Interview with headmaster of the museum of friendship of Armenian and Russian people
Հարցազրույց Աբովյանի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն, լեռնագնաց Արամայիս Սեդրակյանի հետ
-Գեղամա լեռների նախալեռնային մասում` Զառ գյուղի տարածքում, հայտնաբերել եք իր տեսակի մեջ եզակի քարակոփ հուշարձան: Ինչպիսի՞ն եղավ դրա ճակատագիրը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել անցյալի այդ մշակութային արժեքի ուսումնասիորության համար:
Ուրախությամբ նշեմ, որ վերջապես հետազոտություններ կատարվեցին հայտնաբերված կերտվածքի ուսումնասիրության համար. հնավայր այցելեցին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, տեղում դիտարկեցին հուշարձանը, անհրաժեշտ եզրակացություն արեցին: Առայժմ բավականին բարդ է խոսել այն մասին, թե հուշարձանն իրենից ինչ է ներկայացնում: Ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են: Կա եզրակացություն, որ այն ջրազտման բարդ գործիքի ինչ-որ մասն է կազմում: Մեկ այլ տեսակետի համաձայն դա ձմռան ամիսներին ձյունը հալեցնելու սարքավորման մաս է եղել: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բ. Գասպարյանի զեկուցագրում մասնավորապես ասվում է. “Այն իրենից ներկայացնում է տուֆի ամբողջական ժայռաբեկորից տաշված մի հարմարանք, որի վերնամասում փորված է նկատելի ճկվածություն ունեցող խորը ակոս-առվակ”:
Հետաքրքիր է, որ տեղում կատարված ուսումնասիրությունների ժամանակ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի ասպիրանտ Դ. Զարդարյանի կողմից հայտնաբերվեց մեկ այլ քարակոփ հուշարձան, որն իր չափսերով ավելի փոքր է և իրենից ներկայացնում է որձաքարից պատրաստված մի հարմարանք, որի բոլոր կողմերը խնամքով և հարթ կտրված ու մշակված են` բացառությամբ հիմքային մասին: Այս երկու կերտվածքների ուսումնասիության հարցով արդեն սկսել են լրջությամբ զբաղվել և’ մշակույթի նախարարությունում, և’ համապատասխան գերատեսչություններում, քանի որ հուշարձաններն իրենցից ներկայացնում են Հայաստանի տեխնոլոգիական մշակույթի յուրօրինակ և հազվագյուտ նմուշներ: Ցավոք առաջին կերտվածքը հայտնվել է համարյա ձորի եզրային հատվածում և անգամ մի փոքր ուժային ներգործության դեպքում կարող է գլորվել ձորը և անվերադարձ կորչել գիտության համար:
-Ժամանակին շատ ելույթներ եք ունեցել նախաքրիստոնեական շրջանի հուշարձանների և հայկական լեռնաշխարհի` զարգացած քաղաքակրթության նսխահսյրենիք լինելու մասին…
Նման եզրահանգման իրավունք տալիս են հայտնաբերված հուշարձանների առատությունը և խտությունը: Հայկական լեռնաշխարհը, անգամ Արևելյան Հայաստանի այս փոքրիկ հատվածը, չափազանց հարուստ է նախամարդու կացարան-քարանձավներով, անտիկ, լքված բնակատեղիներով, դամբարաններով, ամրոցներով և աշտարակներով, ժայռապատկերներով ու գաղափարագրերով, վիշապաքարերով, տոտեմներով ու տարաբնույթ այլ արժեքներով: Այնպես որ, այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ տարածաշրջանը միանշանակ հզոր, բարձր զարգացած քաղաքակրթության նախահայրենիքն է:
_Ձեզ բախտ է վիճակվել 2008 թվականին լինել Պատմական Հայաստանում և նվաճել Արարատ լեռան գագաթը: Ինչպիսի՞ ուսումնասիրություններ ունեք Նոյան տապանի վերաբերյալ:
Երիտասարդ տարիքում այդ հարցն ինձ շատ է հետաքրքրել: Այդ տարիներին դեռևս չէինք կարող գնալ Արևմտյան Հայաստան և բարձրանալ Արարատ լեռը` պարզելու համար` այդ լեռն իսկապես ջրհեղեղ տեսել է, թե` ոչ: Ստիպված այստեղից էինք կատարում ուսումնասիորւթյունները: Բարձրանում էինք լեռները, գտնում էինք որևէ գոգավորություն կամ քարանձավ և փորձում էինք գտնել տիղմի շերտ: Եթե եղել է ջրհեղեղ, այն էլ` այդ բարձրությամբ, բնական է` ինչպես Միջագետքում էին գտել, ապա այստեղ էլ պետք է լիներ մի քանի մետրանոց տիղմի շերտ: Արդյունքները շատ հակասական էին: Միանշանակ որևէ եզրակացության հանգել չկարողացանք: Արարատ լեռան վրա ևս ուսումնասիրել չի հաջողվել` ժամանակի սղության պատճառով: Տարօրինակ մի բան եղավ. մոտ 4100մ. բարձրության վրա մի փոքրիկ գլաքար գտանք, որը լեռան կազմից չէր. գույնով, կարծրությամբ, ամեն ինչով երևում էր, որ, գուցե, պատահաբար էր հայտնվել այնտեղ: Նաև մինչև 2500մ բարձրության վրա` լեռան լանջին հայտաբերեցինք դարձյալ 2-3 հազարամյակի բազմաթիվ բնակատեղիների, դամբարանադաշտերի հետքեր, գաղափարագրեր: Բայց միևնույնն է, որևէ փաստ ասել Նոյան տապանի լինելիության վերաբերյալ դեռևս ձեռնպահ ենք մնում:
-Վերջերս լրատվամիջոցները խոսում էին այն մասին, որ Արարատ լեռան վրա հայ գիտնականները խառնարան են հայտնաբերել: Դրա մասին ի՞նչ կասեք:
Հայկական լեռնաշխարհը, մեծ մասամբ, եթե ոչ ամբողջովին, հրաբխային է: Գրեթե բոլոր հրաբխային լեռներում նմանատիպի խառնարաններ լինում են: Բացառություն չէր նաև Արարատը: 2008թ. մեզ հաջողվեց երկու Մասիսների միջև` մի քիչ դեպի հարավ` մոտ 2300-2400մ. բարձրության վրա, մի հսկայական խառնարան հայտնաբերել: Այն որոշեցինք անվանակոչել հայ բնաշխարհի, տուրիզմի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ, ԵՊՀ դասախոս Հարություն Երանոսյանի անունով: Ըստ մասնագետնետրի` դրանք առաջացել են հրաբխային, այսպես կոչված, “ռումբերից”: Նման խառնարանները շատ ունի հատկապես Աժդահակը` թե’ լանջերին, թե’ ստորոտում: Այս տարի համապատասխան միջոցներ գտնելու դեպքում նախատեսվում է ևս մեկ արշավախումբ տանել Արարատ: Կան լավ գիտնականներ, մասնագետներ, պատրաստված լեռնագնաց-ուղեկցողներ, որոնք, ցավոք սրտի, ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում ընդգրկվել նման արշավախմբերում: Ի տարբերություն արտերկրի` մեզ մոտ նման նախաձեռնությունները դեռևս, ինչպես հարկն է, չեն խրախուսվում ու հովանավորվում: Եթե գտնվեն հովանավորներ` արշավախմբին աջակցելու համար, պատրաստ ենք համագործակցելու:
-Ուշագրավ ինչպիսի՞ հուշարձանների մասին կնշեք:
Կուզեի անդրադառնալ քարե ջրհորներին, որոնցից, ցավոք սրտի, մինչև հիմա հայ իրականության մեջ ուսումնասիրված է ընդամենը մեկը` Գեղամա լեռներում` Տիգրանի ջրհորը: Քարե ջրհորները կարելի է հուշարձանների առանձին դասի վերագրել, քանի որ դրանք իրենց կառուցվածքով եզակի են: Անգամ մեր հայտանբերած այս վերջին քարակոփ կերտվածքների հարևանությամբ կար քարե ջրհոր, որը սառցաղբյուր է կոչվում: Հետաքրքրությունը դրանց նկատմամբ մեծացավ այն ժամանակ, երբ պարզվեց, որ կան ջրհորներ, որոնք ոչ մթնոլորտային սնուցում ունեն, ոչ էլ ստորգետնյա, սակայն միշտ ջուր են պարունակում և շրջապատված են ժայռապատկերներով ու գաղափարագրերով: Տիգրանի ջրհորից բացի, արդեն 10 տարի է, ինչ մեզ հաջողվել է ևս 3 քարե ջրհոր հայտնաբերել, բայց, ցավոք սրտի, դրանք դեռևս ուշադրության չեն արժանացել:
Ուշագրավ հուշարձան է նաև Զառի բազմաստիճան աշտարակը, որը ևս կոնկրետ չի ուսումնասիրության: Այն բազմաստիչան բուրգ կամ զիկուրատ է հիշեցնում, որը հզոր պարիսպների հետքերով և հզոր մշակութային արժեք ներկայացնող կառույց է, որը ևս պետք է լուրջ ուսումնասիրվի:
Կուզեի նշել նաև Սիսիանի Զորաց քարերի մասին: Այստեղ ևս կոնկրետ պեղումներ պետք է կատարվեն, որպեսզի ի վերջո պարզվի, թե իրականում այն իրենից ինչ է ներկայացնում, քանզի մեր գիտնականները դրա վերաբերյալ ունեն տարբեր կարծիքներ:
Ուշագրավ է նաև Աստղոնք /Սև քար, Սև սար/ լեռան` տասնամյակներ առաջ Ս. Պետրոսյանի կողմից հայտնաբերված ժայռապատկերը: Կոմպոզիցիոն ոճի այդ ժայռապատկերը ժամանակակից գիտության միկրո և մակրո աշխարհների բոլոր բացատրություններին կարծես բավարարում է:
-Հուշարձանների պահպանության և ապագա սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել: Ի՞նչ ուղիներ եք Դուք մատնանշում:
Ցավոք սրտի վերջին տասնակմյակներին այդ գործն, իսկապես, վատ վիճակում է: Պատճառներից մեկը կարելի է համարել “գլխապատառ” կերպով արված սեփականաշնորհումները: Տարբեր աշխատանքների ժամանակ ևս ավերվում են շատ պատմական արժեքներ: Այսօր հուշարձանները կարոտ են առավել ուշադրության: Լավ կլիներ, որ ստեղծվեր մի առանձին, հզոր կազմակերպություն, որը կզբաղվեր այդ գործերով: Մեծ է նաև դպրոցների, ԲՈՒՀ-երի դերը, դեռ ավելին` հայեցի դաստիարակությունը պետք է սկսել մանկապարտեզից:
–Ձեր ավանդական արշավների մասին…Կարող ենք մասնակցել:
Հունվարի 13-ին` “Հին Ամանորը` Հատիսի գագաթին”, հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված` Աժդահակ լեռ, օգոստոսի 11-ին` հայ ժողովրդի կազմավորմանը նվիրված` Արայի լեռ և սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրվան նվիրված` Արագած լեռ: Մեր դռները բաց են բոլորի առաջ, եթե լուրջ հիվանդություններ չունեն:
-Ապագա ի՞նչ ծրագրեր և անելիքներ ունեք… Եթե Դուք լինեիք ամենակարող, Ձեր առաջին քայլերը…
Կստեղծեի տուրիզմի, պատմամշակութային արժեքների և տեսարժան վայրերի պահպանման և օգտագործման նախարարություն: Կվերականգնեի ՀՀ անտառներն ու կանաչ տարածքները…
Այժմ աշխատում եմ իմ արխիվային նյութերի հրապարակման ուղղությամբ, փորձում եմ հայրենասեր թոռնիկներ մեծացնել:
1.Նախամարդու կացարան-քարանձավ Գեղամա լեռներում |
2.Նախամարդու կացարան |
3.Խառնարան Արարատ լեռան ստորոտին |
4.Աստղոնքի ժայռապատկեր |
5.Բազմաստիճան աշտարակ |
6.Ժայռապատկեր` գալակտիկաներ |
Լուսանկարները` Ա. Սեդրակյանի |
|
7.Ժայռապատկեր Գեղամա լեռներում `ծիսական պար |
. |