News/Նորություններ

ԱՆՑՅԱԼԻ ԱՐԱՏՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԵՒ ՌԵՒԱՆՇԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆՔ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

– Առաջիկայում քաղաքական ի՞նչ ծրագրեր ունի «Սասնա ծռեր» կուսակցությունը, ո՞րն է լինելու նրա առաքելությունը, գործելո՞ւ է ընդդիմադիր դաշտում, թե՞ իշխանական։

-Մեր առաքելությունը ինքնիշխան ազգային պետության և իրավատեր քաղաքացու կայացումն է:

Մեր առաջիկա հիմնական ծրագիրը Արցախի աբխազացման կանխումն է:

Դրան հասնելու ենք Արցախի կեղծ սուբյեկտացման գործընթացը Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով դե յուրե ներառելու գործընթացի վերածելու միջոցով:

Դա դարձնելով ազգային օրակարգի գլխավոր հարց՝ հնարավոր կդառնա հարուցելու նաև ՀՀ արտաքին հարաբերությունները, տնտեսությունը և պետական կառավարման համակարգը Ռուսաստանի նորգաղութային կախյալությունից ազատելու առողջացնող գործընթաց:

Դա հնարավորություն կտա  Ռուսաստանի և մյուս ուժային կենտրոնների հետ հաստատելու հավասարակշիռ և արժանապատիվ հարաբերություններ, վերացնել մենաշնորհները և վերափոխել տնտեսության կառուցվածքը, արմատախիլ անել կոռուպցիան, ձերբազատվել Կրեմլին ծառայող խորքային պետությունից, որի միջուկն ու առանցքը ԱԱԾ-ն է, և ձևավորել ազգային նպատակներ իրագործելու ունակ պետական կառավարման համակարգ, ապահովել ազգային անվտանգությունը և այդ ամենի շնորհիվ ստեղծել արժանապատիվ կյանքի պայմաններ: 

Պատճառն այն է, որ առանց Արցախի ՀՀ-ն ընդամենը ինքնուրույնության և զարգացման հեռանկար չունեցող գաճաճ պետություն է, իսկ Արցախը ներառող ՀՀ-ն՝ արդեն ինքնուրույն գործոն դառնալու ունակ փոքր տերություն:

Քանի որ մենք դեռևս խորհրդարանում չենք, իսկ ժամանակներն էլ անցումային են, ապա անցյալի արատները հաղթահարելու և ռևանշը կանխելու հարցերում աջակցելու ենք գործող կառավարությանը, իսկ մնացյալ հարցերում հետապնդելու ենք մեր օրակարգային նպատակները:

-Ի՞նչ սխալներ եւ բացթողումներ է թույլ տվել գործող իշխանությունը, ըստ Ձեզ, մեկ տարվա ընթացքում։

-Գործող իշխանությունը, լինելով հեղափոխության ծնունդ, հեղափոխական տրամաբանության փոխարեն որդեգրեց նախորդ ռեժիմի իրավահաջորդության տրամաբանություն, նույնիսկ իրավաքաղաքական գնահատական չտվեց նախորդ ռեժիմի ազգադավ ու հանցավոր գործունեությանը, չարձանագրեց դրանց ծանր հետևանքները:

Մնացյալը հետևանք է: 

Կարող ենք ասել, որ առայժմ ընդամենը տեղի է ունեցել կառավարման մեղմացում՝ այլևս չկան նախկին բռնությունն ու հալածանքը, կոռուպցիան հատկապես վերին օղակում էապես նահանջել է, սակայն մյուս բոլոր պրոբլեմներն առկա են,  և որոշները նույնիսկ խորանում են:      Առաջիկա օրերին գործող իշխանության  մեկ տարվա  կատարած աշխատանքների  վերաբերյալ հանդես կգանք համապատասխան  հայտարարությամբ :

-«Սասնա ծռերը» հանդես են եկել հակառուսական հստակ դիրքորոշմամբ։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն են այսօր հայ-ռուսական հարաբերությունները, ինչպե՞ս կարելի է հարթել կնճռոտ խնդիրները, որոնք ծագել են հայ-ռուսական հարաբերություններում։

-Մենք  Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք: Պարզապես պայքարում ենք Ռուսաստան պետության  նորգաղութային կախյալությունից ձերբազատվելու և նրա հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու համար: 

-Մայիսը համարվում է հաղթանակների ամիս։ Ըստ Ձեզ՝ Շուշիի ազատագրումը, հրադադարի կնքումը տարիների հեռավորությունից ի՞նչ խորհուրդ են կրում, եթե նկատի ունենանք, որ ներկա սերունդը խեղաթյուրված դասագրքերի պատճառով սխալ պատկերացումներ ունի նրանց մասին։

-Շուշիի ազատագրումը ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու և մեր մեր Հայրենիքին վերատիրանալու գործընթացի մեկնարկն էր:

Մնացածը, այդ թվում՝ ի վնաս մեզ կնքված հրադադարը, Արցախի կեղծ անկախությունը, դասագրքերի պղծումը, մեզ այս գործընթացից հանելու նպատակին է ծառայում: 
 

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախին բանակցային կողմ դարձնելու մասին, նաեւ այն մասին, որ բանակցությունները սկսելու է զրոյից։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը Արցախի հակամարտության լուծման հարցում։

-Դա փակուղային և խիստ վտանգավոր ճանապարհ է: 
Հարկավոր է շուռ տալ Արցախի կեղծ անկախության էջը և ձեռնամուխ լինել Արցախը մարզի կարգավիճակով դե յուրե ՀՀ կազմում ներառելը արձանագրելուն:

-Համագործակցո՞ւմ եք Սամվել Բաբայանի հետ, թե՞ ոչ։

-Ոչ, մենք տրամագծորեն տարբեր տեսակետներ ունենք Արցախի և, առհասարակ՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ:

-Եվ ընդհանրապես, ինչպե՞ս էք գնահատում և տեսնում Արցախի հարցի լուծման ընթացքն ու հեռանկարը։

-Արցախի հարցի լուծման մեր տեսակետն արդեն ներկայացրեցի: Ներկայիս ընթացքը գնահատում եմ վտանգավոր, բայց, միևնույն ժամանակ՝ նաև զարգացման մեծ ռուսուրս պարունակող, քանի որ ակտիվացրել է դաշտը, հնարավորություն է տալիս տեսնելու արտաքին և ներքին մարտահրավերները և ուժերը մոբիլիզացնելով՝ հաղթահարելու դրանք: 

Ուրիշ ճանապարհ չկա՝ Արցախը ՀՀ մաս է, և դա պետք է դե յուրե վերջնականորեն արձանագրվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում:

Hraparak.am

Related posts

Leave a Comment