեռ ներս չմտած` բոլորը շրջապատեցին նրան ու ինձնից հեռացրին։ Կես ժամ չանցած` հայրս արդեն դժվար էր ոտքի վրա կանգնում։

Հարցրի`  “էդ ո՞նց, հայրի՛կ”։

Ասաց. ”Տղա՛ս, էնպիսի հոգեթով ու սիրտ մաշող կենացներ էին ասում իմ ու քո հասցեին, մեր հայ ազգին, որ չխմել չէր լինում”։


Իսկ պատահական մարդկանց հետ կապված մի հետաքրքիր դեպք եմ ուզում պատմել։

Ռեստորանային աշխույժ մի երեկո էր, երբ նկատեցի, որ մի երիտասարդ ու անծանոթ տղա առիթ է փնտրում ինձ մոտենալու։

Երգի ավարտից անմիջապես հետո մոտեցա նրան։ Տղան պատմեց, որ Հրազդանից է։ Մեքենայով եկել է Աբովյան` բարեկամին այցելելու ու ճանապարհին միլիցիան բռնել է իրեն։  Որպեսզի խուսափի մոտալուտ պատժից, ասել է թե Սոկրատը քեռիս է ու Աբովյան ինձ այցելելու է եկել։ Ավտոտեսուչն էլ ասել է թե, եթե Սոկրատը իսկապես քո քեռին է ուրեմն գնա բեր ու ապացուցիր։

Զվարճալի վիճակ էր, բայց տղային օգնել էր պետք …

Անմիջապես խոհարարին պատվիրեցի քյաբաբ-խորովածով ու մնացած հարգի ուտելիքներով ու խմելիքներով մի կապոց սարքի և տղայի հետ մեկտեղ գնացինք ավտոտեսուչներին պատվեlու։ Դա Կոտայք ռեստորանի դիմացի փողոցում էր, միլիցիան հաճախակի հենց այդտեղ էր “դարանակալում”` խմած վարորդ բռնելու ակնկալիքով, իսկ տղան որեէ հատուկ խախտում չեր կատարել. ինչ-որ փաստաթուղթ էր տանը թողել։

Միլիցիոներները ինձ ու  կապոցը  ձեռքիս տեսնելով` թեթև զրույցից հետո գոհունակ ժպտացին ու ասացին, որ “այ հիմա երևաց, որ Սոկրատը քո քեռին է,” ու մեքենան բաց թողին։

Ինչ ասեմ. տղաին օգնեցի, միլիցոներներին էլ հացը հասցրի, ախր ամբողջ գիշեր սոված-ծառավ էդ փողոցի վրա էին հերթապահում։

Իմիջայլոց, տարիներ հետո էդ տղային Ամերիկայում հանդիպեցի, արդեն հասուն տղամարդ էր, ինքը հիշեցրեց։  Մեծ բավականությամբ վերապրեցի էդ զվարճալի օրը։

-Հարսանիքներին ու ծնունդ-կնունքներին , ինչպես  գիտեմ,  բավական շատ հրավերներ էին լինում:

-Անկասկած։  Աբովյանցիները մեզ սիրում էին։ Թե՛ ծեր,  թե՛ երիտասարդ, բոլորը լիարժեք ուրախանում էին այն հանդիսություններին, որոնցում մենք ներկա էինք:

Տարիներ անց քանիցս հանդիպել եմ մարդկանց, որոնց հարսանիքը կամ տարեդարձը մեր խմբի նվագի ու երգի հնչյունների ներքո է անցել։ Մարդիկ լավ տպավորությամբ են հիշում այդ օրերը։

Հարսանիքը, հատկապես հայկական իրականության մեջ, ամուսնացող զույգերի մեծամասնության համար մի անգամ է լինում։ Այդ միակ և բացառիկ օրը զույգերի ու հրավիրյալների համար հավերժ հիշվող մի իրադարձություն է, իսկ մեզ համար` պատասխանատու հանդիսություն։ Աշխատել ենք հնարավորինս գեղեցիկ անցկացնել։

-Ես էլ եմ այդ մասին շատ լսել, բոլոր արձագանքները խիստ դրական են, ինչպես ասում են 5+:

Սոկրատ՛,  իսկ ինչպե՞ս դասավորվեց Ձեր կյանքը Լոս Անջելեսում։

– ԱՄՆ-ում  բնակվում եմ  1987- ից: Առաջին գործս նվագախմբի վերականգնումն է եղել. “Աբովյան” համույթի  3 նվագողներն արդեն Լոս Անջելեսում էին։  Որոշ ջանքերից հետո համույթը  վերստեղծվեց։ Ինձ արդեն հարազատ դարձած նվագախմբի անդամներն են.

Վազգեն Ավետյան – ստեղնաշար

Ռոբերտ Հակոբյան  – սոլո կիթառ

Վարդան Մուրադյան – բաս կիթառ

Ծիածանում երգելիս ինձ ընկերակցել են

Ռուբիկ Սևոյանը – ստեղնաշար

Ռոբերտ Սևոյանը –հարվածային գործիքներ

Ապրես Մելիքմուշղամբարյանը – հարվածային գործիքներ

Կիթառահար Զարեհ Թորոսյանին եմ լավ հիշում, ափսոս` ողբերգական մահ ունեցավ երիտասարդ հասակում:

-Ին՞չ համերգային ծրագրեր եք ունեցել ԱՄՆ-ում բնակվելու այս ժամանակաշրջանում։

-Նոր էի Հայաստանից եկել, ձայնս պարզ էր ու զուլալ, 50 տարիս էր բոլորում։

Կամեցա նոր երգային ալբոմ թողարկել` “50 տարին” խորագրով, ու դա իրականացրի նորաստեղծ մեր այս նվագախմբի հետ։ Այն մեծ ոգևորությամբ ընդունվեց տեղի հայ համայնքի կողմից։

Առանձին համերգներով հանդես ենք եկել Գլենդելի “Ալեքս” և “Սթար” թատրոններում ու “Փասադենա Սիվիք Աուդիթորիումում”։  Շրջիկ համերգներով հանդես ենք եկել Վաշինգթոնում, Բալթիմորում, Բոստոնում, Նյու Յորքում։ Մասնակցել ենք նաև արտագնա միջոցառումների Կանադայում, Գերմանիայում, Լոնդոնում ու Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։

Բնական է` հիմնականում տեղի հայ համայնքի համար ենք երգել։

-Որո՞նք են Ձեր երգացանկի` Ձեզ ամենահարազատ երգերը։

 -“Սարեր կաղաչեմ”, “Սիրելիս”, “Դուն իմ գուսանն ես”, “Ձախորդ օրերը”, “Դլե յաման” …

Սրանք իմ աստղային երգերն են, որոնք երբեք չեն բացակայում իմ երգացանկից։

-Ի մի բերելով Ձեր անցյալը` կարո՞ղ եք ասել` ին՞չ տվեց Ձեզ Հայաստանը և դուք ինչո՞վ փոխհատույց եղաք։

 -Ինձ լավ են ընդառաջել Հայաստանում, իսկ եթե ինչ-որ բան այն չի եղել, ապա դա չի գերազանցել ժամանակի` խորհրդային իրականությունում տիրող սահմանափակումների ընդհանուր ֆոնը։

Հայաստանում ես կայացել եմ որպես երգիչ և ընդունված եմ եղել իմ ժողովրդի` հատկապես աբովյանցիների կողմից։

Հայաստանում է իրականացել իմ բաղձալի երազանքը, և այնտեղ եմ ես գտել աշխարհում իմ ամենասիրելի մարդուն` իմ կնոջը։

Հայրենիքին տված իմ համեստ ավանդը “Աբովյան” համույթն է։ Ուրախ եմ, որ մի փոքր մասնիկ ունեմ թողած քաղաքիս պատմության հուշամատյանում։

Այդ ամենից ելնելով վստահ կարող եմ ասել` թե բախտ վիճակվեր` նորից աշխարհ գալ, նորից երգիչ կուզեի ծնվել։

Սոկրա՛տ, ին՞չ մաղթանքներ ունեք մեր սիրելի աբովյանցիներին։

Իմ հին ու շատ քաղցր ընկերներին, որոնց հետ է կապված իմ կյանքի 18 տարին, քաղաքին, որտեղ ես հայր եմ դարձել և որի ժողովրդի շնորհիվ կայացել եմ որպես երգիչ-արվեստագետ, մաղթում եմ հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ մշակութային կյանքում։

Ամեն անգամ աբովյանցի երգիչներին ունկնդրելիս երիտասարդական ավյունով եմ լցվում ու անսահման համակրանքով պարուրվում իմ հարազատ քաղաքի հանդեպ։

Տա Աստված` նորից հանդիպենք։

Sokrat Martinyan

Related posts

Leave a Comment