Assiryans in Arzni- (in armenian)
Արզնու ասորական համայնքը
Ասորեստան…Երբեմնի մի հզոր պետություն, որի սահմանները ձգվում էին Զագրոսի լեռներից մինչեւ Զավ գետը: Գտնվելով Տիգրիսի միջին հոսանքում’ առեւտրական ճանապարհներով կապվում էր Հայկական լեռնաշխարհի, Փոքր Ասիայի հետ: Ասորեստանը եղել է ռազմական հզոր պետություն եւ ժամանակի ընթացքում իշխանություն է տարածել հարեւան երկրների վրա շնորհիվ հզոր թագավորների’ Սալմանասարի, Սարգոնի եւ անգամ Շամիրամի: Ճիշտ է Ասորեստանը, որպես պետություն գոյություն չունի, բայց կա ազգությունըª սփռված աշխարհով մեկ: Ասորիները մեծ թիվ են կազմում Իրաքում, Իրանում, Սիրիայում, Թուրքիայում ԱՄՆ-ում, որի Կոնգրեսում կա ասորի սենատոր: Մեծ համայնք գոյություն ունի նաեւ Ավստրալիայում:
Հայաստանում ասորիներ նույնպես կան Ղույլասարում, Հոկտեմբերյանում, Ծաղրիաբում, Վերին Դվինում, Արզնիում, որտեղ եւ մենք հյուրընկալվեցինք: Ասորիները այստեղ են տեղափոխվել 19-րդ դարի սկզբին, Իրանի Ուրմիա գավառից (ասորերեն նշ. է ՙջրի ճանապարհ՚): 1824թ. Արզնիում ձեւավորվում է ասորական համայնք:
Նրանց ասորական ՙԱթուր՚ միությունը գտնվում է Երեւանում, որի նախագահն է Արսեն Միխայելովը, իսկ փոխնախագահը’ Բենյամին Բենյամինովը: Մանրամասների համար նայեք www.atour.am ինտերնետային էջը:
Սկզբնական շրջանում Արզնի գյուղում բնակվում էին հինմականում ասորիներ: Հետագայում հայերի թիվը շատացավ, որոնք եկել էին Բաքվից եւ Ղարաբաղից: Տարիների ընթացքում մոտ 500 ասորի ընտանիք արտագաղթել է գյուղից: Ըստ Արզնու գյուղապետ Բենյամին Բենյամինովի բնակչությունը հասնում է 3260-ի, որի մեծամասնությունն են հայերը, 260 ասորական ընտանիք է եւ 100 եզդի ընտանիք: Ինչպես վկայում էին գյուղի բնակիչները, նրանց միջեւ երբեւիցե տարաձայնություններ չեն եղել: Երկար ժամանակ ապրելով որպես մեկ ՙընտանիք’ նրանք միավորվել են, միավորել նաեւ տոները, որոնք նշվում են մեծ շուքով:
Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորությունները ու մշակույթը եւ որպեսզի պահպանեն դրանք չեն ձուլվում այլ ազգերի: Բայց ասորիները սիրո եւ ամուսնության հարցում ազգային սահմանափակումներ չեն դնում: Նրանք հարսանիքները նշում են մեծ շուքով, որի ժամանակ հնչում է թե ասորական, թե հայկական երաժշտություն: Հետաքրքիր է նաեւ ազգային պարերից’ շեյխանին, որը պարում են շուրջպար բռնած: Երաժշտական գործիքները նույնպես ազգային են’ զուռնա, կոպալով դհոլ եւ այլն:
Ինչպես հայերը, քրդերը եւ այլ ազգեր, ասորիները նույնպես նշում են Տրնդեզը, որը իրենց լեզվով կոչվում է ՙմակտակուծունյա՚. տոնվում է Փետրվարի 28-ին: Ազգային տոներից է նաեւ Մարիամ Աստվածածնի տոնը, որի ժամանակ նրանք շուրջպար բռնած յոթ անգամ պտտվում են եկեղեցու շուրջը եւ գառ մատաղ անում: Արզնի գյուղում կա յոթ եկեղեցի, որոնցից գործողը Մարիամ Աստվածածինն է: Այն կառուցվել է 7-րդ դարում եւ ասորերեն կոչվում է Մարգյումբաս: Գյուղի տեր հայրը ում նրանք ղաշա են անվանում եկել է Իրանից եւ նստավայրն է Դվինը:
Արզնու մշակույթային կյանքը ակտիվ է, ունեն երաժշտական անսամբլ’ ՙԱթուր՚ եւ սպորտային խումբ, որն ամեն տարի մրցույթների է մեկնում Իրան: Գյուղում գործում է դպրոց, որի մի մասը հայկական է, մյուսը’ ասորական: Վերջին յոթ տարիների ընթացքում դպրոցում սովորում են ասորերեն լեզուն: Դպրոցի տնօրենն է Սոֆի Իվանովան, որն անում է ամեն ինչ կրթական մակարդակը բարձրացնելու համար: Բնակիչները շատ շնորհակալ են գյուղապետից, որի ջանքերով կառուցվել է ամբուլատորիա, ՙշտապ օգնության՚ մասնաշենք եւ վերանորոգվել է դպրոցը: 2002թ.-ից Արզնի գյուղն ունի հուշարձան-կոթողª նվիրված 1915թ. զոհ դարձած ասորիներին ու հայերին, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են եւ ծաղկեպսակ դնում, այնուհետեւ ուղեվորվում են Ծիծեռնակաբերդ: Ասորի ազգը պատմությանը տվել է դեմքեր’ սովետական գեներալներ Ա.Ն.Թամրազովը, Գ.Ի.Սարկիսովը, Սովետական միության հերոսներ’ Ս.Ա. Սարխոշեւը, Լ.Շ. Դավիդովը:
Գյուղացիների հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու հողագործությունն է: Այստեղ ամեն տարի առատ է խնձորը, տանձը, ծիրանը, ընկույզը: Շատ համեղ են նրանց ավանդական կերակուրները, որից ամենաճանաչվածն է ճուր-ճուրը:
Ահա այսպիսին են ասորիները եւ Արզնի գյուղը…
Նայեք Տեսասրահը