News/Նորություններ

Հիշատակի և ոգեկոչման օր Աբովյան քաղաքում

Հիշատակի և ոգեկոչման օր Աբովյան քաղաքում 《Հանուն սահմանի》հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 28֊ին՝ Հայոց բանակի օրը, Աբովյան քաղաքում տեղի ունեցավ հիշատակի և ոգեկոչման միջոցառում՝ նվիրված պատերազմում անմահացած հայորդիներին։ Քաղաքի《Անմար կրակ》հուշահամալիրում դրվեցին մեր հերոսների լուսանկարները, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում ցանկացողները կարողանան ծաղիկներ խոնարհել և իրենց հարգանքի տուրքը մատուցել։

Օրվա երկրորդ կեսին Սարալանջ թաղամասի Տրդատ Մեծի արձանի զբոսայգում տեղի ունեցավ ոգեշնչման շուրջպար՝ որպես միասնականության և համախմբվածության խորհրդանիշ։ Շուրջպարից հետո քաղաքացիները մոմավառության երթով շարժվեցին《Անմար կրակ》հուշահամալիր, որտեղ քաղաքի հոգևոր այրերի գլխավորությամբ միասնական աղոթք հնչեց պատերազմում զոհվածների հիշատակի համար։

Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, համայնքապետարանի, տարբեր դպրոցների, մանկապարտեզների և այլ կոլեկտիվներ,քաղաքացիներ։ Հ.գ. 《Հանուն սահմանի》հասարակական կազմակերպությունը հայրենասերների միավորում է, որը չունի որևէ քաղաքական ուղղվածություն։

Կազմակերպությունը ձևավորվել է 2020թ. սեպտեմբերի 28֊ին՝ ինքնաբուխ ձևով՝որպես նախաձեռնություն։ Հունվարից ներկայանում է որպես սոցիալական հասարակական կազմակերպություն ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ՀԿն եղել և մնում է սահմանի, սահմանապահների ընտանիքների և տեղահանված հայրենակիցների կողքին։

Related posts