Articles/Հոդվածներ

We are deeply distressed by the loss of Ms.Greta Kroyan, headmaster of the school # 6

Greta KroyanՍտեղծագործական մտահղացումների նոր վերելքի, մանկավարժական ու մասնագիտական փորձառության բազմապատկման ճանապարհին, կյանքի 63-րդ տարում իր երկրային ուղին ավարտեց Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի տնօրեն Գրետա Մեխակի Կրոյանը:

 

Գ.Կրոյանը ծնվել է 1947թ., Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում, ծառայողի ընտանիքում: Ընդունվել է սկզբում գյուղի, հետագայում ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1963թ. ընտանիքը տեղափոխվել է Աբովյան : 1965-69թթ. սովորել  ու բարձր առաջադիմությամբ ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1969-70թթ.աշխատել է Աբովյան քաղաքի թիվ 2, 1970-72.թթ. թիվ 5, 1972թ. սեպտեմբերից մինչև իր կյանքի վերջը`  թիվ 6 միջնակարգ դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Վերջին աշխատավայրում եղել է հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման նախագահ, իսկ 1985թ. նոյեմբերից մինչև իր մահվան օրը` որպես դպրոցի տնօրեն: Այսպիսով` Գրետա Կրոյանը մանկավարժության բնագավառում աշխատել է 41 տարի, որից 37-ը` թիվ 6 միջնակարգ դպրոցում / այդ կրթօջախի հիմնադրման օրից/: Նա արգասավոր և հետաքրքիր կյանք է ունեցել:

 

kroyan/gretakroyan-4.jpgՏակավին անցյալ դարի 80-կանների սկզբներից թիվ 6 միջնակարգ դպրոցը դարձավ Աբովյան քաղաքի` հայագիտական թեքումով բազային դպրոց: Հետագայում ևս կրթօջախը շարունակեց լինել քաղաքի, մարզի և ինչու չէ, հանրապետության ամենաառաջնակարգ հաստատություններից մեկը` շահելով բազում պատվոգրեր, շնորհակալագրեր, շքանշաններ, գավաթներ: Բայց ամենակարևորն այն է, որ այստեղից կյանք են մտել բազմաթիվ տաղանդավոր շրջանավարտներ: Դպրոցի սաներն իրենց ծանրակշիռ նպաստը բերեցին Արցախյան հերոսամարտին` տալով նաև զոհեր այդ հաղթական և միաժամանակ ծանր պատերազմում: Այսօր դպրոցը Աբովյան քաղաքի երեք ավագ դպրոցներից մեկն է` իր լուրջ նվաճումներով, հարուստ կենսագրությամբ: Այդ ամենում անպայմանորեն իր վճռական մասնակցությունը և դրական դերակատարությունն է ունեցել հենց Գրետա Կրոյանը, ով կարողացավ հավաքել հիշողությունները հարազատ դպրոցի մասին, մեծաքանակ լուսանկարները, փաստաթղթերը` հրատարակելով ,,Դպրոցը,, խորագրով աշխատությունը: Բայց նա ուներ բազում երազանքներ, որոնք չհասցրեց կյանքի կոչել:

1Գրետա Կրոյանը ճանաչված ու գնահատված մանկավարժ էր և ժամանակին արժանացել է մի շարք շքանշանների, պատվոգրերի ու դիպլոմների: Երկար կարելի է գրել Գրետա Կրոյանի ձեռքբերումների, նրա` որպես անձի և գործչի մասին, քանզի դրա իրավունքը նա լիարժեքորեն նվաճել է:

    www.abovyan.com աշխատակազմը և ընթերցողները, նրան ճանաչողները և վերջապես տարբեր տարիների` հատկապես սփյուռքում գտնվող նրա շրջանավարտները իրենց խոր ցավակցությունն են հայտնում Կրոյանների ընտանիքին և հարազատներին:

Related posts

Leave a Comment