Հարցազրույց տաղանդաշատ գեղանկարիչ Սերգեյ Ռուբենյանի հետ
Շնորհաշատ նկարիչ Սերգեյ Ռուբենյանը ծնվել է Նախիջևանի Ջուլֆա քաղաքում, 70 ականներին բնակություն է հաստատել Աբովյան քաղաքում։
Ավարտել է Սարալանջի 6-րդ դպրոցը, այնուհետև՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Ուսումը շարունակել է գեղարվեստաթատերական ակադեմիայի գեղարվեստի բաժնում:
Զուգահեռաբար՝ դեռևս մանուկ հասակից, հաճախել է Նիկոլայ Քոթանջյանի գեղարվեստի ստուդիան։
-Սերգեյ, ինչպե՞ս որոշեցիք նկարիչ դառնալ, ովքե՞ր էին քաջալերողները։
-Առաջինը՝ հայրս, հետո՝ մանկական պատկերասրահի տնօրեն, երջանկահիշատակ Ժաննա Ամիրխանյանը` Հենրիկ Իգիթյանի կինը, այնուհետև Նիկոլայ Քոթանջյանը՝ հանրահայտ Կանազի մշակութային տան ստուդիայի ղեկավարը մեծ դեր են ունեցել իմ հոգեբանական դաստիրակության և նկարչական հմտությունների ձեռքբերման գործում։ Մասնավորապես, Նիկոլայ Քոթանջյանը տիրապետում էր մոտ 12 լեզվի, արվեստի պատմության գիտակ էր, միջնադարյան որմնանկարչության փորձագետ էր, և հենց նրա սերմանած գիտելիքներն ինձ օգնեցին հետագայում Մոսկվայի հայկական եկեղեցու ներքին նկարազարդման գործն ի կատար ածել։
-Քանի՞ տարի եք Հայաստանում ստեղծագործել և ին՞չ հաջողություններ եք ունեցել։
Ես Հայաստանում միայն սովորել եմ։ Ավարտելուց հետո առաջարկ եմ ստացել Ֆրանսիա մեկնելու և աշխատելու այնտեղ։ Երեք տարի ապրել ու ստեղծագործել եմ Լիոնում, ունեցել եմ բավականին հաջող ցուցահանդես-վաճառքներ , «Լես Նաբթս» ցուցասրահում, Մակկոն և Վիլորբան քաղաքներում։ Ունեցել եմ նաև անհատ գնորդներ, օրինակ՝ Աքելյանների ընտանիքը, Բղադարյանները և այլոք։
-Ե՞րբ եք սիրահարվել։
-Ես միշտ սիրահարված եմ եղել և շարունակում եմ այդպիսին մնալ։ Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ե՞րբ եմ ամուսնացել, ապա դա տեղի է ունեցել 1995 թվականին Աբովյանում։ Իմ ընտրյալն է Էմման, որի հետ առայսօր ապրում ենք իմ համբերության շնորհիվ, չնայած որ նման մի կարծիք էլ ինքն ունի իմ հանդեպ։ Ունենք երկու զավակ՝ տղա և աղջիկ։
Շարունակում ենք համբերաբար «շարունակել»։
-Մեկնեցիք Ռուսաստան։ Ինչու՞։
Ես ինքս Հայաստանում եղել եմ այն մարդը, որ մեծ ջանասիրությամբ մասնակցել է Խորհրդային Միության քանդման գործին։ Չնայած նրան, որ մեք քանդում էինք, որպեսզի նորն ու ավելի լավը սարքենք, բայց շատ կարճ ժամանակ անց պարզվեց, որ նրանք, ովքեր ղեկավարում էին մեր շարժումը, ունեին միմիայն քանդելու նպատակ։ Արդյունքն այնքան ամոթալի էր, որ ես որոշեցի դուրս գալ երկրից։
-Ինչպե՞ս ընթացավ Ձեր՝ ռուսաստանյան ստեղծագործական կյանքը։
Այնտեղ գործունեության այնքան մեծ հնարավորություն կար, որ իմ հաջողությունները սկսեցին կայծակնորեն ի հայտ գալ։ Այնպիսի պահ էր, որ Ռուսաստանը կարիք ուներ աշխատողների ընդհանրապես և մասնավորապես ինձ նմանի, որը ժրաջան կարող էր նկարել օրնիբուն։ Յոթ տարի եղել եմ Ինդոնեզիայի դեսպանատան միակ պատվեր կատարողը։ Համբավս այնքան էր տարածվել, որ դեսպանի բարեկամը, ով Գերմանիայում նույն երկրի դեսպանության պատասխանատու անձ էր, հատուկ գալիս էր Մոսկվա՝ ինձ պատվերներ տալու, ու միանգամից տասնյակ նկարներ էր գնում։
Չինական արևտրային մի կազմակերպությունից տարեկան երկու անգամ գալիս էին ինձնից կտավներ գնելու ու իմ ունեցած բոլոր գործերն առնում, տանում էին։
-Ինչու՞մն էր գաղտնիքը։ Որպես կանոն, աշխարհն է Չինաստանից գնում ամեն ինչ։ Չլինի՞ թե կարմիր գույնը շատ էր քո կտավներում։
-Գնորդներիցս երևելի մեկը՝ կոչումով գնդապետ, հետևյալն ասաց՝ նույն հարցին ի պատասխան․ «Օտարները Չինաստանից չինական նկարներ են տանում, իսկ մենք ուզում ենք քոնը տանել, նրանք չինական չեն»։
Այլ մեծահարուստներ էլ կային, որ պարբերաբար ինձնից կտավներ էին գնում կամ պատվիրում, ցավոք շատերի անունը չեմ կարող տալ։
-Բարի։ Եվ այսպես սկսվեց Մոսկվայի հայկական եկեղեցու շինարարությունը, և Ձեր ստեծագործական շնորհը ի սպաս դրվեց եկեղեցաշինությանը, այն էլ ո՞րտեղ ․․․
Հոգևոր թեման ինձ ուղեկցել է՝ սկսած ուսման տարիներից։ Դիպլոմային աշխատանքս էլ էր հոգևոր թեմայով։ Այն ի պահ էի տրվել եղբորս ընտանիքին, բայց ինձ անհասկանալի պատճառներով հիմա գտնվում է Առինջի նորակառույց մոխրագույն եկեղեցում։
Մոսկվայում հաստատվելուց հետո մի ռուս հոգևորականի հետ համատեղ հիմնադրեցինք իկոնոգրաֆիայի դպրոց։ Այդ ընթացքում մի գործ արեցի Հիսուսի խաչելությունը թամայով , որը տարիներ հետո այդ հոգևորականը գնեց Նյու Յորքի ռուսական եկեղեցու համար։
-Այսինքն, բավականին փորձ և հմտություն արդեն իսկ ձեռք էիք բերել մինչև հայկական եկեղեցու գործին նվիրվելը։
-Իհարկե, առավել ևս, որ հոգևորական թեմաները իրենց ծնունդը ստանում են, երբ կա դրանց իրացման համար անհրաժեշտ միջավայր։ Օրերից մի օր, պատահական լինելով նորակարույց եկեղեցու բակում, նկատեցի, որ սա մի տեղ է, որտեղ ես կարող եմ իմ ամբողջ ունակությամբ ներկայանանալ թե Աստծո ևթե հոգևոր կյանքով ապրող իմ հայրենակիցների առջև։
Եզրաս սրբազանի հետ ծանոթանալու մի քանի անհաջող փորձից հետո իմ Նյու Յորքյան հոգևոր ընկերոջ հորդորով նամակ կազմեցի և անձամբ հանձնեցի եկեղեցու քարտուղարությանը։ Սրբազանը կես ժամից անմիջապես
անձամբ զանգահարեց և հրավիրեց ծանոթանալու ու քննարկելու իմ մոտեցումները։ Հանդիպեցինք, ու թեև այս գործն անելու համար բավականին հեղինակավոր մարդիկ էին պատրաստակամություն հայտնել, Եզրաս Սրբազանի օրհնությամբ և Աստծո կամոք՝ ես արժանացա այս չափազանց կարևոր գործը հեղինակելու պատվին։
Առաջին օրից իսկ ստեղծվեց մի հոգևոր տանդեմ իմ և սրբազան առաջնորդի միջև, որն առ այսօր շարունակվում է։ Երկու տարի աշխատեցի էսկիզների ու որմնանկարների վրա։ Նկարազարդեցի կենտրոնական գմբեթը՝ Հիսուսի պատկերով, չորս օբսիդները՝ (սյուների միջև ընկած տարածք) Լուսավորչի տեսիլքը, գրերի գյուտը, Նոյը իջնում է Արարատից և Հայաստանի մկրտությունը (քրիստոնեության ընդունումը Հայաստանում) թեմաներով,
Կենտրոնական մուտքի առաստաղի վրա պատկերեցի նաև Հիսուսի մուտքը Երուսաղեմ։
Մատուռի ներսում՝ օբսիդի վրա, նկարեցի խորհրդավոր ընթրիքը,
գմբեթի առաստաղի վրա՝ զարդանախշերով որմնանկար, մյուս չորս սյուների վրա՝ չորս ավետարանիչների խորհրդանշական պատկերները։
Նորից եմ ուզում շեշտել, որ այս չափազանց պատասխանատու ու բարդ առաքելությունը հնարավոր դարձավ իրականացնել Աստծո կամոք և Եզրաս Սրբազանի օրհնության շնորհիվ։
Իմ մյուս գործերից են նաև Իժևսկի հայկական եկեղեցու որմնանկարչությունը և Մոսկվայի մերձակայքում գործող մի քանի ռուսական եկեղեցիների որոշ որմնանկարներ։
-Հիրավի մեծ գործ եք արել։ Եվ այսպես՝ Ձեր հերթական հանգրվանը դարձավ Ամերիկան։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում Լոս Անջելեսում ։
Ներկայումս Բըրբանք քաղաքում հիմնել եմ արվեստանոց և ցուցասրահ, որտեղ զբաղվում եմ ստեղծագործական աշխատանքով և վաճառքով։ Միաժամանակ ցուցադրում և վաճառում եմ այլ հայ հեղինակների աշխատանքները։ Կատարում եմ նաև կտավների գնահատում և փորձագիտական ծառայություններ։
-Ի՞նչ տարբերություն կա Ռուսաստանի և Ամերիկայի Ձեր ստեղծագործական ժամանակաշրջանների միջև։
Ռուսաստանում ես ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում: Ստեղծագործում էի ստացածս կրթության և ձեռք բերածս հմտությանը համապատասխան, իսկ այստեղ ստիպված եմ այս տարիքում նորից սերտել ու յուրացնել մի դպրոց, փիլիսոփայություն և ճաշակ, որը հիմնավորապես տարբերվում է նախկինից, և, գրողը տանի, այն ամենը, ինչ նախկինում ինձ թվում էր անթյուրատրելի, պարզվում է, որ այստեղ մի հիմնավոր մշակույթ է իրենից ներկայացնում։ Հետաքրքիր է ինձ համար և բավականին պահանջարկ վայելող հանրության համար։
-Որքան գիտեմ, Աբովյանի առաջին դիսկոտեքի՝ Զոդիակի գլխավոր պատն էլ եք դուք ձևավորել դեռևս 1984 թվականին։ Ի՞նչ կմաղթեք Ձեր համաքաղաքացիներին։
-Կմաղթեմ, որ իմ համաքաղաքացիների կյանքը լինի նույնքան ուրախ և բազմերանգ և մեր օրերի համար առաջադեմ, ինչպես որ այն պատկերված էր Զոդիակի սրահում։ Հույսով եմ այդ որմնանկարը դեռ գոյություն ունի։
Հարցազրույցը՝ Նորայր Հակոբյանի