ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ է …
Մայիսի 7-ին Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան 2֊րդ պատերազմում զոհված աբովյանցի ժամկետային զինծառայողներին։
Մինչ միջոցառումը սկսելը հյուրերը նախասրահում դիտեցին Աբովյանի Գեղարվեստի դպրոցի մանկավարժների աշխատանքները։
Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով…
Այնուհետև ցուցադրվեց անմահացած տղաների մասին պատմող « Նվիրյալները » ֆիլմը…
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը կրել է զգալի կորուստներ՝ կորցնելով իր լավագույն զավակներին…
Նրանցից յուրաքանչյուրը մի բովանդակություն էր, յուրաքանչյուրը մի Նոր կյանքի սկիզբ, յուրաքանչյուրը մի օջախի լույս…
Նրանք բոլորն էլ օժտված էին մարդկային բարձր հատկանիշներով , հարգված ու սիրված էին…
Ունեին վեհ նպատակներ ու երազանքներ, որոնք ցավոք սրտի մնացին կիսատ…
Միջոցառումը ամփոփվեց մշակութային ծրագրով.
Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ,
Ինչքան երգ՝ ո՜ղջը լալով …
Միջոցառման կազմակերպիչն էր երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի վարիչ, զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Հակոբյանի մայրը՝ Ջուլիետա Հարությունյանը։
Որքա՜ն ցավ ու ցասում կար նրա դաշնամուրային կատարման մեջ…
Միջոցառմանը ներկա էին հերոսների ծնողները, հարազատները…
Ծնողների տված դաստիարակությունն է, որ որդիներին դարձրին հայրենիքի նվիրյալներ:
Մենք խոնարհվում ենք հերոսածին մայրերի առաջ …
Փա՛ռք ու պատի՛վ բոլոր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը չխնայելով՝ նվիրեցին հայրենիքին …
Նրանք մեր ազգի հավերժության խորհրդանիշն են …