Creations in Armenian

Letter to Fatherland

Նամակ Հայրենիքին

Սիրելի հարազատ ու հեռավոր հայրենակիցներ, այն միտքը, որ ցանկություն է առաջացրել գրելու ձեզ, հեռավոր ու անծանոթ հայրենակիցներին, արդեն հուզել է ինձ եւ դժվար է հանգիստ գրիչը շարժել թղթի վրա:

Այն օրից ինչ գիտակցել եմ, թե ինչ ասել է կոտորած, սփյուռք ու հայրենադարձություն ցավել է սիրտս անամոք ցավով եւ ամեն մի անդրադարձում մեր արյունոտ պատմության ակունքներին արտասվելու չափ հուզել է ինձ: Հաճախ է հարց առաջացելª ինչպե±ս ենք մենք կարողացել այսքան էլ պահել մեր ինքնությունը, երբ բանաստեղծորեն ասած մեզ ցրել են աստղերի պես, որ ամենուրեք տեսնեն մեր անմար լույսը, կամ սեղմել են այնքան, որ ադամանդ ենք դարձել, քիչ, բայց ադամանդի կարծրությամբ…

Սիրելի հայրենակիցներ, առիթ է եղել որպես տուրիստի լինել մի քանի եվրոպական երկրներում, այդ ժամանակ ես ավելի եմ զգացել, թե որքան դժվար է ապրել այդքան բազմամբոխ ժողովուրդների մեջեւ, կարողացել մնալ հայ, մնալ մեր մայր հայրենիքի հետ այդքան կապված: Ինչպիսի± վեհագույն զգացումներ են անթեղված ձեր հոգիներում, որ 20-րդ դարի արհավիրքներից շիկացած լավայում կարողանում եք սրբազան երկյուղածությամբ պահել մայրենի լեզվի տառն ու ոգին: Ինչպես± եք դիմանում տառապագին կարոտի ծանր զգացողությանը…

Այս հարցերը շատ են տանջել ինձ եւ անսահման այս հեռուներից մտովի հաճախ եմ խոնարվել ձեր հայկական մտածողության, ձեր հիշողությունների, ձեր անաղարտ արյան առջեւ, որ կարողանում է առեղծվածային ուժով ապրել ու գոյատեւել որպես արժանավոր մի ժողովրդի սուրբ մասունք, հարկադրաբար օտարված իր հայրենի եզերքից, իր տաք ու թրթրռուն օջախից: Հաճախ պարտքս եմ համարել հավատացյալի երկյուղածությամբ աղոթել մեր նախնիների սուրբ հիշատակին, որոնց բռնությամբ այլասերել են ու մորթել, բայց նրանց արյան զորությունը եղել է այնքան ուժեղ ու առեղծվածային, որ մնացել է աղոթելի հավատով կապված իր երկրին: Հազար անգամ փառք ձեր տքնանքին, ձեր նվիրումներին, ձեր ջանքերին, կարոտներին ու հույզերին, ձեր դժվար ձգտումներին, որ պահեք, պահպանեք, այն ինչ կապում է ձեզ մայր հողի հետ: Դուք, չեմ չափազանցեցնում հերոսության օրինակ եք եղել այս դժվար հարցերում մինչեւ օրս: Շատ կուզենայի, որ ձեր ժառանգները նույնպես հարազատ մնան իրենց արյան կանչին եւ երբեք չմոռանան, թե ինչ արյունից են սերված իրենք, ովքե±ր են, ինչու± են ապրում, հայրենի ափերից հեռու:

Մենք պարտավոր ենք վրեժ լուծել մեր իմաստավորված կյանքով մեր զոհված հանճարների փոխարեն նորերին ծնելով եւ աշխարհներին մեր հոգու ու աստղերի լույսը շռայլորեն բաժանելով: Ուզում եմ ծնրադիր շնորհակալություն հայտնել ձեր բոլորից, բոլոր նրանցից ովքեր կկարդան այս մտորում նամակը, համբուրում եմ ձեր տառապած, բայց հպարտ ապրող ճակատը, ինչպես լեռան գագաթն են համբուրում…

 

Ամենալավագույն ցանկություններս ձեզ, ձեր զավակներին, ապագայի ժառանգորդներին, որոնք պետք է դեռ Մաշտոցյան լեզուն դասավանդեն հայկական դպրոցներում: Օտար ու անհաղորդ հեռուներում թող բարի լինի ձեր երթը, որպես բողոք անարդար ու անիմաստ պատերզմների հրահրիչների դեմ: Որպես կյանքի եւ հայ ժողովրդի հարատեւության խորհուրդ թող Ավստրալիայից մինչեւ Հեռավոր Ամերիկա ու ձեր սրտի ու արյան զարկերի հետ հավերժ հնչի հայոց անմահ Այբ, Գիմը որպես առհավատչյա մեր լինելության անմահությունը եւ նախճիրներից համբառնալու աստվածային կարողությունը…

Մինչ ողջություն մեր տարագիր հեռավոր հայրենակիցներ…

Ասլիկ Հակոբյան

Related posts

Leave a Comment