Հարցազրույց Աբովյանի թիվ 6 միջն. դպրոցի տնօրեն, վաստակաշատ մանկավարժ, հայոց լեզվի եւ գրականության հանրահայտ մասնագետ ընկ. Գրետա Կրոյանի հետ
Հարցազրույց Աբովյանի թիվ 6 միջն. դպրոցի տնօրեն, վաստակաշատ մանկավարժ, հայոց լեզվի եւ գրականության հանրահայտ մասնագետ ընկ. Գրետա Կրոյանի հետ:
Հարգելի ընկ. Կրոյան սկսվում է հերթական ուսումնական տարին եւ… չէ՞իք կամենա շարունակել ազգի եւ պետության հավերժական գոյության շարժիչը հանդիսացող այս միտքը:
-Հերթակա՞ն… Ինձ համար, ինչպես միշտ, նոր ու առաջին, նույն առաջին հուզմունքը, նույն թրթռուն ապրումները… եւ արդեն քանի~ տարի: Ինքս էլ չեմ հաշվում այդ ցորենհատերը, որ հաց են դառնում, հոգու սնունդ եւ իմ կեցուցիչ պահապանն են: Ամեն Սեպտեմբերի 1 ինձ նորովի է տանում իմ պտղուն այգին եւ սկսվում է սեպտեմբերմեկյան արժանապատվության դասը, որ շարունակվում է մինչեւ մայիս, մինչեւ Մաշտոցյան օրը: Ու դրանց մեջ ավանդական էլի 5 օր ու ամենօրյա ՙսկիզբ երկնաց՚:
Ըստ իս հայրենասիրության չմաշվող ձեւ է ծառայությունը դպրոցին: Սա ոչ թե աշխատանք, այլ իսկական ծառայություն է, ինքնայրում: Այսօրվա աշխատանքը դպրոցում ծառայություն է վաղվա Հայաստանին: Դրանք նույն բաներն են: Միանգամայն: Ասել է թե դա աշխատանք է ապագայի համար ու ապագայի հետ: Վաղվա լույսերը վառվում են այսօրվա մեջ եւ վճռում լինելիությունը, մեր ազգի կերպը:
-Ո՞րն է Ձեր կարծիքով խորհրդային շրջանի եւ այսօրվա դպրոցի տարբերությունը, ինչպիսի±ն է աշակերտության վերաբերմունքը այսօրվա դպրոցի եւ ուսման նկատմամբ ընդհանրապես:
-Մեր ազգի բնորոշ գծերից մեկը գիտելիքի, կրթության նկատմամբ պաշտամունքն է: Դպրոցը միշտ ստեղծում է, իրականության մեջ գորշությունն իսկ փորձում է վերածել թթվածինաշատ լույսի: Նա թե նախախորհրդային, թե հետխորհրդային տարիներին հավատարիմ է մնացել ինքն իրեն, այդպես էլ նաեւ այժմ:
Խորհրդային տարներին հայկական դպրոցն իր ուսերին տարավ անհիմն ու անհաշիվ հրահանգներ, ներքին պայքար մղելովª հաճախ խախտելով ծրագրեր ու ուսպլաններ եւ լուսատտիկ ուսուցիչների բերանով իր սաներին տվեց ասվելիք ու չասվելիք ազգային ճշմարտություններ: Նրանք Ուսուցիչներ էին դասատուների մեջ, եւ նրանց մղում տվողը ներքին անկախությունն ու ազգային արժանապատվության գիտակցումն է եւ այդ ամենի նույն սրբագործումը: Սա քաղաքական դիրքորոշման առումով:
Իսկ գիտելիքների ծիլը խոր էր ու լայն, իմացության սահմանները ընդարձակ էին: Կար կուռ կառույց, ամուր դպրոց, հիմնավոր գիտելիքների լուրջ ու ծանրակշիռ մեթոդիկա, հիմնավոր ու նպատակասլաց ձգտում:
-Ինչպիսին է դպրոցի ներկայիս ուսուցչական կազմի մասնագիտական մակարդակը: Եթե դժվար չէ, խնդրում ենք հիշել եւ թվարկել 1972թ.-ից դասավանդած ու դպրոցի մանկավարժական կազմից հավետ հեռացած լուսահոգի ուսուցիչներին:
-Չէ, ըստ ընդունված կարգի, չեմ ասի, թե դպրոցը թուլացել է, թե նորերը չունեն անցած սերնդի ներուժը: Ըստ իս ուսուցիչ հասկացությունը նույնացվում է ինքնանվիրման ու ողջակիզման հետ եւ, Փառք Աստծո, միշտ էլ կան ողջակիզվողներ: Բայց ես գլխի խոնարհումով ու հպարտությամբ եմ հիշում դպրոցի ճամփեքին մոմի պես հալված Վ. Աղաջանյանին ու Լ. Մանուկյանին, Փ. Հովհանիսյանին, Ռ. Զաքարյանին ու Ս. Հարութունյանին, Ս. Սահակյանին ու Ջ. Մարգարյանին…Նրանք այսօր լույս են տալիս իրենց անուններով իսկ, ու նրանց հիշատակին խնկվում են բոլոր ժամանակների սաները:
-Ինչպիսի՞ն էին դպրոցի ցուցանիշները անցյալ 3 տարիներին, ինչպիսի ձեռքբերումներ ունի դպրոցը Հայաստանյան կամ միգուցե միջազգային օլիմպիադաներում:
-Դպրոցը փոքրացել է աշակերտական կազմով՝ 530…Բայց դա բնավ չի խանգարում, որ տարածքային ու մարզային կրթական հասատությունների մեջ դպրոցը ուրույն ձեռագիր ու նկարագիր ունենա: Մեր դպրոցը քար ու ավազ չէ, այլ ոգի՝ շնչավորված հայ մեծերի օրհնությամբ, նրանց վառ խոսքն ու ձայնը իր պատերի մեջª մեր սաների հավատով ներշնչված: Ամենամյա յոթ ավանդական օրերը, ցնցող հանդիպում-անակնկալները լիցքավորում են շենքի բետոնը: Այս ամենի հետ առարկայական օլիմպիադաներում անցած ուստարում հանրապետական բոլոր դպրոցների մեջ գրավեցինք 11-րդ տեղը՝ զիջելով մասնագիտական քոլեջ- ճեմարանին: Այս ուստարում մարզում միակ դպրոցն է, որ օլիմպիադայից բերեց առաջին տեղը: Հաջողություններ են արձանագրվել հայոց լեզու, գրականության, աշխարհագրության, պատմության առարկաներից: Սպորտի մեջ եւս դպրոցը հավատարիմ է իր ավանդներին: Վերջին երեք տարում աստիճանաբար մոտեցանք հաղթողի պատվանդանին: Զինակոչային ու նախազինակոչային տարիքի պատանիների հանրապետական մրցույթում այս տարի մեր թիմը գրավեց առաջին տեղը, իսկ երիտասարդ ուսուցիչ՝ Արտաշես Հայրապետյանը, սամբոյի առաջնությունում դարձավ չեմպիոն:
-Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել վաղվա շրջանավարտներին, եւ որոնք են ընդծված լավ ու վատ երեւույթները մեր այսօրվա դպրոցում:
-Այսօրվա սերունդը նույնքան պայծառ է ու նպատակասլաց: Գնահատում եմ պատանիների խորանալու ձգտումը, կյանքի օվկիանների շերտերը խառնշտելու հակումը: Նրանց լույսը ներսից է ու ներսից էլ դեպի դուրս են գնում: Շատ խիտ են, երբեմն չեն տեղավորվում մաշկի մեջ: Գունավոր հեքիաթի փնտրտուքը բնորոշ է նաեւ նորերին, որ նշանակում է տեխնոլոգիաների մուտքը չի խաթարել երազանքների լույսը: կենսախինդ են, մակերեսային են թվում արտաքուստ, բայց փախչում են մակերեսից: տեսնում են անտեսանելի տվացողն իսկ: Շա±տ գովեցի: Բայց իրականությունն է, իմ երանելի այսօրը: Ու որ վաղն ավելի վատ չլինի, պետք է կարդալ, պետք է համակարգիչներից վերադառնալ գրքին՝ ամենասրտամոտ ընկերոջը: Այսօր կարիք կա նաեւ մեր ազգային արժեքներից մեկիª բարության վերադարձին: Ու շատ կարիք կա: Բարությունը, ցավոք, հաշվելի նկատության ու փաղաքշության այս խոնավության մեջ կամաց-կամաց լքում է հաշիվը:
Թող շարունակեն ճիշտ ապրել ու միայն պատիվ բերել իրենց դպրոցին: Իմ սաներից քանիսի~ն ես համարում եմ իմ գիտական թեզերը, արդեն ինքնահաստատված, մարդկային լավագույն որակները կյանքում կիրառող թեզերը…
-Ինչպիսի՞ն է դպրոցի տեխնիկական հագեցվածությունը, գոյություն ունի՞ արդյոք ինտերնետ կապ, կարծում եմ Ձեր նախկին սաներից շատերը, որոնք գտնվում են օտար ափերում, կցանկանային հաղորդակցվել մայր դպրոցի հետ:
-Դպրոցն ունի 4 համակարգիչ: Առաժմ այսքանը: Անշուշտ դպրոցական տեխնոլոգիան շատ ավելի գույք է ենթադրում, բայց եղածով բավարարվում ենք, մնացածը կստեղծենք կամաց-կամաց:
-Եթե հնարավոր է, խնդրում եմ պատմեք Ձեր մասին, Ձեր առօրյան՝ հոգսերը, հանդիպումները, ներքաղաքային անցուդարձը:
-Սիրելիս, ես ժամանակ իսկ չունեմ մտորելու իմ չկանոնավորված օրվա մասին: Ժամանակը հոսում է, եւ հաճախ եմ սուզվում ինքնամերժումից ինքնահաստատում տանող ծանր փորձությունների մեջ: Կուզեք ստեղծել ժամանակի իմ տարբերանշանը, բայց ամեն երեկո մեռնում եմ, որ առավոտյան կրկին հասնեմ իմ աշակերտների հետ լինելու, նրանց հոգին ու կերպը, ինչու չէ նաեւ կեցվածքը հղկելու, ուսուցիչների հետ մեթոդներ ստեղծելու եւ քննարկելու, ծնողների հետ լինելու, համայնքի… իրականացնել ինձ սրտամոտ կրթական քաղաքականություն:
Այս բոլորի միջավայրում երբեմն խենթություն է իջնում վրաս, ժամանակ խլում ինձնից բանաստեղծական թրթիռների համար…
-Աբովյան քաղաքը հավաքական հայության մի բնօրրան է. Ձեր կարծիքով քաղաքը որպես այդպիսին, կայացե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ անելիքներ կան, որոնց վրա կուցենայիք հրավիրել քաղաքի իշխանությունների ուշադրությունը:
Ամեն օրվա մեջ զնգում է մեր քաղաքի գոյության երգը: Քաղաք, որ ավելի ջահել է, չնայած իր բանակիչներից ոմանց համար ծննդավայր է, մյուսների համար մանկության ու պատանեկության օրրան, երրորդների համար երազած հանգրվան, հեռվում խարսխվածների համարª կարոտի ափ…
Շատ կուզենայի, որ փողոցների անունները չկրկնեին հանրապետության մյուս բնակավայրերին:
Քաղաքը երիտասարդ է եւ մի սերունդ իսկ չի հասցրել ծերանալ նրա մեջ: Նա դեռ ունենալու է իր մեծանուն զավակները:
Ի դեպ, հայության մանրակերտ հավաքակայանը հաճախ է իր քույր քաղաքների նախանձը շարժում շինությամբ ու մաքրությամբ. օրն իբրեւ տոն դարձնելու շռայլությամբ…
-Վերջում չէի՞ք կամենա Ձեր պատգամը հղել դպրոցի նախկին շրջանավարտներին՝ նկատի ունենալով, որ www.abovyan.com ինտերնետային էջը հասու է նաեւ արտասահմանի Ձեր սաներին, որոնք մշտավառ կարոտով են լցված դպրոցի եւ մանկավարժական կազմի նկատմամբ; քանզի այդ են վկայում մեզ հասցեագրված նամակները:
-Մաղթանքնե՞ր… Տուն դարձեք, եթե կարող եք: Բայց ամենուր հայ մնացեք: Աստված մի արասցե, որ ձեր սերունդների մասին երբեւէ ասեն. ՙԾնունդով հայ են՚: Ու սիրեք ձեր դպրոցը, քանզի ազգն սկսվում է դպրոցից…
Լուսանկարները՝ Նորայր Հակոբյանի