Articles/Հոդվածներ

Խաղաղ օվկիանոսի ափից գրում է արվեստագետ Ալեքսանդր Մարությանը

Նկարիչ, քանդակագործ եւ գրաֆիկ դիզայներ` Ալեքսանդր Մարությանը 70-80 ական թվերին ապրել ու աշխատել է Աբովյան քաղաքում: Ստորեւ ներկայացնում ենք  Հետք online-ի  թղթակից` Անուշ Քոչարյանի հարցազրույցը Վարպետի հետ:

Ողջույն, ինչպե՞ս եք: Չզրուցեցինք…

Լավ, Անուշ ջան, վերջերս գործս շատ է, քիչ եմ լինում օն-լայն:

Հասկանալի է: Այս պահին ինչի՞ վրա եք աշխատում:
 
Անահիտ աստվածուհու անտիկ հունական քանդակի կրկնօրինակն են բերել, որպեսզի պատվանդան սարքեմ: Եվ այս տեսակ տարբեր նախագծեր:

Չեմ ուզում խանգարել, գուցե վաղը զրուցե՞նք:

Վաղը ծանրաբեռնված օր է. չեմ կարծում, որ հասցնենք ամբողջական զրուցել: Հիմա կարող ենք զրուցել եւ մեկ շաբաթից շարունակել:

Նայում եմ համակարգչի աջ անկյունին. 3:11 է: Ալեքսանդրի հետ պայմանավորվում ենք սուրճ պատրաստել: Այս ընթացքում նա գրում է, որ արդեն 24 ժամից ավելի է` ոտքի վրա է: Սուրճ պատրաստելու ընթացքում հերթականությամբ մտաբերում եմ օն-լայն հարցազրույցները: Նրանցից երկուսը հատկապես առանձնանում են, որովհետեւ երկու շաբաթից ավելի են տեւել:

Չքնելու պատրաստակամությամբ նստում եմ համակարգչի առջեւ:

Շարունակենք:

Սիրելի ընկերս, որ ինձ կազմավորել է որպես արտիստի, ասում էր. «Եթե չկա ժամանակ նկարելու համար, ուրեմն պետք է սովորենք արագ նկարել»: Հիմա պետք է փորձենք արագ հարցազրույց ունենալ: Ես այստեղ եմ, ընկերս:

Նկարիչ ավագ ընկերներիցս մեկին մի օր հարցախեղդ արեցի, իսկ ինքը ժպտաց ու վերջում ասաց. «Մեկ է, ինչ հարց էլ տաս, ես պատասխանելու եմ այն, ինչ իմ ներսում է հարցադրում մնացել»:

Պատկերացրեք` ես ընթերցողն եմ, Դուք` լրագրողը: Ի՞նչ հարց կտայիք Ալեքսանդր Մարությանին:

Օ՜…Ի՞նչն է Ձեզ համար արվեստի մեջ ամենակարեւորը, Ալեքսանդր:

Ընթերցողն սպասում է:

Կարեւորը սերն է. սերն է ստեղծում գեղեցկությունը եւ սերն է ստեղծում ազնվությունը կերպարի, որը արտիստը մարմնավորում է այս աշխարհում:

Բայց կան հանճարեղ գործեր, որոնք զգացողության վաակումի, վատը դուրս մղելու միջոց են դարձել:

Ամբողջ աշխարհն է այդպես. մարդկանց մի մասն ընտրում է կառուցողական ուժերի, իսկ մյուս մասը` ապակառուցողական, քանդող ուժերի միջնորդը լինելը այս իրականության մեջ: Ամեն մարդ օգտագործում է իր ազատ կամքի իրավունքը:

Այդ դեպքում ինչպե՞ս է որոշվում արվեստի գործի գեղեցկությունն ու ստեղծման դրդապատճառը: Հաճախ բոլոր չափումները կարող են խաբուսիկ լինել: Ժամանակին Ռոդենի «Կոտրված քթով մարդը» մերժվեց շատերի կողմից:

Ստեղծագործելու ժամանակ կարեւոր է, որ գործը լավ ստացվի… Ճշմարտությունը գեղեցկությունը չի փչացնում. այստեղ մենք խոսում ենք կերպարի մասին, իսկ այն կարող է կոտրված քիթ ունենալ կամ էլ կոպիտ ֆորմայով քանդակված լինել, բայց լինի ազնվական եւ գեղեցիկ:

Ռոդենի օրինակն այդպիսին է:

Հաճախ մենք` լրագրողներս, նկարագրում ենք մեր զրուցակցին հարցազրույցից առաջ կամ ընթացքում, վերապատմում նրա կյանքի կարեւոր մանրամասները:

Կուզեմ` առանց հարցադրման Ձեր կյանքը հարթության վրա դնեք եւ խոսեք ազատորեն:

Ծնվեցի շատ գեղեցիմ մի վայրում (Հյուսիսային Կովկասում), որտեղ բնությունը մեղմ էր, եւ քաղաքն էլ հեքիաթային` փոքրիկ ջրվեժներով, գեղեցիկ զբոսայգիներով… Կատարյալ  տեղ` նկարչի գիտակցությունը կազմավորելու համար:

16 տարեկանում հայտնվեցի Հայաստանում, եւ այդտեղ անցյալի ողջ հզոր կերպարները դրեցին իրենց հիմքերը ստեղծագործ հոգիս կառուցելու համար:

Որպես նկարիչ ռոմանտիկ եւ նայիվ վիճակում էի այնքան ժամանակ, քանի դեռ չէի հանդիպել Վարպետին:

Նկարիչի համար երբեւէ լավագույն պարգեւն է հանդիպել Վարպետին եւ լավագույն ընկերոջը:

Ամենաթանկ բանը, որ տեսա նրա մեջ, սերն էր մարդկանց հանդեպ եւ նկարելու քնքուշ ձեւը այն դեպքում, երբ  կարող էր ստեղծել կտավներ ատոմային պայթյունի հզորությամբ… Բայց չէ, նա երբեք չէր անում դա եւ իր աշխարհը ներկայացնում էր շատ զգուշորեն, նրբորեն էր կպչում հոգու ներքին լարերին` ստեղծելով երաժշտական մի շարժում, որը շատ հարմոնիկ էր…

Ես ուզում էի՝ նկարներիս մեջ ուժը շատ լինի, ամպրոպը փայլի եւ հիմքեր տատանի. լավ է, որ հասկացա` արտիստը զենքով չպետք է անցնի մարդկանց վրայով, այլ սիրով` էլեգանտ եւ գեղեցիկ…

Ահա այսպես էլ ծնվեցի որպես նկարիչ:

Քիքին մի անգամ շատ լավ ասեց, որ մեզնից առաջ քայլող Վարպետը չի սովորեցրել մեզ` ինչպես պետք է նկարել, այլ ինչպես պետք է ապրել որպես նկարիչ… Որովհետեւ նկարչությամբ զբաղվողը դեռ նկարիչ չէ, քանի այդ ամենն իր կյանքի ձեւը չի դարձել:

Իհարկե, չէի սպասում` կյանքում կգա մի պահ, որ ամբողջ ժամանակս պետք է դնեմ ապրուստի միջոցներ ձեռք բերելու համար եւ օրերիս մի մասն ուղղակի չանցկացնեմ իմ լավագույն հնարավորությունները դրսեւորելով, բայց դա էլ ուրիշ դաս է, որովհետեւ ծնվել եմ մարդկանց մեջ եւ պետք է ծառայեմ իմ ունեցածով նրանց եւ դրսեւորվեմ որպես իռացիոնալ ստեղծագործող: Կյանքը շարունակվում է  եւ կատարելագործվում ամեն մասնիկի մեջ… Անվերջ:

Այստեղ Ալեքսանդրը դադարում է գրել: Կարծում եմ` միաժամանակ մտածում է, որ ես արդեն քնել եմ, որովհետեւ ընդամենը երկու ժամից Հայաստանում արեւածագ կլինի: Բայց չէ: Գրում է. «Մեկ գավաթ սուրճ էլ եփեմ եւ շարունակեմ»:

Զարմանքով վերընթերցում եմ գրածը: Զգում եմ, թե որքան արտահայտվելու կարիք ունի ստեղծագործ մարդը, եւ որքան անվերջ է թելը պատմության: Որոշում եմ հարցադրումով չընդհատել Ալեքսանդրին: Վերադառնում է:

Բոլոր արտիստներն այդ հարցն ունեն հիմա` ստիպված լինելով կյանքի մեծ մասը ներդնելու պատվերներ կատարելու գործում: Դրա մասին էլ մի անգամ Վիգենը շատ լավ ասաց. «Հիմա պետք է սովորենք ստեղծագործել առանց դիտողների»…

Մի բանում վստահ եմ, որ անցնելու է բավականին ժամանակ մինչեւ նոր, կարեւոր կերպարները եւ մտքերը աներեւալի աշխարհից հասունանան եւ ֆիզիկական աշխարհում մարմնավորվեն: Շատ ֆանտաստիկ բաներ են կատարվում հիմա արվեստում, բայց դեռ չեն երեւում մակերեսի վրա. պետք է փորձել փնտրել, մոտենալ, խորանալ…

Ընտանիքում երեխան մեծանում է այն պահից, երբ բաժանվում է իր ծնողներից եւ սկսում է ինքնուրույն ապրել, այդպես պատահեց նաեւ ինձ հետ որպես նկարիչ:

1994 թ.-ին Մաեստրոն գնաց Փարիզ, եւ կարծում էի, որ կմնա այնտեղ, մեկ տարի անց ես էլ մեկնեցի Նյու-Յորք եւ շատ շուտ թափանցիկ ջրաներկից անցա մետաղին. վրձնին փոխարինեց հնդական մուրճը, բայց էությունը մնաց նույնը…

Աներեւալի տառերով բոլոր գործերի տակ գրվեց «Servant of the Beauty», իսկ կեղծանունս` Amar (Ալեքսանդր Մարության), ինչպես եւ Վարպետի մոտ էր` Vita (Վիգեն Թադեւոսյան):

Այդպես մեծացանք…

Եվ հետեւաբար արդեն խաչս ինքս պետք է տանեի:

Եթե իմանայի` ինչ է ինձ սպասվում այստեղ, գուցեեւ չգայի, բայց ամեն բան ունի իր բարձրագույն իմաստը:

Եթե այս կյանքի փորձը չապրեի եւ չսովորեի անգլերեն, չհասկանայի աշխարհի այս մյուս կեսը, մարդկանց այստեղի չափանիշն ու արժեքները…

Իր վերջին տարիներին Վիգենը նկարում էր կարմիրով` փոքր ալբոմի ֆորմատի նկարներ… Հիմա հասկանում եմ, որ արյունով էր նկարում` պայծառ, կարմիր արյունով: Արժեքավոր փորձն այդպես է ձեռք բերվում, եւ ուրիշ ելք չկա:

Վերջիվերջո խաղաղություն ձեռք բերեցի, երբ համոզվեցի, որ հոգին անմահ է, եւ կյանքն` անվերջ, հասկացա, որ ոչ մի լավ երազանք չի մնում չիրագործված եւ այդ մտայնության մեջ էի, որ նստեցի Խաղաղ օվկիանոսի ափին Ամանորից առաջ, եւ իմ սիրելի ընկեր Անուշ Քոչարյանը գրեց. «Hi, Alexandr, այդպես էլ չզրուցեցինք»… Հետո ես ասացի, որ սուրճ կպատրաստեմ եւ կգամ, որովհետեւ երեկվանից չեմ քնել, իսկ նա ասաց պատմիր… Ես պատմեցի` ինչպես ծնվեցի, մեծացա, ինչպես պատահեց, որ հիմա էլ ես եմ գնում քնելու, որ արդեն 27 ժամ է անցել հանգստիս վերջին պահից, բայց արդեն խաղաղ եմ, որովհետեւ Անուշի առաջադրանքները կատարեցի: Սեր եւ խաղաղություն բոլորիս… Ամար:

Հ.Գ. Ալեքսանդր Մարությանը ծնվել է 1953 թ.-ին Հյուսիսային Կովկասում:

Հայաստան է տեղափոխվել 1969 թ.-ին, 1975-ին ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:

1993 թ.-ին աշխատել է Հայաստանի Ժողարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնում:

1995 թ.-ից մինչ օրս ապրում է Միացյալ Նահանգներում:

Related posts

2 Thoughts to “Խաղաղ օվկիանոսի ափից գրում է արվեստագետ Ալեքսանդր Մարությանը”

  1. schap.media

    Voxjuyn,
    neroxutyun Ays artisti FB/contact kareli e?

Leave a Comment