News/Նորություններ

Աբովյանում կառուցապատում չի եղել, որովհետև քաղաքապետը կամ իրեն հովանավորող ուժերը թույլ չեն տվել. մարզպետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը

-Պարոն Պետրոսյան, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որից հետո նա հայտարարություն է տարածել, որ չի ընդունում մեղադրանքը և կարծում է, որ սա սխալմունք է: Որքան հայտնի է, դուք անձամբ եք տվյալներ տրամադրել իրավապահներին և եթե նա հիմա հերքում է, ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

-Նախ ասեմ, որ ցանկացած քաղաքացու իրավունքն է չընդունելու իրեն առաջադրված մեղադրանքը, բայց նաև պետք է մատնանշեմ, որ եթե ծանոթացել եք ՀՔԾ-ի, Գլխավոր դատախազության հաղորդագրություններին, այնտեղ նաև նշված է, որ գլխավոր դատախազության կողմից իրականացված պատշաճ վերահսկողության ներքո Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունն է գործը քննել և մեղադրանք առաջադրել: Այսինքն իրավական համակարգի երկու կարևորագույն ինստիտուտներ են այս գործընթացով զբաղվել, և այն վերագրել ինչ-որ թյուրիմացության, մի քիչ լուրջ չի հնչում: Նաև տարակուսելի է, որ քաղաքապետն ինքը մասնագիտությամբ իրավաբան լինելով նման բան է ասում, երբ պետական շահերի պաշտպանության թիվ մեկ գերատեսչության՝ գլխավոր դատախազության կողմից իրականացրած օրինականության հսկողության ներքո է մեղադրանք առաջադրվել: Կարծում եմ՝ քաղաքապետն ինքը քաջ գիտակցում է իր արարքների անթույլատրելիությունն առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում: Եթե դուք հիշում եք, անցյալ տարի, երբ Աբովյանի քաղաքապետարանում Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացվեց հերթական իրավական և մասնագիտական հսկողությունը, դեռևս այդ ժամանակ ի թիվս այլ առերևույթ իրավախախտումների, նաև ակտում արձանագրվել էր, որ այդ թաղամասում հսկայածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում՝ առանց շինարարական անհրաժեշտ փաստաթղթերի, շինթույլտվությունների և այլն: Դա առաջին ազդակն էր, որ համայնքի ղեկավարն ի պաշտոնե մի շարք օրենսդրական ակտերի համաձայն, այդ թվում ՏԻՄ օրենք, «Քաղաքաշինության մասին» օրենք, կառավարության մի շարք որոշումներ, պարտավոր էր անմիջապես կասեցնելու ապօրինի ինքնակամ շինարարությունը և վարչարարություն կիրառելու: Ամիսներ անց, երբ այդ ակտը արդեն արձանագրվեց և իրազեկվեց հավուր պատշաճի, այն նաև փոխանցվեց մարզի դատախազին: Այդ ակտում եղած մի շարք փաստերով հարուցվեց քրեական գործ և այդ քրեական գործի մեջ նաև այդ դրվագներն էին շոշափվում: Սակայն Աբովյանի քաղաքապետը միայն մայիսին առաջին անգամ վարչարարարություն կիրառեց կառուցապատող ընկերության նկատմամբ: Նա հայտարարեց, որ երկու անգամ է վարչարարություն կիրառվել: Ես չգիտեմ՝ մեր գործընկերը իրարից չի՞ տարբերում, թե՞ հատուկ խեղաթյուրում է փաստը, որ իր կողմից իրականացված վարչարարությունը նույն առաջին կարգի վարչարարությունն է: Սեփական հողատարածքի վրա ինքնակամ շինության դեպքով 200 հազար դրամ է տուգանել կառուցապատողին, համայնքային հողի վրա ինքնակամ, ապօրինի շինարարության դեպքում 400 հազար է տուգանել: Չի կարելի ասել, որ երկու անգամ է վարչարարություն կիրառել: Երկու անգամը 2500-ապատիկ տուգանք է նախատեսում՝ 2,5 մլն դրամ: Եթե այդ երկրորդ վարչարարությունն իրականացվեր, դրանից հետո իրավապահները նաև պետք է անդրադառնային կառուցապատողի վարքին: Բայց քանի դեռ համայնքի ղեկավարը առաջին կարգի վարչարարություն է արել և անհետևողականորեն այդպես թողել, ահա այդ մասով էր, որ Կոտայքի մարզային դատախազն իր խոսքում նշեց, որ եթե երկրորդ անգամ վարչարարություն արած լիներ, նաև կառուցապատողը իրավապահ համակարգի հետ խնդիր կունենար: Իմ անձնական կարծիքն այն է, որ հենց դրանով է պայմանավորված տուգանքների ձևական բնույթ կրելը: Այսինքն մի անգամ ձևական տուգանել է ու հետո անտեսել, մինչդեռ փետրվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 19 շենքի վրա շինարարական աշխատանքներ են տարվել: Մի մասում հիմքային աշխատանքներ են տարվել, բայց կան շենքեր, որոնք մինչև 8-9 հարկ կառուցապատվել են: Դրանց մի մասը սեփական տարածքում շինթույլտվությամբ օրինական շենքեր են, սակայն հատակագծի հետ կապված խնդիր կա, դուրս են եկել համայնքային հողեր, բայց մի մասը հենց համայնքի հողերի վրա է կառուցվել:

-Քաղաքապետը պնդում է, որ համայնքին վնաս չի հասցվել։

-Քաղաքապետի այն պնդումը, որ համայնքին վնաս չի հասցվել, որ այդ ընկերությունը համայնքից գնել է այդ հողերը և այլն, իրականությանը չի համապատասխանում: Դեռևս փետրվարին մեր վեր հանած փաստերով շինարարությունն ընթանում էր շուրջ 5 հեկտար հողատարածքի վրա, որից միայն 3-4 հեկտարը համայնքային սեփականություն էին: Օրենքով եթե առաջին անգամ վարչարարություն է արվում, դրանից հետո պետք է հորդորեր կառուցապատողին կասեցնել և օրինականացնել: Այսինքն պետք է չափագրվեր կատարված անօրինականությունը, այն հողի հետ միասին ճանաչվեր համայնքի սեփականություն, կադաստրային արժեքով գնվեր համայնքից և շինթույլտվություն ստանալուց հետո շարունակեին շինարարությունը: Կառուցապատողն, ըստ էության, դա չի արել և շարունակել է իր աշխատանքն ամբողջ ծավալով: Համայնքի ղեկավարը պարտավոր է կանխարգելել համայնքապատկան հողերի զավթումները, պատասխանատու է ապօրինի շինարարությունները կասեցնելու և օրինականացնելու համար: Այս գործը ընդամենը դրա մասին է: Քաղաքապետը պետք է երկրորդ անգամ 2,5 մլն դրամ տուգաներ, որից հետո արդեն իրավապահ մարմիններին ներգրավեր՝ կասեցնելու ապօրինի կառուցապատումը: Եվ միայն այն դեպքում, երբ կառուցապատողը համաձայն չէ օրինականացնել, որևէ կերպ չի ենթարկվում օրենքի պահանջներին և համայնքի օրինական շահերը վերականգնելու քաղաքապետի պահանջներին, այդ դեպքում միայն կարող է նաև քանդման որոշում կայացվել: Բայց մենք դրա մասին չենք խոսում, դեռ պրոցեսը շատ հեռու է դրանից: Որևէ մեկը կառուցապատողին չի ասում՝ քանդեք: Ասում ենք՝ համայնքապատկան հողերի վրա կառուցապատում իրականացնելու համար նախ հողը ձեռք բերեք: Քանի որ առանց դրա արդեն կառուցապատում եք սկսել, ապա ապօրինի կառուցապատումն օրինականացնելու գործընթաց անցեք, իսկ այդ գործընթացն օրինականացնելու համար հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 500 մլն դրամի օրինականացման վճար է գոյացել արդեն՝ կախված կառուցապատման մակերեսների ծավալից:

-Աբովյանի քաղաքապետն իր հայտարարությունում նշել է. «Ես դեռևս հակված եմ, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, բայց եթե պարզվի, որ տեղի ունեցածը որևէ մեկի դիտավորության կամ դառը կյանքի հետևանքով ստացած ապտակների արդյունքում առաջացած նեղվածության փարատման միջոց է, ապա խոստանում եմ մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի այդ անձը պատասխանատվության ենթարկվի»: Ձեր կարծիքով նա ո՞ւմ նկատի ունի:

-Ես չգիտեմ, թե քաղաքապետն ում նկատի ունի կամ ինչ նկատի ունի, բայց ինձ համար տարակուսելի է, որ ամբողջ պետական կառավարման համակարգեր են այդ գործընթացում ներգրավված եղել, և դրանից հետո նա այդպիսի բաներ է ասում: Ես ավելացնեմ, որ մեր ակտից հետո հուլիսին ես պաշտոնական գրությամբ նաև քաղաքաշինության, հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ուշադրությունն եմ հրավիրել այդ հսկայածավալ ապօրինի կառուցապատումների վրա: Իրենք էլ աշխատանքային այցելության և ստուգումների արդյունքում վեր են հանել ավելի մեծ ծավալներով խախտումներ և իրենք էլ մարզի դատախազին հաղորդում էին փոխանցել այդ փաստերով: Ահա քրեական գործը հարուցվել է թե այդ փաստերի, թե մեր կողմից ներկայացված փաստերի տվյալներով, դրանք միացվել են մեկ ընդհանուր վարույթի մեջ: Այդ գործընթացն իրականացվել է մարզպետի ինստիտուտի, քաղաքաշինության պետական տեսչության, գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի համագործակցության արդյունքում: Հիմա ինչպես կարող է դա լինել թյուրիմացություն: Եթե ինչ-որ անձերի կամ քմահաճույքների են վերագրում, ապա ես նույնպես այդ շահագրգիռ անձն եմ, որպեսզի վեր հանվի, թե արդյոք մեր երկրում կա այնպիսի մի անհատ, այնպիսի մի գործիչ, ում կամայականությունների արդյունքում կարող է 4 պետական գերատեսչություններ ինչ-որ քրեական գործեր հարուցեն: Արդյոք այդպիսի անց դեռևս կա նոր Հայաստանում: Ես բացառում եմ, որ այդպիսի մեկը կա և քաղաքապետը օդում ակնարկներ անելու փոխարեն կարող էր ուղիղ անուններով խոսել: Անուններով խոսելու դեպքում կամ կեղծ մատնության համար պատասխանատվության կենթարկվեր, կամ եթե նման փաստեր կհայտնաբերվեն, ես ինքս նաև որպես պետական կառավարման ներկայացուցիչ խիստ շահագրգռված կլինեմ տվյալ անձին օրենքով սահմանված կարգով խիստ պատժի արժանացնելու հարցում: Եթե կա մի այդպիսի անձ, որ կարող է 4 պետական ինստիտուտների ուղղորդել քրեական գործերի մեջ: Ես դա բացառում եմ իրավական պետության պայմաններում, իսկ հայաստանում մենք այսօր օրենքի գերակայություն ունենք:

Ուզում եմ անդրադառնալ նաև նրա հայտարարությանը, որ 30 տարում Աբովյանում նման կառուցապատում չի եղել  և մենք ողջունում ենք և այլն: Աբովյանում կառուցապատում չի եղել, որովհետև քաղաքապետը կամ իրեն հովանավորող ուժերը թույլ չեն տվել կառուցապատողներ մտնեն Աբովյան: Եթե Աբովյանում բազմաբնակարան կառուցապատման գոտիներ էլ մնացել են, ապա այդ հողերը բացառապես պատկանում են քաղաքապետի հովանավորների նեղ շրջանակների ներկայացուցիչներին: Բայց ես այս պահին կարող եմ ասել, որ կառուցապատող բազմաթիվ ընկերություններ հետաքրքրված են նաև Աբովյանով, ինչպես մեր մարզի մյուս բնակավայրերով և կառուցապատման ծավալներին դուք ինքներդ ականատես կլինեք: Դա պետք է լինի բացառապես քաղաքաշինական նորմերի պահպանմամբ, բացառապես օրենքի գերակայության տիրույթում, ՀՀ օրենսդրության և իրավակարգավորումներին խիստ համապատասխան:

Related posts